Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։
Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Ինչպես հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ․ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, որոնք ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս բարձրաձայնել «ընտանեկան բռնություն» երևույթի հետևանքով առաջացած մարտահրավերների ու խնդիրների մասին, ինչպես նաև փնտրելու ու գտնելու վերջիններիս լուծմանը միտված արդյունավետ տարբերակներ։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային շարժման ակտիվ մասնակից, շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ ամրապնդելու այն քաղաքականություններն ու գործիքակազմերը, որոնք ուղղված են բռնության կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանն ու աջակցությանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացմանը։
«Այս տարի 16-օրյակի խորհրդանշական նշանաբանը`«Միավորվել՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը», հիշեցնում է, որ ոչ ոք չպետք է լռի բռնության առջև: Դա մեզանից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է՝ անկախ հասարակության մեջ մեր ունեցած դիրքից։ Այս պայքարում հաջողության հասնելու համար մեզ կօգնի ոչ միայն ամուր օրենսդրական դաշտը, այլ նաև բոլոր գործընկերների աջակցությունը, խնդրի վերաբերյալ հետևողական վերաբերմունքն ու փոխգործակցությունը՝ մենք ավելի մոտ կլինենք բռնությունից զերծ հասարակություն ունենալու մեր նպատակին»,-նշել է նախարարը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող աջակցության կենտրոնների և ապաստարանի ծառայությունները։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են Ընտանեկան բռնության օրենքի պատշաճ կիրարկման համար առկա կարիքներին ու անհրաժեշտ քայլերին, օրենքի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով առաջիկա տարիների քաղաքականությունների առաջնահերթություններին և այլն։ Ցուցադրվել են նաև ընտանեկան բռնությունը հաղթահարած կանանց պատմություններ։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
Բաց մի թողեք
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Ողբերգական դեպք՝ Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին