Թերևս կհամաձայնեք, որ ՀՀ քաղաքական դաշտում օրակարգ թելադրողը եղել է և շարունակում է լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի՝ նույնիսկ մեկ շաբաթից ավել գոյություն չունեցող «թրաշը» շարունակում է շարժել ընդդիմադիր շրջանակների վերլուծական միտքը։
Եթե վաղը կամ եկող հանգստյան օրերին Փաշինյանը որոշի իր արտաքինի վրա մեկ այլ նորամուծություն անել, ասենք՝ «պիրսինգ», կամ էլ որոշի երկարացնել ձախ ձեռքի ճկույթի եղունգը, կամ, ասենք, հեծանիվ վարելու փոխարեն որոշի այսուհետ ձիավարել, քաղաքական դաշտի ընդդիմադիր դերակատարները, թողած իրենց հիմնական բանն ու գործը, դարդն ու ցավը, դեմքի լուրջ արտահայտությամբ ու ամենակարևորը՝ կոնսպիրացիայի ժանրի կանոններով վերլուծություններ են անելու նաև այդ հարցերի վերաբերյալ։
«Թրաշի» թեման, ինչպես ասում են, «կտրելու» եկավ շաբաթվա սկզբին տեղի ունեցած հրաժարականների ու նոր նշանակումների թեման, և նորից ընդդիմությունն է, որ առանձնակի ժրաջանությամբ ծամծմում է այդ թեման՝ քաշելով «Նիկոլի ժերտվաների» դարդը։ Այն դեպքում, երբ պետք է սեփական «դարդի» վրա կենտրոնանար, այն է՝ ինչ անել, ինչպես անել, է՞լ ում «ժերտվա» տալ (եկեղեցու սպասավորն այլևս սպառել է իրեն և մատնվել հարկադիր պարապուրդի), որ հնարավոր լինի հեռացնել քաղաքական դաշտում օրակարգ թելադրող թիվ մեկ պերսոնին՝ Փաշինյանին։
Խնդիրն այն է, որ կադրային փոփոխությունները, որոնք միտված են պետական ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, բնավ ձեռնտու չեն ընդդիմությանը, քանի որ կարգին աշխատող, ուժեղ պետական ապարատը նվազեցնում է նույն այդ ընդդիմության կողմից թիրախավորվելու ու քննադատվելու ռիսկերը։ Օրինակ, երբ երկրում հանցավորության մակարդակը նվազի, քան կա, մաքսային վերահսկողությունը այն աստիճան պրոֆեսիոնալ ու աչալուրջ լինի, որ երկրից փախած նախկին որևէ բարձրաստիճան պաշտոնյայի բանանի պահեստում չհայտնաբերվի թմրանյութի խոշոր խմբաքանակ, ավտոմատ կերպով կնվազի նաև ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթների թիվն այս և այլ թեմաներով։
Ուժային կառույցներում, տարածքային կառավարման, ենթակառուցվածքների ոլորտում, դատաիրավական համակարգում և կառավարման բոլոր մակարդակներում տեղի ունենալիք բարեփոխումներն ու աշխատանքի դրական արդյունքները, բնականաբար, կզրկեն ընդդիմությանը «հացի փշրանքներից», ուստի վերջինիս ձեռնտու են վատ աշխատող ու իրեն «հացով» ապահովող, իշխանափոխությանը «միս ու արյուն» տվող համակարգեր ու պաշտոնյաներ։
Հետևապես, ի՞նչ պետք է անել նման պարագայում․ այո՛, դիմել քարոզչական գրոհի, արժեզրկել ու խեղաթյուրել բարեփոխիչ նպատակներով արվող ցանկացած քայլ ու որոշում՝ կադրային փոխատեղում կամ նշանակում, մասնավորապես աղաղակել, որ Փաշինյանն իր անձնական ձախողումները բարդում է իր նշանակած պաշտոնյաների վրա, և որ՝ կադրերը մեղավոր չեն, ոչինչ չեն որոշում, ամեն ինչ մեկ անձի կամքից ու «կապրիզից» է կախված, ուստի նա՛ է ամեն ինչի պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը։
Ի դեպ, ընդդիմադիր ճամբարի որոշ կարկառուններ կադրային փոխությունների հարցը քննարկելիս չեն զլանում առանձնակի հրճվանքով շեշտել՝ «թիմը ճաք է տալիս»։ Ենթադրաբար նրանց այդ հրճվանքի պատճառն այն հաշվարկն է, որ «ճաքերն» ու «սողանցքները» օգտագրծելով կարող են հասնել «բուրգի» փլուզմանն ու իրենց փափագի իրագործմանը՝ իշխանազավթում։ Այլ ռեսուրս ու գործիքակազմ ընդդիմությունը, ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, չունի։ և բացի այս, ընդդիմադիր ճամբարում ենթադրում են, որ կառավարող թիմից հեռացած նախկին պաշտոնյաները ավտոմատ կերպով կհամալրեն իրենց՝ «իշխանափոխականների» շարքերն ու կդառնան արթուրվանեցյաններ, դավիթանանյաններ, արաայվազյաններ, արթուրդավթյաններ, վալերիյօսիպյաններ և այսպես շարունակ, որոնք, ինչպես հայտնի է, տարբեր շրջաններում լքելով «հեղափոխական նավը» ընդդիմադիրի պատմուճան հագան ու սկսեցին պահանջել իրենց պաշտոնի նշանակածի հրաժարականը։ Իսկ թե ինչ «փառքի» ու «պատվի» արժանացան այդ գրծիչները իրենց այդ որոշման համար, հիշեցնելու կարիք, կարծում ենք, չկա։ Նույն «փառքն ու պատիվը» մեծ հավանականությամբ վիճակվելու է նաև պաշտոնանկ արված այն գործիչներին, որոնք աչք կտան «հայրենիքի փրկության», ապա՝ «դիմադրության», հետո էլ՝ «սրբազան» շարժմանն աջակցած վերոհիշյալ պաշտոնյաներին։
Ինչ վերաբերում է «ճաքերի» մասին ընդդիմության դիտարկմանը, ապա տարօրինակ է, որ այդ թեման արծարծում են արդեն իսկ «ճաք» տված քաղաքական սուբյեկտները։ Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» անունով դաշինքներ այլևս գոյություն չունեն, դրանք «ճաք» տվեցին ու փլուզվեցին 2022-ի անփառունակ շարժումից հետո։ Արթուր Վանեցյանը՝ ՊՈՒ դաշինքի ղեկավարը, վայր դրեց մանդատն ու շարքային քաղգործչի կարգավիճակում է մինչև այժմ հաղթահարում խայտառակությունը, «Հայաստան» դաշինքին մաս կազմած՝ Սյունիքի նախկին մարզպետ, նախկին ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան»-ն էլ նույն՝ 2022-ին լքեց դաշինքն ու վայր դրեց մի քանի մանդատ։
Արդ, կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ, թե՞ փլուզված։ Եթե ամեն ինչ կարգին լիներ, ապա իշխանական բուրգի ապամոնտաժումը օրերի հարց կլիներ, առանց սպասելու երևակայական ճաքերի կամ փլուզումների առաջացմանը։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Զավթել իշխանությունը՝ դրանից բխող «միութենական» հետեւանքներով
Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով, Ալիկ Սարգսյանին Վովա Գասպարյանով փոխարինելով՝ Սերժ Սարգսյանը շոո՞ւ էր անում, թե՞ ․․․