22/12/2024

Ազատման դիմում են գրել, անիմաստ հաստիքներ էլ կան. դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս. Սարիկ Մինասյան

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցել է լիազորությունների կատարմանը:

Լրագրողների հետ 2-րդ հանդիպումը դեկտեմբերի 19-ին էր, առիթը Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին ընդունել, շնորհավորելն էր:

photo_2024-12-19_22-15-58.jpg (119 KB)

«Շնորհակալություն ձեր անձնուրաց նվիրումի, Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու, Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ անգամ հաստատուն կետում պահելու համար: Գյումրիում ավանդույթ է, որ մեր մարզիկները միշտ պետք է հաղթեն: Համայնքապետարանն էլ մշտապես կանգնած է ձեր կողքին ցանկացած հարցում: Մաղթում եմ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- ասաց Մինասյանն ու խորհրդանշական նվերներ հանձնեց հյուրերին:

471102850_122106821300677452_4472324243276846168_n.jpg (201 KB)

Այնուհետ հերթը ներհամայնքապետարանային հարցերինն էր:

Ինչ է հասցրել անել անցնող օրերին Սարիկ Մինասյանը, ինչ հարցեր են կարգավորվել Գյումրու համայնքապետարանում և ինչ կադրային փոփոխություններ կան: Ասաց՝ աշխատանքից ազատման դիմումներ կան, սակայն խնդրել և հորդորել է դրանց հեղինակներին, որ սպասեն, հունվարին հեռանան:

«Պլանավորել ենք համայնքապետարանի և համայնքապատկան կառույցների բոլոր աշխատակիցներին ամանորյա 13-րդ աշխատավարձ տալ, արդեն ստորագրել ենք փաստաթուղթը, իրենք էլ ամբողջ տարին աշխատել են, ճիշտ չէր լինի, որ իրենք ազատվեին հիմա: Եվ կիսատ աշխատավարձ կստանային, և կզրկվեին իրենց 13-րդ աշխատավարձից: Խնդրել եմ, համաձայնել են»,- ասաց Մինասյանը:

Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ եկել է աշխատելու և ով պատրաստ է իր հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու՝ կաշխատի:

«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել »,- ասել էր Մինասյանը:

Արդյո՞ք աշխատանքից ազատման դիմումները գրվել են այս շրջանակում: Մինասյանն ասաց՝ աշխատակիցները դրանք գրել են իրենց կամքով և ցանկությամբ:

Սարիկ Մինասյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մինասյանը դա բարոյական քայլ է համարում:

Արդյո՞ք անկուսակցական Սարիկ Մինասյանին իրենց ձայնը տված հարևաններն ու մյուս քաղաքացիները կրկին պատրաստ կլինեն ընտրել կուսակցական Մինասյանին:

«Էս անգամ արդեն մեր հարևանի բարեկամներն էլ են ձայն տալու: Ինձ կյանքում ոչինչ չի փոխի, ոչ պաշտոն, ոչ կուսակցություն: Ես ով եղել եմ, նույն մարդն էլ կմնամ, վստահ եղեք»,- ասաց Գյումրու համայնքապետի պաշտոնակատարը:

Ինչ խնդիրներ են լուծվել համայնքապետարանում: Մինասյանն ասաց՝ ֆինանսական հարցեր կային տարբեր մատակարար ընկերությունների հետ կապված, որոնք կարգավորվել են:

«Համայնքապետարանի դրսի դռներն ենք սկսել սարքել: Հերթով ջարդել, հասել էին վերջին: Դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս»,- ասաց Մինասյանը:

Խոսելով համացանցումառկա տեղեկությունների մասին, թե Մինասյանը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ լարված հարաբերություններ ունի, ասաց՝ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Սարիկ Մինասյանը նշեց՝ առաջիկայում ավագանու նիստ չի հրավիրվի: Բյուջեի հարցում կառաջնորդվեն նախորդ տարվա ունեցածով:

«Ավելի լավ է արդեն փորձ ունեցած բյուջեով աշխատել, քան ոտքի վրա արագ ընդունածով, որովհետև ես անհամաձայնություն ունեմ և հաստիքների, և աշխատավարձերի հետ կապված: Շատ հաստիքներ կան, որ մեղմ ասած՝ անիմաստ են: Դրանց կրճատման արդյունքում մենք կկարողանանք հիմնական աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձերը բարձրացնել, որովհետև երևէ նորմալ մասնագետ 80 հազար դրամով չի գա, չի աշխատի»,- ասաց Մինասյանը: