12/12/2024

Դամասկոսն էլ ընկավ սիրիական պետության թուլամորթ պահվածքի հետևանքով, ՀՀ-ի համար սա նոր մարտահրավեր է

Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։

Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։

Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։

Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և այլ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։

Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու»։