23/12/2024

ՀՀ քաղաքացիների 61 տոկոսը կամ սխալ գիտի Հայաստանի անկախության օրը, կամ առհասարակ չգիտի․ Փաշինյանի հայտարարության հետքերով

Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պետական մտածողության մասին, հայտարարել էր, թե բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը ճշգրիտ չգիտի։ 

«Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն փաստը, որ հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին դրված է, շատ հաճախ այն բացում եմ, թերթում եմ: Մեկն օրն է սխալ ասել, ամիսը՝ ճիշտ, մեկն օրն է ճիշտ ասել, ամիսը՝ սխալ, մեկը հա՛մ օրն է սխալ ասել, հա՛մ ամիսը, և այլն ու այդպես շարունակ»,— նշել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ի՞նչ հարցման մասին էր նշել վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին:

Վարչապետի աշխատակազմից պատասխանելու համար 30-օրյա ժամկետ էին խնդրել, այնուհետև պատասխանում նշել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստում արված հայտարարությունները հիմնված են «Հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին» հետազոտության վրա, որն իրականացվել է 2024 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պատվերով։

Տեղեկացրել են նաև, որ հետազոտությունն իրականացվել է ամբողջ ՀՀ-ում, որի համար թիրախային հանրություն են ընդունվել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող 18 և բարձր տարիքի քաղաքացիները:

Fip.am-ն աշխատակազմից խնդրել էր նաև հստակեցնել՝ որքա՞ն մասը չգիտի ՀՀ անկախության ճշգրիտ օրը։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ անկախության օրվա վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը բաղկացած է բազմազան կարծիքներից։ Այդ առումով առանձնացվել են հանրության երեք հիմնական խմբեր՝ 39 տոկոսը ճիշտ գիտի ՀՀ անկախության օրը, 31 տոկոսը՝ սխալ գիտի, 30 տոկոսն առհասարակ չգիտի: 

Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ պետական մտածողությունն այն է, որ քաղաքացին գիտի, թե պետությունը ոնց է աշխատում որպես մեխանիզմ:

«ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը դա հասկանալի չէ: Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհը ոնց է կառուցվում։ Քաղաքացիների մի զգալի մասը չգիտի, թե ինչ է պետական բյուջեն, ինչպես է այն ձևավորվում ու դա քաղաքացու մեղքն ու պարտականությունը չէ»,- ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարության վերաբերյալ Fip.am-ի հարցմանը վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ դա ՀՀ վարչապետի դիտարկումն է, որը կապ չունի «Հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին» հետազոտության հետ:

Սյուզաննա Համբարձումյան