«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, Հայաստանի դիրքորոշումը լեգիտիմ է»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը՝ խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության մասին:
Այս թեման մշտական շրջանառության մեջ է և գործնականում արդեն ավելի քան երկու տարի շրջապտույտով անցնում է Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական խոսույթում: Ընդ որում՝ շրջապտույտ է ոչ միայն զուտ ժամանակագրական, այլ նաև բովանդակային իմաստով:
Հարցադրումների առանցքում այն է, թե ի՞նչ կարող է փոխվել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունում և արդյո՞ք Երևանը կվերադառնա, կամ դուրս կգա: Ընդ որում՝ այդ հարցադրումները գործնականում երկու տարի արժանանում են ըստ էության նույն պատասխաններին, բայց շարունակվում են հնչել պտույտով:
Մինչդեռ, Հայաստանում այդ իմաստով թերևս առանցքային խնդիրը պետք է լինի ոչ թե հասկանալը, թե ի վերջո Հայաստանը կվերադառնա՞, կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, այլ անվտանգության ռեգիոնալ միջավայրում տեղի ունեցող անխուսափելի տրանսֆորմացիաների զարկերակը պահելն ու դրան համարժեք բովանդակություններ մշակելը:
Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերության տրամաբանությունը չի փոխվելու, փոխվում է այն միջավայրը, որում գոյություն է ունեցել Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերություն, եթե կարելի է այդպես բնորոշել՝ հաշվի առնելով, որ ինքնին Հայաստանը հենց ՀԱՊԿ է, քանի դեռ այդ կառույցի անդամ է: Սակայն ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչ համատեքստ է նկատի առնվում Հայաստան-ՀԱՊԿ արտահայտության կիրառությամբ:
Հետևաբար, պետք է կենտրոնանալ, անշուշտ, առանցքային խնդրի, այն է՝ անվտանգության միջավայրի վերափոխումների վրա: Բառացիորեն օրեր անց, օրինակ, կլինի այդ վերափոխումների դրսեւորումներից, և միաժամանակ հնարավոր է նաև գեներատորներից մեկը՝ Ռուսաստան-Իրան ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրումը:
Ընդ որում՝ ինչը հատկանշական է և ուշագրավ, դրա ստորագրման համար Մոսկվա մեկնող Իրանի նախագահը մինչ այդ վաղը կայցելի Տաջիկստան՝ ՀԱՊԿ անդամ պետություն: Դուշանբեն Թեհրանի հետ ունի, իհարկե, պատմա-քաղաքական, էթնո-քաղաքական խորքային կապ, այդուհանդերձ, Իրանի նախագահի այցը, անշուշտ, լինելու է ոչ միայն երկկողմ, այլ նաև Ռուսաստանի հետ միջավայրային կապի տրամաբանությամբ:
ՌԴ նախագահ Պուտինը նախորդ տարի հայտարարեց Եվրասիական անվտանգության նոր համակարգի շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Եվրոպայի ներգրավմամբ: ՀԱՊԿ-ն այլևս ածանցյալ իրողություն է այդ ավելի լայն ու խորքային թեմաների համեմատ, ու դա արտահայտում են նույնիսկ կազմակերպության առաջնորդող խաղացողները:
Այդ ավելի լայն համատեքստում շատ մանր են թեմաները՝ կապված Երևանի վերադառնալու, սառած մնալու կամ դուրս գալու հետ: Դրանք, անշուշտ, ունեն վերնագրային բարձր լիկվիդայնություն, բայց դրանց քաղաքական էֆեկտիվությունը աստիճանաբար ձգտում է զրոյի:
Հայաստանի հասարակական-քաղաքական հավաքական պատասխանատվությունը ենթադրում է ձևավորել անվտանգության հարցերի վերաբերյալ առավել գործուն, ընդգրկուն և խորունկ դիսկուրս, որը միտված պետք է լինի ոչ թե հասկանալուն, թե Հայաստանն ի վերջո ինչ անվտանգության «ծառայություն» կամ «արտադրանք» կարող է սպառել, այլ նրան, թե Հայաստանն ինչ դեր կարող է ունենալ միջավայրային տրանսֆորմացիաների հարցում՝ հակադիր բևեռների համադրման տեխնիկականից մինչև քաղաքական հաղորդակցային ծառայություն առաջարկելու իմաստով:
Բաց մի թողեք
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում
Բաքուն չի գնա որևէ էսկալացիայի` չունենալով Թուրքիայի կանաչ լույսը
ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա. Եվրահանձնաժողով