Խորհրդարանում շարունակում է քննարկվել ՀՀ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը:
Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ բյուջետային հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել են ուժային թևի բոլոր կառույցներին առնչվող բյուջետային հատկացումները և ծրագրային բյուջետավորման դրույթները:
Քոչարյանը կանգ առավ քննարկումների մասի գաղտնի քննարկումների վրա՝ առանց որևէ փաստացի տվյալ ներկայացնելու, հայտնեց, որ դրանց մասնակցել են թե՛ իշխանական պատգամավորները, թե՛ ընդդիմադիրները՝ նշելով՝ ՆԳ նախարարության մասով հատկապես մտահոգիչ համարվող թեմաներից են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, սպանությունների դեմ պայքարի, դրանց կանխարգելման հարցերը:
Նրա խոսքով՝ քննարկվել է մահվան ելքով ՃՏՊ-ների հարցը: Նրա խոսքով՝ անցնող ժամանակահատվածում զոհերի թիվը կազմել է 378, ինչը Քոչարյանը «չափազանց մտահոգիչ» որակեց ներկա իրողությունների պայմաններում:
«Որպես նշված դեպքերի նպաստող պայմաններ՝ հատկանշվեցին մի շարք տրանսպորտային միջոցների դեռևս մգացված ապակիների առկայությունը, երեխաների համար նախատեսված քարսիթների բացակայության հանգամանքը, իսկ շատ դեպքերում՝ նաև անչափահասների կողմից տրանսպորտային միջոցների առջևի նստատեղում անթույլատրելիորեն նստած լինելու հանգամանքը»,- հայտնեց Անդրանիկ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ կանգ են առել քարսիթների խնդրի վրա:
«Առաջարկը մեր գործընկեր Սոնա Ղազարյանինն է»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ երբ խոսք է եղել վիճակագրության մասին, հնչել է հարց, թե 2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս քարսիթների չկրման հետևանքով 1-ից մինչև 10 տարեկան քանի երեխա է մահացել, պարզվել է՝ մահվան նման 10 դեպք է գրանցվել:
Քոչարյանը «շատ մտահոգիչ» համարեց այն նույնիսկ 1 դեպքի պարագայում:
«Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ թերևս ավելորդ չի համարվի նաև, որպեսզի ՆԳՆ պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակի կապակցությամբ լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ անցած ժամանակաշրջանում թվով 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար: Սա շատ մտահոգիչ թիվ է»,- հավելեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ ուժային բոլոր կառույցներն ասում են՝ ծառայության անցնելուց առաջ անալիզներ են հանձնում, բայց «այսպիսի թվերի ենք առերեսվում»:
«Դրա մասին խոսվել էր նաև նախկինում»,- ասաց Քոչարյանը:
Բաց մի թողեք
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար