2023-ին Հայաստանում որոշակիորեն բարելավվել է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, շարունակել է աճել կանանց և տղամարդկանց ամուսնության միջին տարիքը և ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը։
Այս մասին են վկայում «Հայաստանի կանայք և տղամարդիկ-2024» հետազոտության տվյալները, որը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։ Civic.am-ը սույն հետազոտությունից պարզեց, որ 2023 թվականին աճել է կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից։ Այսպես, ըստ ՎԿ-ի, 2023-ին ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տևողությունը կազմել է 81,0 տարի 2022 թվականի՝ 78,3 տարի, 1992-93 թվականի՝ 74,2 տարի, 2002-03 թվականի՝ 75,8 տարվա համեմատ։
Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2023-ին կազմել է 74,1 տարի 2022 թ. 71,4 , 1992-93 թ.՝ 66,5 տարի, 2002-03 թ.՝ 69,9 տարվա համեմատ։
Առաջին ամուսնության տարիքը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում բարձրացել է։ 2023 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 28,5 տղամարդկանցը՝ 32,1 տարի։ Այն զգալիորեն ավելի է, քան 2003-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմում էր 22,8 տարի, իսկ տղամարդկանցը՝ 27,4 տարի, իսկ 2013-ին, համապատասխանաբար, 25,8 և 29,1 տարի։
Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը 1991-ից սկսած սրընթաց նվազել է, հատկապես գյուղական բնակավայրերում։ 1991 թվականին գյուղական համայնքներում կինն իր ծնունակ տարիներին ունենում էր միջին հաշվով 3,2 երեխա՝ քաղաքային բնակավայրերի 2,3 երեխայի համեմատ։ Ծնելիության շարունակական նվազմանը զուգընթաց 2014 թվականից գրեթե վերացել էր գյուղական և քաղաքային բնակավայրերի ցուցանիշների տարբերությունը, իսկ հաջորդող տարիներին՝ մինչև 2020 թվական, գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցը անգամ զիջում էր քաղաքային բնակավայրերի ցուցանիշին։ Սակայն 2022-2023 թթ.-ին արձանագրվել է գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակցի որոշակի բարելավում՝ կազմելով, համապատասխանաբար 2,118 և 2,543 միավոր քաղաքային բնակավայրերի՝ 1,489 և 1,541 միավորի համեմատ։
Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության տարիքն ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան և թե՛ ընդհանւոր ծննդյան ծամանակ։ Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ ամուսնությունների գրանցումները սովորաբար իրականացվում են որոշակի հետաձգումով, երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են 2-րդ և այլ ամուսնությունների դեպքեր, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ․ Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