23/12/2024

Երկրորդ ճակատ․ Պուտինը «կխրվի սիրիական ճահճում», իսկ Ուկրաինայի հարցով բանակցային դիրքեր կզիջի

Վերջին մեկուկես ամսում Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը երեք հայտարարություն է տարածել: Երկուսը` Վրաստանում «գունավոր հեղափոխության և իշխանազավթման վտանգի» մասին, մեկը՝ Միացյալ Նահանգների կողմից «Հայաստանը լիովին ենթարկեցնելու ծրագրի»:

Փաստացի այդ կանխատեսումների հավաստիությունը զրոյական է: Վրաստանում «զինված խմբավորումները պետական հաստատություններ» չեն գրոհել, իշխանազավթման փորձ անգամ չի ձեռնարկվել: Վրացական ընդդիմությունը գործում է բացառապես օրենքի շրջանակներում: Հայաստանում Միացյալ Նահանգների միջամտության որևէ արտառոց դրսեւորում չի դիտարկվում:

Իսկ Ռուսաստանը նոյեմբերի 27-ին երկրորդ ճակատ ստացավ Սիրիայում: Ընդ որում, Թուրքիայում ոչ ոք չի թաքցնում, որ Հալեպը գրոհող և արդեն իսկ ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք վերահսկող «ընդդիմության» զինառյալները գերազանցապես թուրքոմաններ են, որ գերագույն գլխավոր հրամանատար են ճանաչում Ռուսաստանի նախագահի «թանկագին բարեկամ» Ռեջեպ Թայիփ Էրդողանին:

«Ասադը, ինչպես 2015 թվականին, բախում է Մոսկվայի դռները և օգնություն աղերսում»՝ գրում է turkgazetasi-ն և ավելացնում, որ թուրքոման «ապստամբների» դիրքերն «ռմբակոծում են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը»:

Սիրիայում Ռուսաստանի դեմ Թուրքիան երկրորդ ճակատ է բացել նույն օրը, երբ Աստանայում Վլադիմիր Պուտինը փառաբանել է «Օրեշնիկ» հրթիռը և սպառնացել, որ անհրաժեշտության դեպքում հարվածներ կհասցվեն Կիևում որոշում ընդունող կետերին: Ընդսմին նա Ուկրաինայի նախագահին անվանել է «ոչ լեգիտիմ»: Դա պարզ ակնարկ է, որ եթե Զելենսկին հրթիռային հարվածի զոհ դառնա, ապա Ռուսաստանին ոչ ոք «չի կարող երկրի նախագահի սպանության մեղադրանք ներկայացնել»:

Թուրքական մամուլը Բաշար Ասադին անվանում է «բռնապետ» և Հալեպի շուրջ ռազմական գործողությունները հիմնավորում նրանով, որ միլիոնավոր սիրիացիներ փափագում են վերադառնալ հայրենիք, բայց այն դեպքում, երբ Ասադի «ռեժիմը կտապալվի»:

Այս քարոզչությունն Ուկրաինան «նեոնացիզմից ազատագրելու» պուտինյան դոկտրինայի հայելային պատասխանն է: Մեկուկես տարի է՝ Թուրքիայում սպասում են Պուտինի այցին, ակնկալում, որ նա Ասադի նկատմամբ ազդեցությունը կօգտագործի, որպեսզի վերջինս Էրդողանի հետ բանակցություններ սկսի:

Վերջին անգամ Թուրքիայի նախագահն Ասադի հետ բանակցությունների հույս հայտնել է Մեծ քսանյակի գագաթաժողովից հետո: Իսրայելալիբանանյան հրադադարի համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, Էրդողանին դրդել է ոտքի կանգնեցեն տարածաշրջանի թուրքոմաններին և հասկացնել, որ առանց Անկարայի մասնակցության որևէ համաձայնություն Մերձավոր Արևելքում չի աշխատի:

Հալեպի «ռազմաճակատից» ստացված վերջին տեղեկություններով՝ «ապստամբական ուժերը մտել են քաղաքի արվարձաններ»: Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Հալեպի բնակչությունը «նրանց դիմավորում է ցնծությամբ»: Այստեղ, անկասկած, չափազանցություն կա: Բայց եթե Հալեպն ու շրջակայքը անցնեն թուրքոմաններին, փաստացի Թուրքիայի հսկողության տակ, ապա Վլադիմիր Պուտինն ի՞նչ որոշում է կայացնելու:

Արտոնելու է, որ Ասադը Թուրքիայի նախագահի հետ բանակցություննե՞ր սկսի: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Սիրիան խառնակելուց հետո Էրդողանը կցանկանա հանդիպել Ասադին կամ բանակցությունների ի՞նչ իմաստ կա, եթե Բաշար Ասադին լեգիտիմ չի ճանաչում անգամ Արաբական լիգայի անդամ երկրների մեծ մասը:

Ուկրաինական պատերազմը հասել է կուլմինացիայի: Այս իրավիճակում Պուտինը հանուն Ասադի Սիրիայում ռազմական գործողությունների մեջ կմտնի՞: Եթե ոչ, ապա Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ծանր կորուստներ կունենա, գուցե անվերականգնելի:

Իսկ եթե Պուտինը «խրվի սիրիական ճահճում», Ուկրաինայի հարցով բանակցային դիրքեր կզիջի: Իսկ թե ինչու՞ Նարիշկինի «կոնտորան» նման բարդ խնդիրները թողած, զբաղվում է Հարավային Կովկասի հայ-վրացական «սպառանլիքով» կամ Կրեմլի տհասության, կամ ծայրահեղ խարդախամտության դրսևորում է: