Բաքվի իշխանական լրատվամիջոցները հայտնում են դիվանագետի ձերբակալության մասին: Նա Ռամիզ Վելիևն է, որ արտերկրում Ադրբեջանի դեսպանատան պատասխանատու պաշտոնյա է եղել:
Ըստ մամուլի՝ ձերբակալությունն իրականացրել է Պետական անվտանգության ծառայությունը, որ, ի դեպ, դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ըստ լրագրողական վարկածի, որ, անկասկած, կառուցված է պատկան մարմիններից ստացած տեղեկությունների հիման վրա, Վելիևը Բաքվում ստեղծել է ««Ուլդուղ» կայարանի զավակներ» խումբ՝ նպատակ ունենալով «պետության մեջ ստեղծել պետություն»: «Ուլդուզը» Բաքվի մետրոպոլիտենի կայարաններից մեկն է:
Աշխատելով արտերկրում Ադրբեջանի դեսպանատանը, Վելիևը տիրապետել է գաղտնիք պարունակող տեղեկությունների և կազմակերպել է տեղեկատվական արտահոսք՝ կապված լինելով Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության հետ:
Նա, ըստ մամուլի, տեղեկություններ է տրամադրել արտաքին գործերի նախարար Բայրամովի, նախագահի օգնական Հաջիևի և հատուկ հանձնարարություններով Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Ամիրբեկովի արտասահմանյան ուղևորությունների և հանդիպումների մասին:
Ռամիզ Վելիևը ձերբակալվել է դեկտեմբերի 18-ին: Տեղեկատվությունը հակասական է, հայտնի չէ՝ նա Բաքվու՞մ է ձերբակալվել, թե՞ արտերկրում: Ուշագրավ է, որ այդ մասին մամուլի հրապարակումներին նախորդել է պաշտոնական տեղեկատվություն, որ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ Իրաքում արտակարգ և լիազոր դեսպանը «դիվանագիտական ծառայությունից ետ է կանչվել»:
Կարելի է ենթադրել, որ ձերբակալված Վելիևը հանդիսացել է Իրաքում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից, և նրա «կազմակերպած տեղեկատվական արտահոսքը» կապ ունի Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման և հետագա իրադարձությունների հետ:
Իսրայելական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Հայաթ թահրիր ալ-Շամ» կազմավորման ռազմական թևի «հազարավոր ներկայացուցիչներ ծագումով նախկին խորհրդային իսլամադավան հանրապետություններից են»:
Անցած տարիներին Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ Բաքվում դատվել են Սիրիայում ապօրինի զինված խմբավորումների կազմում ընդգրկվելու և ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանքով:
Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նաև Սիրիայից և Իրաքից Ադրբեջանի «քաղաքացիների հայրենադարձության» մասին: Խոսքն, ամենայն հավանականությամբ, էթնիկ ադրբեջանցի զինառյալների կանանց և երեխաների մասին է:
Այդ չափազանց նուրբ հարցերը մի քանի անգամ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև, կարգավորումներին օժանդակելու միջնորդություն է իրականացրել Իրաքյան Քրդստանի առաջնորդ Բարզանին: Ձերբակալված Վելիևը տեղեկատվական արտահոսք ա՞յս կամ նաև ա՞յս հարցերի շուրջ է թույլ տվել, որ ներկա փուլում Ադրբեջանի համար կարող են չափազանց զգայուն լինել:
Նախագահի օգնական Հաջիևը բոլորովին վերջերս է այցելել Իսրայել, որտեղ բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար Սաարի հետ, արժանացել նախագահ Հերցոգի ընդունելությանը:
Վելիևի ձերբակալության մասին ադրբեջանական լրատվամիջոցներն ակնարկում են, որ նա կատարել է «այլ երկրից ստացած հանձնարարություններ»: Ո՞ր երկրի մասին է խոսքը: Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին Ռուսաստանն անվանել է «վստահելի դաշնակից»: Վելիևի գործով ռուսաստանյան հետքը կարելի է բացառել:
Մնում է ենթադրել, որ նրան մեղսագրվում է կամ եվրոպական որևէ երկրի կամ Իրանի գործակալ լինելու հանցանք: Թեև բացառված չէ, որ Ադրբեջանի «պետության ներսում պետություն ստեղծելու» շահագրգռվածություն ունենա նաև Թուրքիան:
Պետք է սպասել, որ մոտակա օրերին Բաքվում կկատարվեն այլ ձերբակալություններ: Եթե գործով ներգրավվեն նաև «Մուսավաթ» և Ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչներ, ուրեմն Բաքվում ներքաղաքական դիմակայություն է բացահայտվում:
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