16/02/2025

Պետությունը գործունակ և էֆեկտիվ է այնքանով, որքանով կարողանում է լուծելի խնդիրներ սահմանել՝

1914թ. ապրիլին Վահան Տերյանը, ում մահվան հերթական տարելիցի առթիվ հայաստանյան սոցիալական մեդիան մի քանի օր «հեկեկում էր», Թիֆլիսում դասախոսություն է կարդացել՝ «Հայ գրականության գալիք» օրը:

«Լեկցիայիս քիչ մարդ կար»,- գրել է ընկերոջը և հատուկ ընդգծել, որ «դաշնակ-հորիզոնիստները («Հորիզոն» թերթի շուրջ համախմբված մտավորականությունը) կատաղած էին»: Ինչո՞ւ: Որովհետև Տերյանը «թեթևակի» ծաղրել էր հայ ազգային-ազատագրական պայքարի շեփորահար Գամառ Քաթիպային, որ երազում էր Մայր տաճարում ունենալ հայկական ակադեմիա:

Տերյանը խորհուրդ է տվել ազգային ակնկալիքները կապել ոչ թե Էջմիածնի խարխուլ գմբեթների, այլ դաշտերը հերկող մեքենաների և լեռներ պայթեցնող դինամիտի հետ:

Կարելի է վարկածել, որ նա բանաստեղծի վեցերորդ զգայարանով գուշակել է համաշխարհային պատերազմը, հզոր բանակների զորաշարժեր, մի հեռանկար, որի հանդեպ, իրոք, և՛ Պատկանյանի հայտնի «օրորոցայինն» էր կատարելապես անզոր, և՛ Լուսավորչի հազար հինգհարյուրամյա աթոռը:

Հենց այդ ժամանակ է Տերյանը քննադատել պոլսահայ հանրային-գրական «հեթանոսական» շարժումը, և հայկական հարցի այլ լուծում, քան Թուրքիայի այդ տարածքների ռուսական օկուպացիան է, չի տեսել՝ վերջնականապես ամփոփելով, որ մեր հայրենիքը Ռուսիան է:

Երբ աշխատում էի «Հոգևոր Հայաստանը և արդիականությունը» գրքի վրա, Ստեփանակերտում և Երևանում մի քանի գրականագետի, գրող-մտավորականի հետ խորհրդակցեցի: Տերյանի «մեր հայրենիքը Ռուսիան է» ձևակերպմանը կարելի՞ է հակադրել, որ Օսմանյան Թուրքիան էլ, դիցուք, Գրիգոր Զոհրապի հայրենիքն է կամ՝ «հանրկարծակի հեթանոսացած» Դանիել Վարուժանի: Խորհրդավոր ժպիտներով ինձ լսեցին և ասացին, որ ժողովուրդը դրան պատրաստ չէ, չի ընդունի:

Այո՛, կայսրություն էր թե Ռուսաստանը, թե Օսմանյան Թուրքիան, բայց… Շարունակությունը Հրանտ Մաթևոսյանն է սահմանել. «Ճիշտ է, (Ռուսաստան) գնացողն ուծացել է, բայց այնտեղ մեզ չեն սպանել»: Բայց դու Ռուսաստանում անկախ պետություն ստեղծելու շարժում ունեցե՞լ ես, զինված-հայդուկային պատերազմ սկսե՞լ ես: Սպանվել է նա, ով ցարական էքսպանսիային դիմադրել է, ապաստամբել: Եվ երբ Պետերբուրգում համոզվել են, որ հաղթել հնարավոր չէ, Կոստանդնուպոլիս պատվիրակություն են առաքել, բանակցել և սուլթանին համոզել են, որ Կովկասի լեռնականներին իր երկրում ընդունի:

«Մուհաջիրներից» մնացել է մի սահմանում: «Ծովում Ստամբուլի ճանապարհը ցույց էին տալիս չերքեզների դիակները»: Դա ցեղասպանությո՞ւն էր, դեպորտացիա՞ էր, հայրենազրկո՞ւմ էր, որ սկսվել է Ղրիմի պատերազմից առաջ և տևել շուրջ երկու տասնամյակ: Եվ այդ դարաշրջանը, որքան էլ արտառոց չթվա, համընկնում է Արևմտյան Հայաստանում հայկական զինված պայքարի ձևավորմանը:

Այս դիտարկումների անհրաժեշտությունը ո՞րն է:

Հայաստանյան հանրային գործիչն առաջարկում է նոր «ազգային նախագիծ» ունենալ: Կարդում ես բավական ծավալուն տեքստը և առանձնանում է երկու հիմնական թեզ, հայ ժողովուրդը պետականություն է ձեռք բերել ցարական Ռուսաստանի, ապա Խորհրդային Միության հովանու ներքո, իսկ անկախությունն ավելի քան 200 տարի Թուրքիայի դեմ մղած զինված պայքարի ձեռքբերում է:

Ըստ էության՝ սա ոչ թե «նոր», այլ նախանցյալ դարի 60-ական թվականներից կամ նույնիսկ Աբովյան-Աշտարեկեցի ժամանակների «քաղաքական» մատրիցայի վերաձևակերպում է: Բայց եթե անաչառ հայացքով նայենք, Զեյթունի առաջին ապստամբությունից մինչև Վանի հերոսամարտ, Սարդարապատ և Լեռնային Ղարաբաղի հայաթափում,- ապա պիտի ընդունենք, որ հայկական «հավերժ պայքարը» պարտությունների, կորուստների, հայրենազրման պատմություն է միայն:

Եվ այդ «խարանը» հաղթահարելուն չի օգնել ոչ միայն երիտթուրքերի կառավարության, Ադրբեջանի առաջին հանրապետության պատասխանատուների, այլև հայ «դավաճանների» գնդակահարությունը, Փարիզում կամ Լիսաբոնում կամ Մոսկվայի մետրոպոլիտենում իրականացրած վրիժառության գործողությունները:

Չի օգնելու նաև «սորոսա-թրքա-ջհուդական» իշխանության տապալումը: Որովհետև պետությունը գործունակ և էֆեկտիվ է այնքանով, որքանով կարողանում է լուծելի խնդիրներ սահմանել՝ որպես իրական ազգային ծրագիր: