13/05/2026

EU – Armenia

Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ

Որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, թե իբր հնչել են կրակոցներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը՝ տեղեկացնելով․

«ՆԳՆ ոստիկանությունը առաջնորդվում է բացառապես օրենքից բխող լիազորությունների շրջանակում՝ պատշաճ կատարելով գործառութային պարտականություններն ու հանձնարարականները։ Ոստիկանության ծառայողներին հանիրավի թիրախավորելն ու մանիպուլյատիվ այլ հնարքներն առնվազն հանրությանը մոլորեցնելու միտում ունեն։

Մայիսի 11-ի գիշերը՝ ժամը՝ 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։

Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։

Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և չխեղաթյուրել իրական պատկերը։ Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար պահպանելով գործընկերային հարաբերությունները՝ կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն»։