13/01/2025

Ահա ռուս-իրանական պայմանագիրը, ահա ռուս-ադրբեջանական համաձայնագիրը

Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին անոնսավորել է, որ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա:

Նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում էլ կստորագրվի «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագիրը, որի շուրջ քննարկումներն ընթանում են արդեն երեք տարի:

Ըստ ծրագրվածի՝ այդ պայմանագիրը պետք է ստորագրվեր դեռևս հունիսին, բայց Իրանի նախագահ Ռեիսին ուղղաթիռի աղետի զոհ դարձավ: Պայմանագիրը չստորագրվեց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ այդ կարևոր իրադարձությունը տեղի կունենա Իրանի նախագահի Մոսկվա «առանձին այցի ժամանակ»:

Փորձագետները, սակայն, այդ հավանականությունը բարձր չէին գնահատում: Դեկտեմբերի 7-ին Սիրիայում Ասադի վարչախումբը տապալվեց և, ինչպես մեկնաբաններից մեկն է ձևակերպել՝ «Իրանին այլևս ոչինչ չի մնում, քան մտնել ռուսական հովանոցի տակ»:

Ըստ էության՝ Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը փորձություն է նաև Ռուսաստանի համար, եթե իրատեսական են կանխատեսումները, որ Դոնալդ Թրամփն Իրանի հետ շատ ավելի «կոշտ է վերաբերվելու», ապա Մոսկվա-Թեհրան ռազմավարական համագործակցությունը, բնականաբար, ազդելու է Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությանը:

Ռուս-իրանական համապարփակ գործընկերությունը բավական լուրջ մարտահրավեր է նաեւ Ադրբեջանին: Վաշինգտոնի դեմոկրատական վարչակազմը, մեղմ ասած, չի ողջունել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պարզեցված տրանզիտ ապահովելու Բաքվի համաձայնությունը: Քաղաքական նոր իրավիճակի տրամաբանությամբ, եթե, կրկնենք, Թրամփի նպատակն իրոք Իրանին «ծնկի բերելն է», Վաշինգտոնն այդ հարցում պետք է ավելի կոշտ և հետևողական մոտեցում ցուցաբերի:

Դրան, անշուշտ, պետք է ավելացնել Սիրիայի հարցում թուրք-իրանական ակնհայտ լարվածությունը: Վերջին օրերին Անկարան մի քանի քայլեր է ձեռնարկել, որպեսզի Բաքուն ներգրավվի սիրիական գործընթացներին: Ենթատեքստը, կարծես, այն է, որ այդ հարցում Ադրբեջանը ոչ թե ռուս-իրանական, այլ՝ թուրքական ճամբարում է: Իսկ կոնկրետ այս փուլում Սիրիայի նկատմամբ թուրքական «պրոտեկտորատը», կարծես, ԱՄՆ-ի և Եվրամիության համար ընդհանուր առմամբ ընդունելի է:

Սիրիայի ներքաղաքական իրավիճակին իրազեկ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի համար նախընտրելի կլիներ, եթե Դամասկոսում իշխանությունն անցներ «Սիրիայի ազատագրական բանակ» խմբավորմանը: Եվ երբ «Հայաթ թահրիր ալ-Շամի» պարագլուխ ալ-Ջուլանին ասում է, որ Ռուսաստանը «պետք է մնա Սիրիայում», երևի թե պետք է հասկանալ այն իմաստով, որ Մոսկվայի համար ինքն ավելի ընդունելի է, քան Թուրքիայի անմիջական հովանավորյալ ուժերը:

Չափազանց խճճված այս իրավիճակում, ինչին հավելյալ բարդություն է հաղորդում Իսրայելը՝ նոր հենակետեր ստեղծելով Գոլանի բարձունքների սիրիական հատվածում, Ադրբեջանի նախագահը կանգնած է դաշնակիցների հետ հարաբերություններում գոնե տակտիկական կոնսենսուս ապահովելու գերխնդրի առջև: Նրա համար հավասարապես վտանգավոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի, անգամ Իրանի և Իսրայելի «զայրույթը»:

Ալիևի համար, ամենայն հավանականությամբ, իդեալական կլիներ, եթե ռուս-իրանական տարաձայնությունները մնային չկարգավորված, համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ռուս-իրանական պայմանագիր չստորագրվեր: Այդ դեպքում կստացվեր, որ Ադրբեջանը «պատրաստ է, բայց Ռուսաստանը և Իրանը չեն պայմանավորվում»:

Հունվարի 17-ից հետո կստեղծվի բոլորովին այլ իրավիճակ՝ ահա ռուս-իրանական պայմանագիրը, ահա պարզեցված տրանզիտի մասին ռուս-ադրբեջանական համաձայնագիրը: Ադրբեջանը հարկադրված կլինի ապահովել Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումները: Ընդ որում՝ միայն էլեկտրոնային ծանուցման ռեժիմով:

Ադրբեջանի նախագահը սովորություն ունի ասել, որ բարդ որոշումներ ընդունելիս «խորհրդակցում է» հոր հետ՝ հասկանալու, թե նման իրավիճակում նա ինչ կաներ: Ալիևն, իհարկե, Դանեմարքայի արքայազնը չէ, «լինե՞լ, թե՞ չլինել» երկընտրանքի առջև չէ, բայց երաշխիք չկա, որ այդ հեռանկարը չի սպառնում:

Շեքսպիրի հերոսին գաղտնիքը բացում է հոր ուրվականը: Հեյդար Ալիևի քաղաքական ուրվականը կօգնի՞ Իլհամ Ալիևին: