05/02/2025

Եթե Սարգսյանն ու Քոչարյանն էին «նորածին երեխայի»՝ ԼՂ-ի ծնողները, ապա ինչո՞ւ այդպես էլ չճանաչեցին իրենց «հայրությունը» կամ «մայրությունը»

Փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը տնային կալանքում գտնվելու հանգամանքը որոշել է «օպտիմալ» օգտագործել, որը ՀՀԿ-ական այս գործչի դեպքում Արցախի և ընդհանրապես հայրենասիրական թեմաներով ծեքծեքումներն են՝ շարադրված «արձակ բանաստեղծության» ժանրում։

«Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ …Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։

Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները»,- մասնավորապես գրել է կալանավորը՝ զարկ տալով սեփական ուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում բեղմնավորված քնարական զեղումներին։

Մասնագիտությամբ բժիշկ Աշոտյանը, փաստորեն, դեմ է հղիության հետ անալոգիային, սակայն զարգացրել է այն ընդհուպ հղիության լուծում՝ պտղի լույս աշխարհ գալու տեսքով, և Արցախը, փաստորեն, համեմատել է «նորածին երեխայի» հետ։ Մի երեխայի, որի ծնողը լինելու իրավունքից, փաստորեն, զրկված էր Փաշինյանը։ Արդ, հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր էին այդ երեխայի «հերն ու մերը», գուցե Հանրապետական կուսակցությո՞ւնը, վերջինիս մեկումեջ կոալիցիոն գործընկեր ՀՅ Դաշնակցությո՞ւնը, թե՞ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Երբ այս սուբյեկտները՝ ամեն մեկն իր պաշտոնավարման շրջանում, ձեռքից եկածի, խելքի կտրածի չափով բանակցում էին «երեխայի» թեմայով, ումից էի՞ն «Доверенность» ստացել՝ հայ ժողովրդի՞ց, իրենց նախագահի պաշտոնում չընտրած ՀՀ քաղաքացիների՞ց, թե՞ սեփական «հերերից ու մերերից»։

Եթե համարենք, որ թվարկված սուբյեկտներն են այդ երեխայի ծնողները, ապա նրանք վաղուց պետք է զրկված լինեին ծնողական իրավունքներից և պատասխանատվության ենթարկված լինեին, քանի որ երեխայի ծնվելուց տասնյակ տարիներ անց այդպես էլ չեն ճանաչել իրենց «հայրությունը» կամ «մայրությունը»՝ երեխային դատապարտելով ընկեցիկի, «բոմժի» կարգավիճակի։ Երևի երեխայի հանդեպ ունեցած աննորմալ ու մեծ սիրուց էր, որ ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում առկա հղումը (այն հռչակագրի, որի «անժամանցելիության» մասին ճիչեր ու աղաղակներ են արձակում)՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վերաբերյալ, 2018-ի ապրիլի 23-ի դրությամբ իրագործված չէր։ Ավելին՝ երեխայի նկատմամբ ունեցած աննորմալ սիրուց դրդված այդ ծնողները մեկ անգամ չէ, որ մերժել են դե յուրե, սեփական տան ներսում ճանաչել երեխայի գոյությունը՝ հղում անելով վերջինիս ծագումնաբանության հետ կապված «բանակցային գործընթացին»։ (Այսօր էլ ստիպված են ուտել Պուտինի «բարոյական ապտակները»՝ Ղարաբաղը չճանաչելու թեմայով)։

Ավելին՝ այնքան ցինիկ էին այդ ծնողները, որ կասկածելով իրենց զավակի՝ իրենցից իսկ սերված լինելու հանգամանքին՝ այդ բանակցությունների արդյունքում համաձայնել էին «ԴՆԹ անալիզ» հանձնել «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ու միայն դրա արդյունքից հետո որոշել՝ իրե՞նց երեխան է վաղուց չափահաս դարձած «նորածինը», թե՞, գուցե, այլ սերում ունի (ԼՂՀ վերջնական կարգավիճակի որոշում)։ Այդ ծնողներն էին, չէ՞, որ նույն այդ բանակցությունների արդյունքում համաձայնել էին զրկել երեխային «մանեժից»՝ բուֆերային գոտուց՝ ազատագրված կամ օկուպացված և կամ «զբաղեցված» շրջանները վերադարձնելով երեխայի նկատմամբ ծնողական սևեռուն հավակնություններ ցուցաբերող, երեխայի՝ իրեն պատկանելը պնդող, երեխային զենքի ուժով խլել սպառնացող խալխին՝ Ալիևին։

Աշոտյանի ինտելեկտուալ կարողությունները, հուսանք, կհերիքեն այս «մարդաբանական» թեմատիկայով այլաբանությունն ընկալելու համար, հատկապես որ քաջագիտակ է ԼՂ կոնֆլիկտի խրոնոլոգիային, գիտի բոլոր ծակուծուկերն ու երևի թե Ալիևի այն «մոտ 10 նոր առաջարկների» մասին, որոնք 2011-ին Կազանում, ըստ Սերժ Սարգսյանի, շարադրել էր գրպանից հանած թղթի վրա։

Բավական է աչքի անցկացնել մասնավորապես 2006-2016 թթ. («Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալուց մինչև 2016-ի ապրիլյան պատերազմի դրությամբ քննարկված փաստաթղթեր) խրոնոլոգիան, որպեսզի ակնհայտ դառնա, թե ինչպիսի հանցավոր նաիվությամբ ու նույնպիսի անտարբերությամբ էին երեխայի ծնողները վատնում այն ռեսուրսները՝ ժամանակից մինչև պետական-ֆինանսական միջոցներ, որոնք պետք է ի սպաս դրվեին երեխայի իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար։ Այնպես որ, եթե նախկին պատգամավորի ուղեղի բորբոքված գալարներում անդիմադրելի ցանկություն է առաջացել թրաֆիքինգի մեղադրանք առաջադրել ինչ-որ մեկին, ապա այդ «մեկը» երեխային շահարկելով իշխանությունը զոռբայությամբ զավթած, երեխայի «նպաստը» լափելու, «քյար մտնելու» հաշվին ու միջոցով հարստացած, երեխայի արտաքին օրգաններից առնվազն 5-ը ավանսով վաճառած ու երեխայի հանդեպ այլ «ռազմահայրենասիրական» պղծություններ կատարած սուբյեկտներն են, որոնց անունները հիշատակեցինք քիչ վերը, և որոնց Աշոտյանը, ենթադրաբար, վերագրում է ծնողական իրավունքներ։

Հեղինե Մանուկյան