23/12/2024

Գուցե այսքան ժամանակ շպիոն է աշխատել ՌԴ հատուկ ուժերի համար, ով գիտե․ Տաթև Ղարագյոզյան

Լրագրող, խմբագիր Տաթև Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ինչ է ստացվում, բա որ ասում էի ՔՊ-ն ռսալեզ ա, չէիք հավատում։

Պարզվում ա, ՔՊ-ական առայժմ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հրաժարական տալ – չտալուն խառնվում է Ռուսաստանը՝ իր ընկերը ՌԴ-ից զանգել, ասել ա, սպասի գամ, հրաժարական չտաս, ով ավելի կարևոր է քան ուսապարկերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ասածը։

Աչքիս Հովիկ Աղազարյանի գլուխը ցավում ա ու հայտնվելու ա ճաղերի հետևում։

Գուցե այսքան ժամանակ շպիոն է աշխատել ՌԴ հատուկ ուժերի համար, ով գիտե։ Եթե երկրում իրավապահ ու անվտանգության մարմիններ կան, թող զբաղվեն, ես ընդամենը կարծիք եմ հայտնում։ Իսկ այդպիսի երկկերպար, երկկենցաղ կերպարներ էլի կան ԱԺ ՔՊ-ում։

***

Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը դեռևս վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել։ «Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աղազարյանը։

Նա նշել է, որ այդ ընկերը հեղինակություն է, անգամ՝ Նիկոլ Փաշինյանից առավել:

«Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշումը»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջինս վաղը կտեղեկացնի իրեն՝ երբ է գալու, որից հետո կլինի հանդիպումն ու ինքը որոշում կկայացնի:

Բացի այդ, ըստ Աղազարյանի, ինքը դեռ պետք է խորհրդակցի նաև որդիների, կնոջ, ընկերների հետ:

«Վարչապետի համար չկա որևէ պայմանականություն, որևէ հեղինակություն, ինքնն իր ուսերին վերցրել է ծանր բեռ, ինքը պետք է ճիշտ որոշումներ կայացնի  ու իր համար չկա ոչ Աղազարյան Հովիկ, ոչ Ալեն Սիմոնյան: Օրենք, Սահմանադրություն, կուսակցական կարգապահություն, այս սկզբունքով է շարժվում»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով լրագրողների հարցը, թե սպասելի՞ էր, որ վարչապետը կարող է խնդրել իրենից դնել մանդատը:

Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ-ում նախկինում էլ քանիցս հնչել է «արա» բառը, բայց նման ընթացք չի եղել, Աղազարյանը պատասխանեց, որ «արա» բառն այդքան էլ հետևանք չի ունեցել, խնդիրն այլ է.

«Շատ իմ թիմակիցներ հիմա էլ կարծում են, որ ես էդ ամեն ինչն արել եմ իմ տղայի մասնակցությամբ ընկերության դեմ քրեական վարույթի վրա ճնշումների համար: Իմ տղայի մասնակցությամբ ընկերությունը բոլոր գումարները ստացել է, դա ՊԵԿ-ում ինքնաշխատ համակարգ է, ֆինանսական ոչ մի պարտք չկա, ոչ մի մեքենա կալանքի տակ չի, մի մեքենա է եղել, որի նկտմամբ արգելափակում է եղել, 4 օր հետո տղաս իր մեքենան է վաճառել, էդ մեքենան մինչև հիմա բարեհաջող վարում է, խնդիրներ չեն առաջացել»,- ասել է Աղազարյանը:

Անդրադառնալով հարցին, թե երբ է , ի վերջո, հրապարակելու մանդատի վերաբերյալ իր որոշումը, Աղազարյանը պատասխանել է, թե դա այդքան էլ հեշտ գործ չէ, պետք է խորհրդակցի ընկերոջ հետ, տղաների, կնոջ հետ. «Կարծում եք՝ հե՞շտ բան ա»,- եզրափակեց Աղազարյանը:

Լրագրողները նաև նշեցին, թե տեղեկություններ կան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր  նկատմամբ ճնշումների, սպառնալիքների մասին: Այս հարցին Աղազարյանը պատասխանեց.

«Ես կուզեի Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին ու ոնց խոսեց: Ուր էր թե վիրավորանք աներ, պատասխանը ստանար, ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»: