Երեւանում երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվող ամուսնու հարազատները, համագյուղացիները պահանջում են այդ գործով արդարություն: Կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի հարազատները 2025 թվականի հունվարի 8-ին այս գործով արդարության պահանջով բողոքի ցույց են արել:
«Նարեկ Սարգսյանը ինքնակամ է ներկայացել, երբ իմացել է ՝ իրեն փնտրում են: Այդ պարագայում, ամենասկզբից, երբ կալանքը կիրառվել է, դատարանները փախչելու ռիսկը չեն տեսել: Ինչու են համագյուղացիներն ու հարազատները հավաքվել, որովհետեւ դատարանը՝ հասկանալով, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է, քանի որ դատաքննությունը բոլոր ապացույցները հետազոտման տեսանկյունից սպառել է, դիտավորյալ, մենք դիտավորություն ենք տեսնում, որոշեց, որ հիմա էլ կա փախուստի ռիսկ: Դրա համար չի կիրառում տնային կալանք: Դա այն պարագայում, որ հենց ամենասկզբից չի եղել փախուստի ռիսկ, նախաքննության ժամանակ 4 ժամ եղել է դրսում ու չի փախել, այդ թվում այս ընթացքում 1,5 ամիս եղել է տնային կալանքի մեջ ու կրկին փախուստ չի կատարել: Մենք տեսնում ենք, որ դատավորն իրեն պահում է դատախազի նման:
Այսինքն՝ տպավորություն է, որ պաշտպանական կողմը պայքարում է դատախազի դեմ: Դատավորն իրեն հարիր չի պահում: Մեր գործով դատախազը դատավորի պրակտիկանտն է, ինչը իրենց համար բացարկի հիմք չէ, նորմալ են նայում: Իմ ելույթների ժամանակ հիմնավորում եմ, որ խափանման միջոցը պետք է փոխվի, դատավորը նույնիսկ չի լսում: Այս պահելաձեւի դեմ էր նաեւ Նարեկ Սարգսյանի հարազատների բողոքի ակցիան, որ դատարանն ակնհայտ ուղղորդված է»,- Aravot.am-ին ասաց Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:
Պաշտպանական կողմը վիճարկում է դիակի դատաբժշկական փորձաքննությունը ՝ պահանջելով կրկնակի փորձաքննություն. «Դիակի դատաբժշկական փորձաքննությունը վիճարկում ենք: Ասում ենք, որ մեղադրանքի մեջ նշված ժամը մահը վրա հասնելու հանգամանքը իրական չէ… կա մեկ այլ անձ, որը մուտք է գործում շենք, այդ անձին չեն նույնականացրել, չեն պարզել՝ ով է: Մինչդեռ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ, որ անմեղ է, բազմաթիվ ապացույցներ կան: Նաեւ այն հանգամանքը, որ կնոջ հեռախոսը շարունակել է գտնվել ինչ-որ անձի մոտ եւ ալեհավաքները արձանագրվել է այն ժամանակահատվածում, երբ Նարեկ Սարգսյանը գտնվել է ձերբակալվածների պահման վայրում»:
Անդրադառնալով իրավապահների հայտնած տեղեկությանը, թե կնոջը Նարեկ Սարգսյանը սպանել է երեք ամյա երեխայի աչքի առաջ, Աննա Ծառուկյանը շարունակեց. «Այդ մեղադրանքը գալիս է հենց դատախազությունից: Մինչդեռ այն տեսանյութերը, որոնք փաստում էին անմիջապես ժամանակահատվածը, երբ Նարեկը մուտքից դուրս է գալիս երեխայի հետ, ուղարկել ենք փորձագետների, տվել են փորձագիտական կարծիք: Փաստել են, որ երեխան շատ անկաշկանդ է, չունի արտահայտված հուզականություն, նույնիսկ հայացքով չի փնտրում մորը եւ ինքնագլորի վրա կանգնած հանգիստ հեռանում է: Նարեկ Սարգսյանն էլ ոչ թե փախուստ է կատարում, այլ անմիջապես սովորական մուտքով է դուրս գալիս… փորձագետները կարծիքով հիմնավորել են, որ այդ ամենը չի խոսում նրա մասին, որ Նարեկը վերեւում ունեցել է ինչ-որ անհանգիստ գործողություն, սպանության կամ անախորժ վիճակում է եղել»:
Պաշտպանական կողմը առարկել է երեխայի հարցաքննությունը, ըստ Ծառուկյանի, որովհետեւ երեխան սահմանադրական իր իրավունքից պետք է օգտվեր հոր դեմ որեւէ ցուցմունք չտալու առումով:
Բայց վարույթ իրականացնող մարմինը երեխային ուղարկել է դատահոգեբանական փորձաքննության եւ հաստատվել է, որ երեխան որեւէ գործողություն չի կարող նկարագրել. «Իրենք, իհարկե բերել են մի կարծիք, որ առանձին իրենց տեսանյութերի վրա է հիմնված, իբր երեխան ձեռքը տանում է կոկորդին ու խեղդելու գործողություն է կատարում: Ես հարցում եմ կատարել երեխայի մանկապարտեզի վայր ու կոնկրետ հարց դրել՝ երեխան որեւէ բան ուզելիս երբեւէ ժեստերի գործողություններո՞վ է հասկացնում, թե՞՝ ոչ: Որովհետեւ ես այդ տեսանյութերի մեջ տեսնում եմ՝ ինչպես է ձեռքը տանում դեպի բերանը եւ ասում բաժակ: Գրություն են տրամադրել, որ երեխան պարբերաբար երբ ջուր է ուզել, ձեռքը տարել է բերանին ու կոկորդին եւ ասել՝ բաժակ»:
Փաստաբանը նկատեց, որ տուժող կողմն ամեն ինչ անում է, որ Նարեկ Սարգսյանը մնա կալանքի տակ, որովհետեւ վերջինս ի սկզբանե անցանկալի փեսա է եղել, որովհետեւ արյունակցական կապ է եղել նրանց մեջ: Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ սպանված կնոջ տնից գողություն էլ է եղել, ինչի մասին մեծ դժվարությամբ են տեղեկություններ տուժող կողմից ստացել. «Մենք ասում էինք, որ հնարավոր է՝ սպանությունը երկրորդական օբյեկտ է, առաջինը՝ գույքի հափշտակությունն է»:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում չկա սպանության շարժառիթը ու իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ սպանվածն ու սպանության մեջ մեղադրվողը ամուսնալուծված են եղել. «Աղջիկը եղել է հղի: Այդ խոսույթը, որ նախկին ամուսիններ են, գալիս է տուժող կողմից: Նարեկ Սարգսյանը երկհարկանի տուն է սարքում, դա է եղել պատճառը, որ իրարից հեռու են ապրել, ու սկեսուրի հետ որոշակի խնդիրներ են եղել: Դրա համար բնակվել է Երեւանում մինչեւ Նարեկ Սարգսյանը տունը ավարտի: Նախկին ամուսիններ են խոսույթն ավարտվեց, երբ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հղիության փաստը հիմնավորվեց: Կնոջ հղիության մասին իմացել ենք քրեակատարողական հիմնարկում, մինչ այդ Նարեկ Սարգսյանը չի իմացել, ոչ ոք չի իմացել»:
Բաց մի թողեք
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան․ Լուսանկար
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով. Լուսանկար
Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին