23/12/2024

Նա էլ կառաջադրվի Գյումրու քաղաքապետի թեկնածու, ով է իրականում

ԱԺ-ում ՔՊ ուսապարկ պատգամավորներից Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցումներին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:

«Սիրելի՛ Գյումրեցիներ, քանի որ շատ եք հարցնում, թե վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը՝ չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։

Իմ՝ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»,- գրել է նա:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ:

Հ․Գ․ Խմբագրության կողմից․ Այս պատգամավորին ժամանակին մենք լայնորեն լուսաբանում էինք, սակայն Գյումրիում անցած քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, մեսսինջերով մի հեռախոսահամար խնդրեցինք, որի արդյունքում նա ցույց տվեց իր իրական դեմքն ու «կուլ տվեց լեզուն»։