Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականը սկսել է Հայաստանի հասցեին մարտաշունչ հայտարարություններով: Ալիևի այդ ելույթը բերել է եզրակացությունների, որ Ադրբեջանը նոր տարում կարծրացնելու է Հայաստանի հանդեպ դիրքորոշումները:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի դիրքորոշումները կարծր են եղել միշտ: Ավելին, առավել անզիջում քաղաքականության բաց դրսևորումները նկատելի են եղել դեռևս Ադրբեջանում անցկացվող Կլիմայի գագաթնաժողովի օրերից:
Ինքնին հանգամանքը, որ Ադրբեջանը Երեւանի հետ չգնաց որևէ համաձայնության, որը թույլ կտար Հայաստանի մասնակցություն այդ միջոցառմանը, հուշում էր, որ Բաքուն չունի որևէ այսպես ասած կառուցողականության մտադրություն անգամ:
Այդ գնահատականը բարձրաձայնել եմ հենց այդ օրերին: Հետևաբար, Ադրբեջանի նախագահի հարցազրույցի առումով չկա որևէ նորություն, եթե այն գնահատենք իր տոնայնության մեջ:
Միշտ պատրանք է եղել այն, թե Ադրբեջանը եղել է կառուցողական և դույզն իսկ շեղվել է Հայաստանի հանդեպ իր առավելապաշտական քաղաքականությունից: Ներկայումս, Բաքուն թերևս եկել է մի կետի, որտեղ արդեն գրեթե անհնարին է քաղաքական գործընթացի միջոցով ստանալ իր պահանջների բավարարում:
Պաշտոնական Երևանի համար շատ բարդ է լինելու հայ հանրության թեկուզ իր համակիր մասին վերստին բացատրել որևէ «նոր Կիրանց»:
Միևնույն ժամանակ, չկա որևէ նոր միջազգային միջնորդության հեռանկար: Այդ պայմաններում Ադրբեջանը նվազագույնը ձեռնամուխ է լինում հռետորաբանության և պահանջների կոշտացման, որոնք ուղղված են թերևս ոչ միայն Հայաստանին, այլ Կովկասի իրավիճակով այս կամ այն կերպ շահագրգռված երրորդ խաղացողներին, և հատկապես թերևս հունվարի 17-ին Մոսկվայում ռազմավարական համապարփակ պայմանագիր ստորագրելու պատրաստվող Ռուսաստանին ու Իրանին:
Մոսկվայում Իրանի դեսպանն անոնսավորել է Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան, որի ընթացքում կարող է ստորագրվել պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրումը անկասկած նշանակելու է փոփոխություն նաև Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի տրամաբանության մեջ, Ալիևի համար, այսպես ասած, առավելապաշտության քաղաքականության էական արգելակի տրամաբանությամբ:
Այստեղ սակայն առանցքային հարցը դառնում է այն, թե կգնա՞ արդյոք Իլհամ Ալիևը գործողության՝ հոխորտանքներից այն կողմ, որը միտված կլինի ռեգիոնալ ստատուս-քվոյի նոր փոփոխության: Նա իհարկե այդպիսի քայլի կգնա միայն ունենալով այն խաղացողների հավանությունը, որոնք կարող են լինել ռուս-իրանական պայմանագրի «կանխարգելման» շահառու: Իսկ այդտեղ, իհարկե, պատկերը բավականին խճանկարային է:
Բաց մի թողեք
Պայմանագրի ստորագրմանը հաջորդում է աղմկոտ հանցագործություն Թեհրանում
Ո՞ր ոլորտներում է Կոբախիձեն պատկերացնում ՎՀ, ՀՀ, ԱՀ եռակողմ ձևաչափ
Մեծ Բրիտանիան «ապահովագրում է» Ուկրաինային