Մոսկվայում սպանվել է ՌԴ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Իգոր Կիրիլովը: Պայթյունի զոհ է դարձել նաև նրա օգնականը: Ըստ պաշտոնական վարկածի՝ էլեկտրական ինքնագլորի վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարման միջոցով:
Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի նկատմամբ դիտարկումն իրականացվել է վարձույթով վերցված ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկի միջոցով:
Հանցագործության անմիջական հետքերով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի, որի անունը նախաքննության մարմինը չի հրապարակում: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա Ահմադ Կուրբանովն է՝ ծնված 1995 թվականին: Կուրբանովը նախկինում եղել է Մոսկվայում, աշխատել է ուզբեկական թեյարանում: Ուզբեկստանի պատկան մարմինները ռուս կոլեգաներին հայտնել են, որ Կուրբանովը նախկինում ուշադրություն չի գրավել:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ եթե գեներալ Կիրիլովը պատկան մարմինների կողմից պրոֆեսիոնալ պաշտպանության տակ գտնվեր, ապա անուշադրության չէր մատնվի ձմեռային փողոցում կայանված էլեկտրական ինքնագլորը և վարձույթով ավտոմեքենան, որ մի քանի օր կանգնած է եղել բազմաբնակարան շենքին անմիջապես հարող ճանապարհահատվածում:
Ի՞նչ է ակնարկում ռուսական հեղինակավոր լրատվամիջոցը: Հետաքննության մարմինը Կուրբանովին ձերբակալել է մերձմոսկովյան Բալաշիխայում: Նա անմիջապես խոստովանական ցուցմունք է տվել, որ հավաքագրված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, սպանությունը կատարելուց հետո պետք է ստանար 100 հազար դոլար և ապաստան գտներ Եվրոպայում:
Լրագրողները «պեղել» և պարզել են, որ նման սցենարով ահաբեկչությունների բարձր հավանականության մասին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը խոսել է դեռևս օգոստոսին: Նա հստակ թիրախավորել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին, որ «հանցագործություն կատարելու համար հավաքագրում են միգրանտների»:
Եթե ԱԴԾ-ն օգոստոսին նման տեղեկություն ուներ, ապա պետք է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկեր՝ ապահովագրելու գոնե բարձրաստիճան զինվորականների կյանքը, որոնք պատերազմի տրամաբանության Ուկրաինայի թշնամիների առաջին շարքերում են: «Նեզավիսիմայա գազետան» կանխատեսում է միգրանտների նկատմամբ «վերաբերմունքի կտրուկ փոփոխություն»:
Թերթը չի բացառում, որ գեներալ Կիրիլովի սպանությունն իրականացնողի ընտրությունը «նույնպես կանխամտածված է» և հիշեցնում «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո հատկապես տաջիկների նկատմամբ տարածված անհանդուրժողականությունը: Անցած ժամանակահատվածում Ռուսաստանը միգրացիոն օրենսդրության մի քանի փոփոխություններ է կատարել, որ զանգվածային դժգոհության տեղիք են տվել:
Գեներալ Կիրիլովի սպանությունը, հավանաբար, նույնպես կօգտագործվի Կենտրոնական Ասիայի երկրներից Ռուսաստան տեղափոխվածների նկատմամբ ոստիկանական և հատուկ ծառայությունների հսկողությունն ուժեղացնելու նպատակով: Չի բացառված, որ պետական դուման ավելի խստացնի միգրացիոն օրենսդրությունը:
Իրավիճակը կարող է սրվել մինչև ազգամիջյան բախումներ, ինչը, կարծես, ուկրաինական հատուկ ծառայությունների բուն նպատակն է. Կենտրոնական Ասիայի իսլամադավան երկրների քաղաքացիները Ռուսաստանում, երևի, հավատակից ժողովուրդների համակրանքն են վայելում: Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրներն Ռուսաստանում ունեն իրենց կազմակերպված համայնքները:
Այդ մարդիկ հիմնականում ՌԴ քաղաքացիներ են, բայց չեն կարող հայրենակիցների ճակատագրի հանդեպ անտարբեր գտնվել: Ռուսաստանը բախվում է լրջագույն խնդրի:
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Բաքվում ներքաղաքական դիմակայություն է բացահայտվում