Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Չարագործը՝ լինի շարքային քաղաքացի, թե պետության ղեկավար, պետք է պատասխան տա արածների համար ու ստանա իր արժանի պատիժը:
Անպատժելիությունը նույնքան մեծ չարիք է, որքան՝ բուն հանցագործությունը: Չպատժել հանցագործին՝ նշանակում է նրա առջեւ դռներ բացել նոր ապօրինությունների համար: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:
Հիմա՝ ուրախացնող լուրը. նոյեմբերի 21-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու որոշում է կայացրել. նրանք մեղադրվում են 2023թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024թ. մայիսի 20-ը՝ շուրջ յոթուկես ամիս, Գազայի հատվածում կատարած ռազմական հանցագործությունների համար:
ՄՔԴ-ի մինչդատական պալատը եզրակացրել է, որ ամբաստանյալները միտումնավոր Գազայի խաղաղ բնակչությանը զրկել են գոյատեւման հիմնական պայմաններից՝ սննդից, ջրից, դեղորայքից, բժշկական պարագաներից, վառելիքից եւ էլեկտրաէներգիայից:
«Ռազմական հանցագործությունների» նկարագրված դիպաշարը ծանոթ է ամեն հայի, իսկ Արցախի մեր հայրենակիցներին՝ առավելապես, քանզի սեփական մաշկի վրա են նրանք զգացել «Լաչինի միջանցքի» իննուկես ամսվա շրջափակման ծանր հետեւանքները:
Այն, ինչի համար Հաագայի դատարանը մեղադրանք է առաջադրել Իսրայելի վարչապետին ու նրա նախարարին՝ ամբողջովին, դեռ մի բան էլ ավելի, Արցախում իրագործել է Իլհամ Ալիեւը՝ իր հայատյաց, վայրագ ցեղակիցներով մեկտեղ:
2022-ի դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023-ի սեպտեմբերի 20-ը նրանք «բնապահպանական» քողի ներքո նախ շրջափակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ սովի, ցրտի ու խավարի մատնելով ԼՂՀ-ի 120 հազարից ավելի բնիկ հայությանը: Իսկ երկրորդ քայլով՝ այս անգամ «հակաահաբեկչական օպերացիայի» պատրվակով, թշնամին 2023թ. սեպտեմբերի 19-ին, մինչեւ ատամները զինված, մեծաքանակ զորակազմով հարձակվեց տեւական պաշարման մեջ հյուծված Արցախի վրա:
Արդյունքում տեղի հայ բնակչությունը նոր ցեղասպանության սպառնալիքի տակ ստիպված էր լքել վաղնջական բնօրրանը եւ, թողնելով իր հազարամյա հայրենիքը, պատմամշակութային արժեքներն ու ողջ ունեցվածքը, գնալ, հեռանալ՝ ուր աչքը կտրի:
Այժմ, երբ արժանահավատ իրավական նախադեպն արդեն առկա է, սահմանադրորեն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր հանդիսացող ՀՀ-ն հանձնառու է միջազգային ատյաններում հետամուտ լինել, որպեսզի Արցախի հայաթափության ու արցախցիների իրավունքների կոպտագույն ոտնահարման գործողություններին տրվի քրեական անաչառ գնահատական, եւ ենթադրյալ հանցագործները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Այս գործի նախապատրաստությունները, անտարակույս, վիթխարի ջանքեր են պահանջում եւ, առաջին հերթին, քաղաքական կամք, որը գործող իշխանությունները, ցավոք, չունեն: Ուրեմն նախաձեռնությունը պետք է ստանձնի քաղհասարակությունը, իսկ ժողովուրդը դառնա այս խնդրի անտեղիտալի պահանջատերը:
Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, մտադիր չէ Ադրբեջանի դեմ դատական նոր գործեր բացել Արցախում նրա կատարած ռազմական զանցանքների համար: Ավելին՝ նա հակված է ետ կանչել միջազգային դատական ատյաններում արդեն իսկ մուտքագրված հայցերն ընդդեմ Ադրբեջանի, որոնք, ի դեպ, Ալիեւին լրջորեն մտահոգում են:
Նոյեմբերի 22-ին «Հ1»-ին տված հարցազրույցում Փաշինյանը չի բացառել, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից՝ նույնը ակնկալելով Ադրբեջանից: «Եթե Հայաստանը տեսնի, որ ռեալ խաղաղության է հասնում, ու խաղաղության պայմանագիրը կնքվում է, միջազգային ատյաններում ՀՀ-ի հայցերը ետ կկանչվեն»,- ասել է նա։
Երեւում է՝ ՄՔԴ-ի դատավճիռը Ալիեւի սիրտն ահ է գցել՝ վայ թե հերթը իրեն հասնի: Բաքվի միապետը լավ է հասկանում, որ ինքը չունի Իսրայելի վարչապետի թափն ու կշիռը: Նաթանյահուն աշխարհում մեծ կապեր ունեցող, ազդեցիկ գործիչ է, ու եթե անգամ նրա՛ն չի հաջողվել խուսափել Հաագայի դատարանի տեսադաշտից, իրեն հաստատ չի հաջողվի «պլստալ» բոլոր այն վայրենություններից հետո, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան շրջանում գործել է հայկական Արցախում եւ Արցախի հանդեպ:
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է