23/12/2024

Աստղային Էլման․ Ակնարկ․ Տեսանյութ

Բյուրականի աստղադիտարանը մեր երկրի այցեքարտն է և դրա մեջ իրենց մեծագույն ավանդն ունեն մեր անվանի աստղագետները՝ Վիկտոր Համբարձումյանը և նրա աշակերտները, որոնց թվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ Էլմա Պարսամյանը, ով այս տարի դեկտեմբերի 23-ին կնշի 95-ամյա հոբելյանը։

Տասնամյակների նրա գործունեության ոլորտների թվարկումը միայն կարող է զբաղեցնել մի ողջ հատոր՝ բազմաթիվ գիտական արդյունքներ, հարյուրավոր գիտական և գիտա-հանրամատչելի հոդվածներ, գրքեր, միջազգային հեղինակավոր գիտաժողովների մասնակցություն, հրավիրված զեկուցումներ ու սեմինարներ, վեց տասնյակ աշակերտներ, խմբագրական աշխատանք և հասարակական գործունեություն։ Պարսամյանի անունով են կոչվել նրա կողմից հայտնաբերված գիսավորաձև և մոլորակաձև որոշ միգամածություններ, ինչպես նաև Օձի համաստեղության աստղերից մեկը։

Բյուրականի աստղադիրանի տնօրեն Արեգ Միքայելյանի կարծիքով, աստղագետ դառնալու երկու ճանապարհ կա, երբ սիրելով ֆիզիկան ընդունվում են համապատասխան ֆակուլտետ ու հետո, որպես մասնագիտացում ընտրում են աստղաֆիզիկան, երկրորդ, կամ ինչպես ինքն իրեն ժպիտով ուղղում է, հենց միգուցե առաջին ճանապարհը, երբ մանկուց սիրում ես աստղագիտությունն ու ընտրում այն որպես մասնագիտություն։

Էլմա Պարսամյանը՝ պարոն Միքայելյանի այս խոսքերի վառ ապացույցն է։ Հենց դպրոցական տարիներից էր Պարսամյանը հրապուրվել աստղագիտությամբ և որոշել դառնալ աստղագետ: Նրա խոսքով, այդ գործում մեծ էր իր մորեղբոր՝ ՀԳԱԱ թղթակից անդամ Օգսեն Սապոնջյանի դերը, որը մասնագիտությամբ մեխանիկ էր, սակայն անչափ սիրում էր աստղագիտությունը։

Մասնագիտության ընտրության հարցում, տիկին Պարսամյանը նշում է նաև հանդիպումը Վիկտոր Համբարձումյանի հետ, 1946 թվականին, երբ դեռևս դպրոցական Էր։ Հիշում է հեղինակավոր ակադեմիկոսի խորհուրդը՝ աստղագետ դառնալու համար լավ սովորել մաթեմատիկա և անգլերեն:

1949-ին Էլմա Պարսամյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի աստղագիտական բաժին և ավարտելուց հետո աշխատանքի ընդունվում Բյուրականի աստղադիտարան, որտեղ աշխատում է արդեն ավելի քան վեց տասնամյակ։

Բացի աստղաֆիզիկական հետազոտությունները Պարսամյանը կարևոր աշխատանքներ է կատարել նաև Հայաստանի աստղագիտական ժառանգության ուսումնասիրության, պարզաբանման և տարածման բնագավառում, մասնավորապես, Մեծամորի աստղագիտական հարթակների հետազոտությունների վերաբերյալ:

Հետախուզական պեղումները Մեծամոր հնավայրում իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: 1963-ից ուսումնասիրություններ է սկսում կատարել երկրաբան Կորյուն Մկրտչյանը, և հայտնաբերելով պղնձաձուլական խարամ առաջ քաշում «լեռնամետաղաձուլական կենտրոնի» վարկածը: Նրա ղեկավարած արշավախմբի պեղումների արդյունքում հաստատվեց, որ Մեծամորը բնակելի է եղել մ.թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբից և հանդիսացել մետաղաձուլական և մետաղամշակման հնագույն կենտրոն: Ի հայտ եկան վաղ բրոնզից մինչ ուշ միջնադարը թվագրվող մշակութային շերտեր: Բացվեց նաև յուրօրինակ իր ձևի մեջ եզակի համալիր ապառաժի վրա փորագրված երկնային լուսատուներով աստղադիտարան հանդիսացող դիտահարթակ:

Կատարելով անհրաժեշտ չափումները և օգտագործելով սֆերիկ աստղագիտության մեթոդները Պարսամյանը որոշեց թե ո՞ր պայծառ աստղերն են երբևէ ծագել հորիզոնի այն կետում, որի հետ հատվում է այն հարթակի միջին գծի երևակայական շարունակությունը, որտեղ չորս անգամ պատկերված է աստղի նշանը։

Պարսամյանի կողմից կատարված հաշվարկները թույլ տվեցին հաստատել, որ մ.թ.ա. 2800-2600 թվականները Մեծամորի բնակիչները դիտել են Սիրիուսը: Այդ ժամանակ ամառային արևադարձի օրերին Սիրիուսը կարելի էր դիտել լուսաբացին, ծագող արևի շողերում: Բացառված չէ, որ տարվա մեջ Սիրիուսի առաջին անգամ երևալը, մեծամորցիները կարող էին կապել տարվա սկզբի հետ: Այս ամենը վկայում է այն մասին, որ հայկական լեռնաշխարհի բնակիչները կարող էին լուսատուի պարբերաբար երևալն օգտագործել ժամանակը հաշվելու համար:

Մեծամորը իր տեսակի մեջ եզակի օբյեկտ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային արքեոաստղագիտության մեջ ասում է տիկին Պարսամյանն ու հավելում, որ այն ավելի լավ ուսումնասիրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի։