01/08/2025

Երդվում եմ՝ մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբիշվիլին միացել է հանրահավաքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ հասարակությունը բողոքում է ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։

Ինչպես հայտնել է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը, Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու:

«Ահա այն դրոշը, որով Վրաստանը նորագույն դարաշրջանում առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն։ Սա այն դրոշն է, որի շարունակությունը մեր ներկայիս դրոշն է, և երկու դրոշների առաջ կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու մինչև այս եվրոպական ճանապարհի ավարտը և մինչև հասնենք Եվրոպայի դռան առաջ, որը մեր իրական երազանքն է։

Մենք այլընտրանք չունենք, և մենք այլ բան չեն ուզում թողնել հաջորդ սերունդներին՝ անկախությունից, ազատությունից, եվրոպականությունից և վրացական ինքնությունից բացի, որը մեզանից անբաժան է և անչափ թանկ է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:

Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում է ընդդիմության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը: Մեծ թվով ցուցարարների առկայության պատճառով երթևեկությունը սահմանափակվել է:

Ինչպես հայտնել է «Ալիք Մեդիա Վրաստան»-ը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են գործողությունների ծրագիրը։

«Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլև ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։

Մենք չենք պատրաստվում գնալ որեւէ բանակցության, չենք պատրաստվում որևէ երկխոսություն վարել։ Միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կանցկացվեն միջազգային վարչակազմի կողմից»,- հայտարարել է ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:

Հիշեցնենք ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը: