Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում հայտարարել է, թե իրենք ամեն ջանք կգործադրեն, որպեսզի «Հայաստանին մոտեցնենք և ներգրավվենք Եվրապական ընտանիք»:
«Շատ կարևոր հանգամանք կա, ավելի շուտ՝ նորացման ընթացակարգ կա. մենք ուզում ենք վերականգնել արևելյան գործընկերության ֆորմատը: Իհարկե, այն մի փոքր կփոխվի: Դա ապագայի հարց է, բայց մենք ուզում ենք այդ քննարկումները սկսել և ուզում ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասաց Լեհաստանի նախագահը:
Նրա խոսքով. «Եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի, ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»:
Անջեյ Դուդան հայտնել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում լեհական կողմի ներգրավվածության ավելացման ցանկության մասին․ «Ես պարոն նախագահին հարցրի, թե արդյոք տեսնո՞ւմ է հնարավորություններ ավելի լայն ընդգրկվածության, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ոլորտում լեհական կողմի ներգրավվածության համար: Այդ թեմայի շուրջ ես խոսել եմ նաև նախագահ Ալիևի հետ COP29 կլիմայական վեհաժողովի ընթացքում»,-ասել է Անջեյ Դուդան:
«Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմաններում. այդ խաղաղությունը նաև շատ կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար»,- նշել է Լեհաստանի նախագահը:
Ցանկություն կա Եվրամիության հետ քննարկելու անվտանգության հարցեր։ Այդ մասին Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալեվ հարցին, թե ինչպես է ՀՀ-ն ցանկանում օգտվել ԵՄ խորհրդում 2025 թվականին Լեհաստանի նախագահությունից:
Խաչատուրյանի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցության առումով յուրահատուկ էր 2024 թվականը, որովհետև մենք 2 ծրագրերով արդեն սկսել ենք համատեղ աշխատել․ «Խոսքը վերաբերում է «Խաղաղության գործիք» և մուտքի ազատականացման ծրագրերին, որով արդեն սկսել ենք մեր համագործակցությունը»։
«Մենք Եվրամիության հետ աշխատանքներում միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում: Սա պայմանավորվում է նաև նրանով, որ իրականում լեհական կողմն ավելի տեղեկացված է և ավելի լավ պատկերացում ունի հայաստանյան իրավիճակից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք երկար տարիներ միասին եղել ենք սոցիալիստական այդ համակարգի մաս»,- ասաց ՀՀ նախագահը:
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