Ես ունեմ տպավորություն, որ Հայաստանի հանրության մեծամասնության մոտ կա տպավորություն, թե Հայաստանում առկա է մեծ ծավալի կոռուպցիա:
Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որն այն արտահայտել է նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտե կատարած այցի ընթացքում՝ այդ կառույցի ստեղծման հերթական տարեդարձի առիթով:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մի կողմից առաջադրանք է Հակակոռուպցիոն կոմիտեին, թեև, ըստ օրենսդրոության, այդ կառույցն անկախ կառույց է և չի կարող ենթակա լինել վարչապետի առաջադրանքներին, մյուս կողմից Փաշինյանի հայտարարությունն ակնառու զգուշացում կամ նախազգուշացում է յուրայիններին: Ի՞նչ է նշանակում Հայաստանում առկա մեծածավալ կոռուպցիայի տպավորություն:
Դա նշանակում է, որ կոմիտեն պետք է ձեռնարկի քայլեր, որոնց արդյունքում կլինեն այսպես ասած կոռուպիոն բացահայտումներ և մեծածավալ կոռուպցիայի մասին «տպավորությունը» հանրության մոտ կվերափոխվի կոռուպցիայի դեմ մեծածավալ պայքարի մասին «տպավորության»: Սա, իհարկե, նախընտրական տրամաբանությամբ «առաջադրանք» է:
Միևնույն ժամանակ, եթե կարող է լինել մեծ ծավալի կոտուպցիա, ապա այն չի կարող լինել առանց պետական կառավարման համակարգի բարձրաստիճան հովանու և ներգրավվածության:
Սա աքսիոմ է: Եթե կոռուպցիան չունի բարձրաստիճան հովանավորներ, ապա այն, իհարկե, կունենա գոյություն, բայց ծածուկ, ոչ մեծ ծավալներով, ոչ աղաղակող դրսևորումներով:
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր հայտարարությամբ զգուշացնում կամ նախազգուշացնում է իր իշխանության բարձրաստիճան տեղերում գտնվող տարբեր անձանց, որ հակակոռուպցիոն պայքարը, հասարակության մոտ մեծածավալ կոռուպցիայի առկայության տպավորությունը մասշտաբային պայքարի տրամաբանությամբ փոխարինելու գործողությունը կարող է «շոշափել» նրանց տիրույթները:
Այդ կերպ, Փաշինյանը թերևս քաշում է իր թիմի որոշակի խմբերի կամ թևերի, որոշակի բարձրաստիճան ֆիգուրների սանձերը՝ հնարավոր ներքաղաքական ինտենսիվ փուլին ընդառաջ, հատկապես այն պայմաններում, երբ կառավարող մեծամասնությունը գտնվում է ներիշխանական խմորումների ինտերսիվ փուլում:
Փաշինյանի համար այդ խմորումները մի կողմից օգտակար են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, մյուս կողմից, իհարկե, կարևոր է բաց չթողնել դրանց թելը, ինչի համար Փաշինյանն ակնհայտորեն մտադիր է օգտագործել հակակոռուպցիոն գործիքը:
Բաց մի թողեք
Ի՞նչ շրջանակ է ունենալու Արևելյան գործընկերության ծրագիրը
Քաղաքական ցուգցվանգ
Ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Հունգարիան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցում