Ողջամիտ գյումրեցին իր քաղաքային իշխանությունների արժեզրկման սցենարը հալած յուղի տեղ չընդունեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գյումրեցու աչքում բարձրացավ: Սույն սցենարի հեղինակները Գյումրին լավ չգիտեն:
Մենք իշխանահաճո ենք, քաղաքականացված չենք, կաշառատու ենք, վատն ենք, լավն ենք, հյուրասեր ենք, կեղծավոր ենք՝ մենք ենք, եւ մեր այս տեսակը՝ թող որ անազնիվ ու ոչ ժողովրդավար ճանապարհով, ընտրել է իրեն արժանի քաղաքային իշխանություն՝ Բալասանյան դաշինքին: Էն ժամանակ գայիք` չթողնեիք, գայիք` ասեիք․ իրենք ձեզ թալանել են, այն ժամանակ էլ գիտեիք 24 միավոր ապօրինի զավթած գույքի մասին: Ավելին՝ 18-ի կապտա-կարմրավուն հեղափոխությունից դեռ շատ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ շատ լավ գիտեր այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ախորժակի մասին, առավել լավ սկսեց տիրապետել իրողություններին իշխանավոր դառնալուց հետո: Այսօր, երբ ինքն ու իր թիմը սրընթաց գահավիժում են, աջ ու ձախ փրկօղակներ են նետում: Ձախն էլ մենք ենք:
Ցուցադրական այս գործողությունները մի քանի օրից մարելու են, գնան` հաշտություն, վաղեմություն, նվիրատվություն… վեց տարի է՝ ականատես ենք նման բեմադրությունների:
Ցնցումների մեջ էլի հայտնվելու է խեղճուկրակ ժողովուրդը, չստանալով ոչինչ, փոխարենը փորձ է անելու՝ հարմարվել նոր եկող սոված ոհմակին:
2003 թվականի սեպտեմբերից 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կայացված ավագանու որոշումները, որոնք վերաբերում են պետական (համայնքային) հարցերին, շուրջ 7 տարի գտնվում էին Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նո՞ր հասկացան, որ Բալասանյանը համայնքային սեփականություն է յուրացրել:
Հռետորական հարցեր.
Ինչո՞ւ հիմա, եւ ի՞նչ է ասում ժողովուրդը:
ա) Խո պարբաշու թաշկինակ չէ՞ էս քաղաքը, օր սաղ գուզեն փախցնեն:
բ) Ընտրություններով չկրցավ քաղաքն առնի, ըսպես կառնի:
գ) Վախտըմ կանցնի, իրար մեջ կուդան-կառնին, ու վերջ:
դ) Ըբը տղուն դեսպան կուտա՜ր, ի՞նչ սեւ կատու անցավ մեջները։
ե) Ամիսըմ առաջ Բալասանյանն ըստեղ էր, ընչի՞ թողին էրթար, օր հըմի էլ ռոզիսկ կուդան:
ՀԳ. Նիկոլ Փաշինյանի հաշվարկային խումբը Գյումրու հարցում էլի սխալվեց. այս ամբողջ պատմությունը ՔՊ-ին առավելագույնը կբերի 0,5% ձայն, այն պարզ տրամաբանությամբ, որ Գյումրիում հիմնական ընտրազանգվածը բաժանված է երեք հայտնի ուժերի միջեւ, որի գերակշիռ մասը «Բալասանյան դաշինք»-ինն է: Պատկերացրեք, եթե այս երեք պահպանողական-ավանդապաշտ ուժերը միավորվում են 0,5%-անոց ՔՊ-ի դեմ: Արդյունքում քաղաքը վերցնել ՔՊ-ին էլի չի հաջողվի:
Սամվել Բալասանյանն իրեն հատուկ ճկունությամբ միշտ դիմագրավել է եկվորներին: Կհանձնի՞ քաղաքը, թե՞ չէ կամ ինչի՞ դիմաց կհանձնի:
Հասմիկ Մելքոնյան; Գյումրի
Բաց մի թողեք
Ադրբեջանի պետական կառավարման համակարգից հարյուրավոր գյուլենականներ են հեռացվել
Նարիշկինի «կոնտորայի» անունից Թրամփին փորձում են հակադարձել
Ի՞նչ կտա Թրամփի «վերջնագիրը», եթե այն, լուրջ է, իսկ Պուտինը նահանջել չի կարող