12/12/2024

Գյումրիում մեկնարկել է եռօրյա փրայմերիզը, թե՝ թատրոնը ․․․

Երեկվանից Գյումրիում մեկնարկել է եռօրյա փրայմերիզը, որի արդյունքներով կորոշվի, թե 7 թեկնածուներից ով կնշանակվի Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Երեկ շրջիկ խմբերը 7 թեկնածուների անուններով ու նկարներով քվեաթերթիկներով և արկղերով շրջում են, թակում գյումրեցիների դռները ու առաջարկում քվեարկել որևէ թեկնածուի օգտին։

Միանգամից նկատենք, որ փրայմերիզն ի սկզբանե անոնսավորվել էր միայն ՔՊ շրջանակներում՝ քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուին և ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածուին որոշելու համար:

Բայց այս դեպքում, նույնիսկ անզեն աչքով բացահայտելի է, որ գործ ունենք ոչ թե դասական փրայմերիզի, այլ թատրոնի հետ:

ԱՄՆ-ում փրայմերիզը զուտ կուսակցական միջոցառում է, որի միջոցով դեմոկրատական կամ հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները կամ համակիրները, հստակ ընթացակարգերով, որոշում են իրենց թեկնածուներին՝ նախագահական ընտրություններում:

Փաշինյանի փրայմերիզը կամայական բնույթ ունի ու ՔՊ խմբերը անհասկանալի ընտրանքով իրենք են բախում քաղաքացիների դռները՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելով:

Ըստ իս, քաղաքապետի ԺՊ իր «սրտի թեկնածուն» Փաշինյանն ունի, նա փրայմերիզի ցուցանակի տակ, ըստ էության, սոցիոլոգիական հարցում է անցկացնում՝ պարզելու համար գյումրեցիների իրական վերաբերմունքը իր և իշխանության նկատմամբ:

Հանրային տրամադրությունների այս համատեքստը Փաշինյանի համար խիստ կարևոր է՝ Գյումրիի ընտրությունների «հարմար» օր նշանակելու համար:

Սուրեն Սուրենյանց