«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն է:
– Ալիեւն օրերս պնդեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է: Նշեց՝ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է սահմանին 3-րդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը: Փաշինյանի արձագանքը դրական էր՝ Երեւանը դեմ չէ:
– Նախ ասեմ, որ Ալիեւի պահանջները, որոնց ամեն օր ավելանում են նորերը, նախատեսված են ավելի շուտ պայմանագրից խուսափելու, քան այդ պայմանագիրն Ադրբեջանի նախընտրություններին առավելագույնս համապատասխան դարձնելու համար։ Ալիեւն ինքն էլ չգիտի, թե որտեղ են իրական կարմիր գծերը, որոնցից այն կողմ գնալ չի կարող, մանավանդ, որ ամեն անգամ պարզվում է, որ հայկական կողմը հերթական պահանջին չի պատրաստվում դիմադրել։ Հետեւաբար, Ալիեւը պատճառ չի տեսնում կանգ առնելու ու վերջնական կարգավորման գնալու։ Ալիեւի կոշտացող վարքագիծը նաեւ հետեւանք է դրա համար նպաստավոր դիվանագիտական միջավայրի։ Կարեւոր է գիտակցել նաեւ այն, որ Հայաստանի հետ վերջնական խաղաղությունն ու հաշտեցումը կարող են ադրբեջանական հասարակությանը հնարավորություն տալ՝ կենտրոնանալու Ադրբեջանի այլ խնդիրների` կոռուպցիայի, հակաժողովրդավարական վարքագծի եւ այլ ներքին խնդիրների վրա, ինչը նույնպես չի համապատասխանում Ալիեւի ու նրա ռեժիմի շահերին։
Կցանկանայի ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա եւս։ Չնայած այն բանին, որ խոսվում է պայմանագրի փաստաթղթում ընդամենը երկու կետի մասին, որոնք տակավին համաձայնեցված չեն, միաժամանակ Ադրբեջանն առաջ է քաշում պահանջներ, որոնք պայմանագրի կոնտեքստից դուրս են։ Բնական հարց է առաջանում. արդյո՞ք պայմանագիրը բավարար է լինելու հակամարտության վերջնական լուծման, խաղաղության ու հաշտեցման համար։ Պատասխանը կարծես նույնքան ակնհայտ է. եթե նույնիսկ փոխադարձ հայցերի ու ԵՄ դիտորդական առաքելության հարցերը լուծվեն, ու պայմանագիրը կնքվի, խաղաղություն ու հաշտեցում չեն կարող լինել շարունակվող ճնշումների ու պահանջների պայմաններում։
– Բաքվի առաջ քաշած պահանջների թվում ոչ պակաս ուշագրավ են ՀՀ սահմանադրության փոփոխությունը, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձը, ԵԱՀԿ-ի լուծարումը: Փաշինյանը ոչ միայն բացահայտ ընդունում է Ալիեւի պայմանները, այլեւ վտանգավոր հուն բացում նորերի համար:
– Սրանք, իմիջիայլոց, հենց այն պահանջների շարքում են, որոնք դուրս են պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների կոնտեքստից։ Հիմա այդ պահանջների մասին՝ ըստ էության։ Առաջին պահանջի վերաբերյալ ամենալավատեսական մեկնաբանությունը, որ կարելի է տալ, այն է, որ Ադրբեջանը փորձում է այդպիսով հակակշիռ ստեղծել հետագայում արցախահայության` Արցախ վերադառնալու կամ նրանց կողմից Ադրբեջանին հատուցման պահանջներ ներկայացնելու դեմ։ Կրկնում եմ՝ սա ամենալավատեսական մեկնաբանությունն է։ Ավելի հավանական է, որ Ադրբեջանում լրջորեն են տրամադրված ու ավելի հեռահար մտադրություններ ունեն` Հայաստանում հինգերորդ շարասյուն ստեղծելու կամ նույնիսկ Հայաստանի որեւէ հատված, փաստորեն, դե ֆակտո իրենցով անելու ուղղությամբ։ Կարծես թե խոսքը գնում է այդ 300 հազար ադրբեջանցուն հատկապես Սյունիքում վերաբնակեցնելու մասին, ինչի ենթատեքստն ավելի քան թափանցիկ է։ Ինչ վերաբերում է միջանցքին, ես այն տեսակետն ունեմ, որ սա հայ-ադրբեջանական խնդիր չէ։ Սա, իրականում, շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական հակամարտության դրվագ է։ Ես կարծում եմ, որ այստեղ հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք ռուսները լինելու են այդ միջանցքի երաշխավորները, թե՞ ոչ։ Արեւմուտքը քաջալերում է Հայաստանին՝ դիմադրել նման հեռանկարին, ինչի մասին հստակորեն խոսեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենը՝ մի քանի ամիս առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ, հետո՝ նաեւ դրան հաջորդած կոնգրեսական լսումների ընթացքում։ Մնում է հուսալ, որ նման քաջալերանքն ամրապնդված է երաշխիքներով, ինչի վերաբերյալ ես լրջագույն կասկածներ ունեմ։
