23/12/2024

Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր հանդիսանալու 30 – ամյակներին նվիրված համերգ կանցկացվի։

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 19:00 Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տանը։

Ելույթ կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան): Մենակատարներ՝ Սեդրակ Երկանյան, Լուսինե Մարկոսյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան, Արտակ Ասատրյան, Հասմիկ Հարությունյան, Թերեզա Ոսկանյան:

Ծրագրում` Յ.Ս. Բախ, Ֆ.Շուբերտ, Յ.Բրամս, Ա.Սկրյաբին և այլ կոմպոզիտորների գործեր։

Սեդրակ Երկանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի), 1954թ.: Նախնական կրթությունը ստացել է Լենինականի միջնակարգ երաժշտական դպրոցում: Ապա սովորել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: 1973—1978 թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1978- 2000 թթ․ եղել է Հայաստանի Ակադեմիական երգչախմբի դաշնակահար- կոնցերմայստեր: 1990—1992 թթ․ սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (Չեքիջյանի դասարան):

1994 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը:

Հյուրախաղերով հանդես է եկել հետևյալ երկրներում․ Մեծ Բրիտանիա /1989, 1995/, Ֆրանսիա /1986, 1995, 2001 /, ԱՄՆ/1987/ ԽՍՀՄ /1975-1990/, Սիրիա /1992, 1993, 1994, 2002/, Լիբանան /1992,1993, 1999/, Հունաստան /1990, 2002/, Կիպրոս /2002/ և Սերբիա/2003/: