27/12/2024

Վրաստանում հեղափոխություն է. ինչպես իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, ինչ հետևանքներ կլինեն

Թբիլիսիում անկարգությունների և ոստիկանության հետ կատաղի բախումների ուղեկցությամբ է անցել ցույցերի երրորդ գիշերը։

Տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց, նրանք հրդեհ են բռնկել խորհրդարանի շենքում և բախվել ուժայինների հետ, իսկ արդեն առավոտյան ցուցարարները փակել էին համալսարանի մոտ երթևեկությունը։

Ցուցարարներին ակտիվորեն աջակցում են նաև դրսից։ ԱՄՆ-ը, օրինակ, դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, բազմաթիվ երկրներից տեղի ունեցածի դատապարտման կոչեր են հնչում։

Նպատակային կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատները, կիրառվել է պիրոտեխնիկա քաղաքացիների կողմից: Խժդժությունների հետևանքով ուժայինների թվում կան այրվածքներով տուժածներ։

 

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել, լազերներով փորձել կուրացնել նրանց. սա արդեն վաղուց վրաց ցուցարարների ավանդական մարտավարությունն է։

Ժողովրդավարության համար պայքարողների, այսպես կոչված, խաղաղ ցույցը միայն թափ է հավաքում։ Ամեն գիշեր բռնության նոր ալիք է հասունանում, բախումներն իրաապահների հետ առանձնապես արդյունքներ չեն տալիս:

Ինչ է եղել դեկտեմբերի լույս 1-ի գիշերը

Ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի ապակիները, պատուհանից ճայթրուկ է նետվել ներս և հրդեհ է բռնկվել։ Օրենքի սահմաններից դուրս չգալու և խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու ոստիկանության կոչերն ապարդյուն են, ի պատասխան՝ քաղաքացիների կողմից օգտագործվում են հրկիզող խառնուրդով շշեր։

 

Անվտանգության ուժերն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, բայց ցուցարարները չեն հանձնվել: Նրանք ընդամենը շարժվել են հետ և հսկայական բարիկադներ են կանգնեցրել, որպեսզի հատուկ ջոկատայիններին թույլ չտան ավելի հեռուն անցնել։

«Փորձ է արվում բռնի ուժով զավթել իշխանությունը»,- հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։ Դավադրության փաստով հետաքննություն է սկսվել:

«Բողոքի ակցիան դուրս է եկել ժողովների և ցույցերի մասին օրենքով նախատեսված սահմաններից և դարձել բռնի»,- միևնույն ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Նախարարությունը զգուշացրել է, որ իրավապահները միջոցներ կձեռնարկեն, եթե ցուցարարները շարունակեն «գործել օրենքի դեմ, վնասել խորհրդարանի շենքը, հրդեհել և այլ բռնի գործողություններ կատարել»:

Visioner-ի գնահատմամբ՝ շուրջ 200,000 մարդ մեկ գիշերվա ընթացքում մասնակցել է բողոքի ցույցերին Թբիլիսիում: Կազմակերպությունը իրավապահների կողմից արցունքաբեր գազի օգտագործումն անվանել է «աղետ»՝ ընդգծելով, որ դա կտրուկ մեծացնում է հրմշտոցի վտանգը։

Քաղաքացիների զայրույթի ամենաանմիջական պատճառը նախորդ երկու նմանատիպ բողոքի ակցիաների ճնշումն է, որոնց ժամանակ 3 օրում մասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ էլ, ծանր վիրավորվել են։

 

Սոցիալական ցանցերում տարածվել են այն հարվածների կադրերը, որոնք ոստիկանները հասցրել են անզեն ցուցարարներին, երբեմն՝ արդեն ասֆալտին պառկածներին։

 

Առայժմ ուժի ցուցադրումը չի վախեցրել թբիլիսցիներին և, ըստ երևույթին, աշխատում է բողոքի ակցիաների առավել բոբոքման ուղղությամբ:

Արձագանք՝ դրսից

Մինչ պաշտոնական իշխանություններն անում են ամեն ինչ՝ արևմտյան ուղեցույցների համաձայն երկրում գունավոր հեղափոխություն թույլ չտալու համար, ԱՄՆ-ում ջերմորեն ողջունվում են քաոսն ու անկարգությունները։ Պետքարտուղարությունը դատապարտել է ցույցերը ճնշելը և ոստիկանության կողմից ուժի ենթադրյալ կիրառումը, սակայն ոչինչ չի ասել իրավապահների նկատմամբ բռնության մասին։

