Պուտինն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի թեմային: Ըստ Պուտինի՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի հարցում խնդիր են տեսնում այն, որ չի միջամտել Արցախում:
Պուտինը շարունակել է, որ Արցախը, սակայն, իրավաբանորեն Հայաստանի տարածք չէ, իսկ ՀԱՊԿ պատասխանատու է Հայաստանի տարածքի հանդեպ գրոհի դեպքում: ՌԴ նախագահը, կարծես թե, փոքր-ինչ շփոթում է: Այն, ինչ նա կրկնել է Արցախի իրավական առնչությունների առումով, դա, իհարկե, առանձին հարց է: Տվյալ պարագայում խոսենք ՀԱՊԿ վերաբերյալ:
Հայաստանում ՀԱՊԿ հանդեպ հարցերն առաջացել են ոչ թե 44-օրյա պատերազմի, այլ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական գրոհից հետո: ՌԴ նախագահի համար Ջերմուկը Հայաստանի տարա՞ծք է, թե՞ ոչ:
Սակայն այստեղ էլ թերևս պատկերը առավել ընդգրկուն դարձնելու համար հիշենք, որ ՀԱՊԿ որևէ կերպ էական արձագանք չի տվել այն ժամանակ, երբ 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, ըստ էության, հրթիռակոծում էր մինչև անգամ անմիջական սահմանից հեռու Նոյեմբերյան քաղաքը, որտեղ ունեցանք քաղաքացիական զոհ:
Հենց դրանից հետո էր նաև, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում, դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին, նախատինքով հայտարարեց, որ անգամ հեռախոսը չեն վերցնում և զանգահարեն՝ իրավիճակի մասին իրազեկվելու համար:
Չեն վերցրել ու չեն վերցնելու, այստեղ չկա որևէ նոր բան, առնվազն իմ և նաև այն մարդկանց համար, որոնք դեռևս տասնամյակ առաջ էին խոսում, որ ՀԱՊԿ Հայաստանի՝ Ադրբեջանից պաշտպանության մեխանիզմ չէ և այդ առնչությամբ պետք չեն պատրանքներ:
ՀԱՊԿ ընդամենը հայ-ռուսական հարաբերության կառուցվածքի մի դետալ է, իհարկե, ոչ առանցքային, բայց նաև ոչ երկրորդական, որը ենթակա է հայ-ռուսական հարաբերության ռազմավարական տրանսֆորմացիային, ինչը տեղի է ունենում պատմական այս շրջափուլում:
Հետևաբար, Հայաստան-ՀԱՊԿ թեման ունի թերևս երկու շերտ: Մեկն առերևույթ մեդիաքարոզչական շերտն է, որտեղ յուրաքանչյուր կողմ ստեղծում և սպառման է հանում իր համար ցանկալի «արտադրանք», և մյուսը ավելի խորքային համատեքստը, որը, թերևս, բավականին քիչ կապ ունի մակերեսում սպառվողի հետ: Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը դադար է վերցրել, սակայն հավանության է արժանացրել ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդունած փաստաթղթերը:
ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի «կենտրոնական բովանդակությունը» վերաբերում է Կենտրոնական Ասիային, ինչի կարևորության մասին խոսում է այն, որ գագաթնաժողովից զատ՝ Պուտինը պետական այց է կատարել Ղազախստան՝ ռեգիոնի առանցքային երկիր և այնտեղ ստորագրվել է ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ, իսկ ՌԴ ԱԽ քարտուղար, ՊՆ նախկին նախարար Շոյգուն գագաթնաժողովից առաջ մեկնել է Աֆղանստան և բանակցել թալիբների հետ:
Հարկ է նկատել, որ Մոսկվան ՀԱՊԿ գագաթնաժողովի և վերը նշածս երկու մյուս իրադարձությունների միջոցով փորձում է ցեմենտել դիրքերը Կենտրոնական Ասիայում, այսպես ասած՝ զբաղվել քաղաքական ինժեներական կառույցների ստեղմամբ՝ այդ կերպ փորձելով կառավարելի դարձնել ռազմաքաղաքական միջավայրը:
Հայաստանի համար կլինի թերևս անխոհեմ քայլ՝ խոչընդոտել այդ գործընթացին, որովհետև Կենտրոնական Ասիայի կայունությունը, ըստ էության իր համալիր ազդեցությունն ունի նաև դեպի Կասպից և Կովկաս, ու այստեղ հատկանշական է և այն, որ այդ ամենին զուգահեռ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն էլ Չինաստանում է քննարկել Կովկասի իրավիճակը՝ Չինաստանի ԱԳ նախարարի օգնականի հետ:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի