Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն:
Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:
«ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը:
Հավելենք, որ համաձայն «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Շեքսպիրի Համլետը՝ Գր․ Խաչատրյանի բեմադրմամբ ու Լիդիա Գրիգորյանի խաղով․ Լուսանկարներ
Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է՝ սիրելով, հիշելով, երբեմն էլ մի քիչ տխուր ժպտալով
Բեռլինալեի ճգնաժամ. «Ոսկե արջի» դափնեկիր Իլքեր Չաթաքը զգուշացնում է Գերմանիայի կառավարության հնարավոր «գրաքննության» մասին