«Կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ բոլոր երկրներում կա, խնդիրը դրա համակարգային լինելու-չլինելու մեջ է»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ես վստահ եմ, որ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա, բայց պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»,- նկատեց նա:
Սրբուհի Գալյանը ասաց, որ կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են. «Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Նախարարի իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- ընդգծեց նա:
Գալյանը չմեկնաբանեց կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, որ դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։ Ըստ նրա՝ խնդիրը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր որևէ բովանդակային պատասխան չտվեց, թե ինչով են պայմանավորված իր նշանակումից հետո համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները։ Միայն նշեց, թե նորմալ է, որ կադրային փոփոխություններ տեղի ունենան, և դրանք հիմա էլ ընթացքի մեջ են։
Գալյանի նշանակումից հետո պաշտոնից ազատվեցին նախարարի բոլոր չորս տեղակալները, նաև ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանն ու ԴԱՀԿ ծառայության պետ Արսեն Մնացականյանը։
Տեղակալները փոխարինվեցին այլ անձանցով, իսկ ՔԿԾ պետի և ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնները դեռ թափուր են։ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին դեռ նախորդ նախարար Գրիգոր Մինասյանն էր ցանկանում ազատել, բայց Գալյանը, իրականում, չի ցանկացել նրան ազատել, ավելին՝ նրա վերանշանակման վերաբերյալ գրություն է ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս միանգամից ազատել է նրան պաշտոնից։ Գալյանը, սակայն, նշեց, թե այդ հարցերը պատճառաբանման, նույնիսկ պատասխանելու կարիք չկա։
Ի դեպ, մի քանի ամիս է՝ թափուր է նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, և մինչ օրս այս պաշտոնում նշանակում չի եղել։ Սրբուհի Գալյանն այս մասով էլ ասաց․ «Մրցույթը, եթե չեմ սխալվում, տեղի է ունեցել, կարծեմ՝ ունենք հաղթող, բայց դեռ նշանակումը չկա»։
Ավելի ուշ պարզվեց, որ նախարար Սրբուհի Գալյանն, իրականում, սխալվել է աշխատակազմի ղեկավարի մասով ու մի բան ճիշտ չի ասում։ Մեզ ասացին՝ աշխատակազմի ղեկավարի հաստիքի համար մրցույթը, իրականում, տեղի չի ունեցել՝ այն հունվարին նոր պետք է անցկացվի, և եթե տեղի ունեցած լիներ, ապա եռօրյա ժամկետում, ինչպես պահանջում է օրենքը, պետք է արդեն նշանակված լիներ հաղթած թեկնածուն։ Երբ այս հարցով դիմեցինք արդարադատության նախարարություն՝ ճշտելու, թե իսկապե՞ս աշխատակազմի ղեկավարի թափուր հաստիքի մրցույթը տեղի է ունեցել, թե՞ նախարարը ինչ-որ բան շփոթել է, ԱՆ-ից ասացին, որ նախարարը, իրականում, շփոթել է։
Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին