23/12/2024

Ուկրաինայի հրթիռային հարձակումը և Z ալիքների վրեժի պահանջը․ ի՞նչ են գրում պատերազմի դաշտից. Լուսանկարներ, Տեսանյութ

Ռուս-ուկրաինական պատերազմը էսկալացիայի նոր փուլ է ապրում․ զինված բախման 1000-րդ օրը՝ նոյեմբերի 19-ին, ուկրաինական զինված ուժերը դիմել են նոր ու կոշտ հարձակման՝ ՌԴ տարածքում առաջին անգամ կիրառելով նախ՝ ամերիկյան ATACMS, այնուհետև բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռներ։

Այդ հարձակումների հետևանքների, ավերածությունների ու դրանց հակազդման մասին կողմերի տեղեկությունները հակասական են։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ի մի բերել դրանք։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ հարձակմանն անդրադարձել է նոյեմբերի 21-ի իր տեսաուղերձում՝ տեղեկացնելով, որ ամերիկյան ATACMS (արտասանությունը՝ Աթաքէմս) հրթիռով հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, իսկ բրիտանական հրթիռային Storm Shadow համակարգերով հարձակումը՝ նոյեմբերի 20-ին։ «Հրթիռային հարվածները հասցվել են ՌԴ տարածքում, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտների վրա։ Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը հակազդել են այդ հարձակումներին։ Արդյունքում այն նպատակները, որն ունեցել է հակառակորդը, հնարավոր չի եղել իրագործել»,- հայտարարել է Պուտինը՝ նաև զգուշացնելով Ուկրաինայի նկատմամբ նոր հարձակման մասին։

The Washington Post-ը գրել էր, որ ATACMS (Army Tactical Missile System) կոչվող ամերիկյան բալիստիկ հրթիռների կիրառության թույլտվություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան Ուկրաինային տվել է հեռանալուց երկու ամիս առաջ, որից երկու օր անց ուկրաինական զինված ուժերը այդ հրթիռներով առնվազն վեց անգամ խոցել են Ռուսաստանի տարածքի մի քանի հատվածներ։

ATACMS-ը համարում են մանևրող հրթիռ՝ առավելագույնը 300 կմ հեռահարությամբ, որը կարող է լիցքավորված լինել և՛ կասետային զինամթերքով, և՛ սովորական մարտագլխիկներով։ Ըստ որոշ աղբյուրների, այս հրթիռը ճկուն ու արագ շրջադարձեր, շարժումներ է կատարում, ինչն էլ դժվար է դարձնում դրան հետևելը։

ATACMS-ով ուկրաինական զինված ուժերը հարվածել են Բրյանսկի շրջանի ուղղությամբ։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ 6 հրթիռ է արձակվել շրջանի վրա, որից 5-ը ՌԴ զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել, իսկ մեկը վնասվել է։ Ըստ նույն աղբյուրի, վնասված հրթիռի հատվածներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ «Հրդեհը մարվել է, զոհեր և ավերածություններ չկան»,- նշել են ՌԴ ՊՆ-ից։

Սակայն Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ-ում իր աղբյուրներին, գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը արձակել են ընդհանուր առմամբ 8 հրթիռ, իսկ ռուսական ուժերը կարողացել են որսալ միայն երկուսը և ոչ թե հինգը, ինչպես հայտնել էր ՌԴ ՊՆ-ն։ Ըստ Reuters-ի, ATACMS-ների թիրախում եղել են ռուսական ռազմամթերքի մատակարարման կետերը։

Ի դեպ, «Ինտերֆաքս–Ուկրաինան», վկայակոչելով բրիտանական The Times-ին, նոյեմբերի 20-ին հաղորդել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ունեն ԱՄՆ-ից մատակարարված ընդհանուր առմամբ 50 մարտավարական ATACMS հրթիռներ։

Բրիտանա-ֆրանսիական համատեղ արտադրության Storm Shadow/SCALP-EG հրթիռներով հարվածների մասին տեղեկությունները տարածվեցին նոյեմբերի 20-ին։ Storm Shadow/SCALP-EG–ն մեծ հեռահարությամբ թևավոր հրթիռ է։ Այս հրթիռով ուկրաինական կողմը հարվածել է Կուրսկի շրջանի Մարինյո բնակավայրին։

