13/12/2024

Երկու նշանակում և մեկ ազատում՝ ՀՀ կառավարությունում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։

Նշենք, որ մինչ այս Դավթյանը ծառայության հանրային կապերի պատասխանատուն էր։

Ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը օրերս նշանակվել է Ներքին գործերի փոխնախարար։

Մեր շնորհավորանքները։

Կառավարության հերթական նիստի ժամանակ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ:

Նիկոլ Փաշինյանը վերջինիս շնորհավորեց և հաջողություն մաղթեց: Մեխակյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ստանձնել հարազատ Արմավիրի մարզպետի պաշտոնը:

«Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց Մեխակյանը:

Արգիշտի Մեխակյանը եղել է ԱԺ պատգամավոր, Արմավիրի մարզպետի տեղակալ:

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։

Վերջինս Արմավիրի մարզպետի պաշտոնում կփոխարին Դավիթ Խուդաթյանին, որը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

Մեր շնորհավորանքները։

Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնից։ Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Մնացականյանն այս պաշտոնին նշանակվել էր 2023 թվականին՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նա ՀԿԱԾ-ում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ուներ։