– «Խաղաղության խաչմերուկ» վերտառությամբ բրոշյուրը «դարակազմիկ» ռազմավարական թուղթ ներկայացնող, այն աշխարհի տարբեր ծագերում թափահարող Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության դեմ ինչպե՞ս պայքարել: Որքա՞ն հեռու կգնան սրանք, որպեսզի հասկանանք պետականակործան սպառնալիքի չափը:
– Ես կարծում եմ`Փաշինյանին իշխանությունից հեռացնել հնարավոր չէ, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել այն համոզմունքը, որ 2020-ին պարտվել է ոչ թե ազատական, սորոսական, թաքուն գործարքների գնացած, թուրք-ադրբեջանական գործակալ Նիկոլ Փաշինյանը, այլ կատաղի նժդեհական, ոչմիթիզական, «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» գոռացող, սեփական գլխավոր շտաբի` դիվանագիտական դիրքորոշումները փոխելու հորդորներն անտեսող, Սեւրի պայմանագրի ակտուալության մասին հայտարարություններ անող, «տավուշյան հերոսամարտ» կրկեսային ներկայացում բեմադրող, բանակցային գործընթացը տորբեդահարող, արդեն պարտված վիճակում զինադադարի առաջարկներ մերժող, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսական մոդելի կրող ու նրանց գործը շարունակող Նիկոլ Փաշինյանը։ Մինչեւ այս գիտակցությունը մեր հասարակության համար ակնհայտ չդառնա, մենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նույնիսկ հեռավոր շանս չենք ունենալու։ Պիտի ասեմ, որ ես լավատես չեմ, որ դա տեղի է ունենալու տեսանելի ապագայում։ Հակառակը, 2020-ից հետո մեր ամբողջ մտավորական ու քաղաքական վերնախավը լծված է այս աղետի համար իրենց բաժին պատասխանատվությունից ձեռքերը լվանալով, այս աղետը դավաճանության անհամ մեղադրանքներով բացատրելով եւ նույն սնանկացած գաղափարների հիման վրա ժողովրդին Նիկոլ Փաշինյանի դեմ ոտքի հանելու փորձերով։
Էլ չեմ խոսում այն մասին, որ նույն ուժերը մի ինքնաքննադատական կամ ապաշխարանքի խոսք չեն ասել հեղափոխությանը նախորդած երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն ասպատակելու ու ֆեոդալական երկրի վերածելու համար։ Մեր երկրի դառը ողբերգությունն ու ամոթն է, որ դրանք են Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմությունը։ Եվ քանի դեռ սա է քաղաքական ուժերի դասավորությունը, քանի դեռ ռեսուրսներն այդ ուժերի ձեռքում են կենտրոնացած, քանի դեռ այդ ուժերը սեփական ժառանգության որեւէ վերագնահատման փորձ չեն արել, Նիկոլ Փաշինյանի իշխանության կայունությունը երաշխավորված է, եթե նույնիսկ Հայաստանի կեսն Ադրբեջանին հանձնի։
– Փաշինյանը խոստովանում է՝ «մեծ սխալ» է գործել, որ ժողովրդին անկեղծորեն չի ասել, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն («Արցախ» չի ասում) Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա նաեւ բանավեճի է հրավիրել ՀՀ նախկին նախագահներին՝ իր ասածը հիմնավորելու համար: Ընդդիմախոսների արձագանքը հեգնական է ու բացասական: Մոռացե՞լ է բանակցությունները սեփական՝ զրո կետից սկսելու մասին:
– Մեծ սխալ գործած ղեկավարները մեծ սխալն ընդունելուց հետո հրաժարական են տալիս, ուրիշներին բանավեճերի չեն հրավիրում։
– Աշխարհն էլ լուռ է. համաշխարհային խաղացողները «գնդակը թողել են» Հայաստանի եւ Ադրբեջանի դաշտում: ՌԴ-ն, օրինակ, չի էլ թաքցնում, որ բոլոր պայմանավորվածությունները վերապահված են Երեւանին եւ Բաքվին: Արեւմուտքում խառն են՝ Ուկրաինա, Իսրայել, Սիրիա…
– Մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ մի շատ տարրական, բայց շատ կարեւոր բան։ Աշխարհը կամ այդ աշխարհի մաս կազմող որեւէ երկիր մեզ օգնության կգա միայն այն դեպքում եւ այն չափով, որը համապատասխանում է իր շահերին։ Եթե մեջտեղը որեւէ շահ չկա, մեր սիրուն աչքերի համար, մեր` քաղաքակրթությանը մատուցած ծառայությունների համար, ինչ-որ անհասկանալի բարոյական պարտավորություններից ելնելով մեզ ոչ ոք չի օգնելու։ Կարող են, իհարկե, «Լը Մոնդում» ու «Նյու Յորք Թայմսում» մեզ կարեկցող հոդվածներ գրել, նույնիսկ իրենց խորհրդարաններում մեր դեմ արված մեր հակառակորդների վայրագությունները դատապարտել, բայց լուրջ աջակցություն չի լինելու, եթե շահ չկա, ու, առավել եւս՝ եթե հակառակորդիդ հետ ընդհանուր շահեր ունեն։ Բայց դրանից զարմանալ ու նեղանալ չի կարելի, դա ընդամենը պետք է ի գիտություն ընդունել ու համապատասխան հետեւություններ անել։ Հիմա՝ ռուսների ու Արեւմուտքի մասին։ Ռուսները բավականին երկար ժամանակ լրջորեն շահագրգռված էին Թուրքիայի ու վերջինիս արեւմտյան դաշնակիցների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները շահագործելով, ելնելով նույն Արեւմուտքի` Ռուսաստանի դեմ որդեգրած ագրեսիվ պահվածքից։ Մոտավորապես 2010-ից սկսած, դա բավականին հստակորեն ուրվագծվում էր։ Ռուսաստանը նաեւ շահագրգռված էր այն բանում, որ Ադրբեջանը չորդեգրի Արեւմուտքի հետ մերձենալու նույն քաղաքականությունը, ինչպես դա արել էին Ուկրաինան ու Վրաստանը։ Այդ զարգացումները ենթադրում էին մի քաղաքականություն մեր տարածաշրջանում, որը որեւէ կերպ չէր կարող լինել անվերապահորեն պրոհայկական եւ որը ենթադրում էր ահագնացող ճնշում Արցախի հարցը լուծելու ուղղությամբ։ Մենք որոշեցինք գլուխներս ավազի մեջ թաղել ու դա չտեսնել։ Շարունակեցինք փարված մնալ Արցախում ստատուս քվոն պահելու անհեռանկար քաղաքականությանն ու մեր ձեռքով մեր գլխին բերեցինք 2020-ի աղետը։ Հետո նեղացանք ռուսներից ու մեղադրեցինք նրանց` մեզ լքելու մեջ։ Որոշեցինք, որ պիտի սաբոտաժ անենք խաղաղ կարգավորման գործընթացը, որը ոտնահարում էր Ռուսաստանի շահերը։
Այնպես որ, շատ զարմանալ պետք չէ, որ ռուսներն ասում են` не хотите, как хотите։ Հիմա էլ որոշել ենք, որ Արեւմուտքը պատրաստ է մեզ տալու բաներ, որ ռուսները չեն տալիս, չնայած Արեւմուտքից ոչ մի նման ազդանշան չկա, եթե մի կողմ դնենք Մակրոնի ու ԱՄՆ-ում մի երկու կոնգրեսականի պարբերական սիրո խոստովանություններն առ հայ ժողովուրդ։ Որոշել ենք, որ կարող ենք Արեւմուտքի հետ ստրատեգիական հարաբերություններ կառուցել, չնայած ռուսները դա սպառնալիք են համարում, ու չնայած աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները։ Բայց, այս ամենով հանդերձ, տակավին ակնկալում ենք, որ ռուսները պիտի անվերապահորեն մեզ աջակցեն ու այդ ակնկալիքին չհամապատասխանող ամեն նոր քայլ ու հայտարարություն Ռուսաստանի կողմից ընկալում ենք որպես հաստատում այն պնդման, որ ռուսները մեր թշնամիներն են։ Այնպես որ, աշխարհի լռությունը չէ խնդիրը։ Աշխարհն ինչ-որ բաներ մեզ ասում է, նույնիսկ եթե երբեմն այդ բաներն ուղիղ չի ասում։ Խնդիրը լսելու ու ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է։
Բաց մի թողեք
Դատարանը պարտավորեցրել է Լայվնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանին Ստյոպա Սաֆարյանից ներողություն խնդրել. Լուսանկար
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Կարեն Զադոյանը «Թրանսփարենսիին» մեղադրում է իշխանության հետ փոխկապակցության մեջ