Սկզբում ռուսական Z ալիքներում անհանգստություն չկար։ Ավելին, նշվում էր, որ հարձակում եղել է, հակազդել են, իսկ Два Майора քարոզչական-ռազմական տելեգրամյան ալիքը հրապարակել էր հարվածի հետևանքով հրթիռից մնացած մասերի լուսանկարներ ու տեսանյութ՝ տեղեկացնելով, որ դրանք հենց Storm Shadow հրթիռի մասեր են։

Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբում ռուսական կողմն իր զրահատեխնիկայի վրա օգտագործում էր լատինական Z և V տառերը՝ որպես հարձակման ուղղությունների տարբերանշաններ, ինչի պատճառով էլ պատերազմի ռուսաստանցի քարոզիչներին անվանում են նաև Z բլոգերներ կամ Z քարոզիչներ, իսկ նրանց տելեգրամյան ալիքները՝ Z ալիքներ:

Սակայն ավելի ուշ արդեն նույն ալիքները հայտնում էին անհանգստություն և պահանջում վրեժ։

Բանն այն է, որ ըստ ուկրաինական Defence Express պարբերականի, Storm Shadow հրթիռներով ուկրաինական հարվածի թիրախը հավանաբար եղել է իշխան Բարյատինսկիների կալվածքը, որտեղ, ըստ որոշ տվյալների, տեղակայված էր ՌԴ զինված ուժերի հրամանատարական շտաբը։ Լրատվամիջոցը հրապարակել էր ականատեսների կողմից նկարահանված տեսանյութ, որում, ըստ աղբյուրի, առնվազն 15 պայթյուն է որոտում։ Ուկրաինական այս պարբերականը նշանակալի է համարել այս տարածքի խոցումը, քանի որ այնտեղ տեղակայված են եղել նաև հյուսիսկորեացի գեներալները։

Իշխան Բարյատինսկիների դղյակը, որտեղ տեղակաված էր զինվորականությունը

Ուկրաինական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ հարվածը հասցվել է, մասնավորապես, ռուսական ուժերի հրամանատարական շտաբի՝ կապն ապահովող խմբին, որը գտնվել է այդ կալվածքում ստեղծված բունկերում։

Ռուսական Z ալիքների հեղինակները այնուհետև սկսեցին անհանգստանալ։  Հաղորդում էին, որ թիրախում եղել է Կուրսկում գտնվող «Սեվեր» («Հյուսիս») հրամանատարական խմբավորումը, և հարձակման ու հակաօդային մարտերի հետևանքով կան վիրավորներ ու նույնիսկ՝ զոհեր։ Ըստ Два Майора ալիքի, զոհերը օբյեկտի պահպանությունն իրականացնող անձնակազմից են (զոհերի քանակ չի նշվում-հեղ․), իսկ շտաբի կառավարման կազմը չի տուժել:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 21-ին, ուկրաինական Deep State-ը հրապարակեց տեսանյութ՝ դրոնից արված տեսանկարահանման միջոցով ներկայացնելով Կուրսկի Մարինյո բնակավայրում ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարձակման մանրամասները։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ այս հարձակման հետևանքով Հյուսիսային Կորեայի հայտնի գեներալներից մեկը՝ Կիմ Յոն Բոկը, ծանր վիրավորվել է։

Ռուսական հայտնի ալիքներից «Старше Эдды»-ն պահանջում էր անմիջապես «արագ ու մաքսիմալ համոզիչ» պատասխան տալ այս հարվածներին, «ընդ որում՝ համոզիչ ոչ թե խոխոլների, այլ նրանց տերերի համար»։ ՌԴ ՊՆ լրատվական ծառայության նախկին աշխատողների կողմից ստեղծված Рыбарь ալիքը առաջարկում էր «չնստել պասիվ պաշտպանությունում» և լուծել հարցը՝ համարժեք ռազմական պատասխան տալով «կիևյան ռեժիմի հովանավորներին»։

Եվ ռուսական կողմի պատասխանը չուշացավ․ նոյեմբերի 21-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը առաջին անգամ հարված հասցրեցին Ուկրաինային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով (Орешник)՝ թիրախավորելով Դնեպրի «Յուժմաշ» գործարանը, որը դեռևս սովետական միության ժամանակներից հրթիռային տեխնիկա է արտադրում։

Հասմիկ Համբարձումյան