Ընտրություններին հաջորդած Բրյուսելի ճնշման ու շանտաժի պատճառով եվրաինտեգրման շուրջ բանակցությունները սառեցնելու Թբիլիսիի որոշումից հետո են հենց անկարգությունները սկսվել։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Երկրի նախագահ և ընդդիմության ակտիվ սատար Սալոմե Զուրաբիշվիլին դա ողբերգություն է անվանել։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, սակայն նա մտադիր չէ հրաժարական տալ։ Երկրի ղեկավարը հոկտեմբերին ընտրված խորհրդարանն անվանել է ոչ լեգիտիմ։

Այս ամենի զուգահեռ հայտնի դարձավ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների՝ դեսպանների հրաժարականների մասին: Սա, անշուշտ, Վրաստանի վարչապետի՝ ԵՄ-ի անդամակցությանն առնչվող հայտարարության և երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների հետ անմիջական կապ ունի:

Ինչու են իշխանությունները «բորբոքում» քաղաքացիներին

Տարօրինակ է, բայց անհերքելի, որ երկրում տեղի ունեցող բոլոր այս բուռն իրադարձությունները, այսպես ասած, բորբոքում են հենց Վրաստանի իշխանությունները:

Վերջին խորհրդարանական ըտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների ինքնաբուխ ակցիաները հազիվ սկսել էին մարել, երբ երկրի վարչապետ և իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչը նոր հայտարարություն արեց, թե թողնում են անցած բարդ ճանապարհն ու հրաժարվում ԵՄ-ի անդամակցության իրենց որոշումից, խզում Եվրամիության հետ ցանկացած խորհրդակցություն մինչև 2028 թվականը:

Իշխանություններին, ըստ Կոբախիձեի, զայրացրել է Վրաստանի վրա եվրոպական ճնշումը, որն արտահայտվել է Եվրախորհրդարանի՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչով՝ ձայների հաշվարկի անկախ վերահսկողությամբ։

Այս հայտարարությամբ վարչապետը ասես յուղ լցրեց ընդդիմության ու ակտիվ քաղաքացիների բողոքի ակցիաների կրակին, ինչ-որ տեղ անգամ «սադրեց» նրանց:

Առայժմ պատճառներն այնքան էլ հստակ չեն, սակայն կարելի է ենթադրել որ կա՛մ իշխանություններն իրենց հայտարարություններով ու սադրանքներով բողոքի ակցիաները թեժացնում են, անկարգություններ հրահրում՝ հետո հայտարարելու համար, թե ընդդիմությունն է տարել քաղաքացիներին բախումների և ագրեսիվ է, կա՛մ գիտակցաբար չեն ցանկանում թուլանալ եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջ ու չեն ուզում ընդառաջել քաղաքացիերի, այդ թվում՝ ընդիմության պահանջներին ու նրանց «միավորներ» տալ, կամ՝ ուղակի սխալվել են:

Շեղումը դեպի ԵՄ-ի հետ մերձեցման կուրսից նկատելի է բավականին երկար ժամանակ։ Մասնավորապես, հոկտեմբերին, ընտրություններից առաջ, «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը Վրաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը, նույնիսկ եթե դա պահանջի կրճատել համագործակցությունը Եվրոպայի հետ։

Սակայն ԵՄ-ի հետ երկխոսության դադարեցման մասին վարչապետի հայտարարության կա Վրաստանի սահմանադրության ուղղակի խախտում, քանի որ դրա 78-րդ հոդվածն ուղղակիորեն պարտավորեցնում է կառավարությանը  գնալ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման կուրսով։

Վրաստանում առկա իրավիճակը, միանշանակ, կունենա հետևանքներ:

Նախ՝ վրաց ցուցարարներն արդեն բավական «կոփված են» ցույցերում, չեն վախենում բախումներից, եղանակից ու ցրտից, հետո՝ ընդդիմությունը ոգևորված է ցույցերի տեսքով փոքրիկ «հաղթանակներից», և ի վերջո, Վրաստանի նկատմամբ կանխատեսելի են ճնշումները դրսից:

Ճնշման ամենալուրջ հնարավոր լծակներից մեկը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերացումն է, որը սնուցում է երկրի զբոսաշրջության ճյուղը և հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի արևմտյան աշխատաշուկա Վրաստանի հազարավոր քաղաքացիների։

Վրաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, թե օտարերկրյա պետությունները ճնշում են գործադրում արտերկրում աշխատող վրացի դիվանագետների վրա: Գերատեսչությունը սա երկրի ներքին գործերին միջամտության փորձ է որակել:

Եվ մինչ երկրի ներսում կաթսան ակտիվ եռում է, աշխարհը՝ իրադարձությունների զարգացմանը հետևում ու կանխատեսումներ անում, ո՛չ ընդդիմությունն ու ցուցարարները, ո՛չ իշխանությունները նահաջնել կամ զիջել չեն պատրաստվում: