17/09/2025

Դուք չգիտեք՝ ինչի մասին է խոսքը, ես կամաչեմ պատմել. Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր մանրամասներ պատմեց Հովիկ Աղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվելու պատճառների մասին։

Նա նշեց, թե Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Գալիս, պատմում, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքը այդ ամեն ինչը տանում, հանրայնացնում է։ Դա նորմա՞լ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ խմբակցությունից ավելի քան մեկ տարի փնտրել են, թե որտեղից է տեղի ունենում ինֆորմացիոն արտահոսքը. «Երբ դա վերաբերում է կուսակցությանը, լավ կամ վատ դեպքերին, էդ ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է բանակցություններին, ՀՀ անվտանգությանը, պետք է ձև անենք, ֆիքսենք, որ կարող է մնա՞լ»։

Սիմոնյանը նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվելու, բանակցությունները կանգնելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ «մենք պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել։ Դե հիմա գնա, ապացուցիր, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ ինֆորմացիան փոխանցել, այլ ուղղակի սխալվել է»։

Նա նշեց, որ եթե Աղազարյանը այդ աստիճանի չի ամաչում, կարող է ներկայացնել մանրամասներ․ «Դուք չգիտեք՝ ինչի մասին է խոսքը, ես կամաչեմ պատմել։ Նույնիսկ իրար հետ խոսալիս մենք չենք ուզում դրա մասին խոսենք։ Եթե այդ աստիճանի չի ամաչում, թող ներկայացնի։ Ես չեմ ուզում դրան ներկա լինել, մի անգամ կարդացել եմ, ինձ հերիք է։ Բոլոր մարդկանց անձնական կյանքը իրենց անձնական կյանքն է, որևիցե մեկը իրավունք չունի մտնել կյանքի մեջ, բարոյական գնահատական տալ։ Վարչապետը բոլոր իրավական հիմքերը ներկայացրել է, որ խնդրել է՝ այդ գերատեսչությունը ստուգի, գերատեսչությունն էլ պարտավոր է զեկուցել ղեկավարին։ Թող հրապարակի Աղազարյանը, բայց ոչ թե իր մեկնաբանությունը»։

Սիմոնյանը պնդեց, որ Աղազարյանի ադեկվատության հետ կապված խնդիր կա։

«Անձնականի վերաբերյալ՝ իր անձնական կյանքն է, բայց երբ դու այդ անձնականի մեջ ներառում ես մարդկանց և վարկաբեկում ես իրենց, վատ դրության մեջ ես դնում․․․ ես դա չեմ կարող մեկնաբանել, թող ինքը բացի, ոչ թե մեկնաբանի, որովհետև ինձ եկել ուրիշ բաներ էր պատմում։ Մի ստիպեք ինձ ասել, որովհետև նախ ամաչում եմ, հետո չեմ ասի։ Երբ դու խոսում ես այլ երկրի քաղաքացու հետ, և խոսում ես քո էջով, և խոսում ես նենց բաների մասին, որ ոչ միայն բարոյականության, այլ նաև այլ խնդիրների կարող է բերել։ Այդտեղ ադեկվատության խնդիր կա, ես խոսում էի, ես ամաչում էի, ինքը՝ ոչ մի բան։ Ինքը մեզ տուպիկի մեջ էր դրել, ես ուզում եմ դուք բոլորը դա կարդաք, ասեմ՝ դե պատմեք»,- նշեց նա։

Վերջինս նաև ընդգծեց, որ, իր կարծիքով, Հովիկ Աղազարյանը պետք է վայր դներ մանդատը դեռ այն ժամանակ, երբ վարչապետը խնդրել էր։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ կուսակցության վարչության որոշում ունեն՝ յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը իր կուսակցի դեմ նյութ կպատվիրի կամ ինֆորմացիոն արտահոսք կկազմակերպի, կզրկվի թե՛ կուսակցական լինելուց, թե՛ զբաղեցրած պաշտոնից։