04/02/2025

Դավիթաշենում նախկինում տնկված ու խնամված ծառերը փորձել են «քոքից» կտրել. Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք փորձել են ծառերի սպանդ իրականացնել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք փորձել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի վերջնամասում՝ դեպի Զովունի տանող հատվածում գտնվող կանաչ ծառերի սպանդ իրականցնել:

Օպերատիվորեն ժամանել են թաղապետարանից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են, որ 3 ծառ «քոքից» մասամբ կտրված է, 2 ծառերի բների վրա էլ միտումնավոր դիզվառելիք է լցված:

Այս պահին թաղապետարանի և քաղաքապետարանի աշատակցիները պատրաստվում են զեկուցագիր ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որից հետո հավանաբար քաղաքապետարանը դեպքի մասին կտեղեկացնի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին:

Թե ինչ ընթացք կտա գործը, դեռևս հայտնի չէ, սակայն այս տարածքում տարիներ առաջ տիրում էր գարշահոտ վիճակ ու այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դավիթաշենի այն ժամանակվա թաղապետ Ռուստամ Բաղդասարյանի ու բնակիչների շնորհիվ տարածքը մաքրվել ու տնկվել էին ծառեր, իսկ հիմա ինչ-որ ծառասպան կամ ծառասպաններ փորձել են ծառերի սպանդ իրականացնել:

Դավիթաշենում նախկինում տնկված ու խնամված ծառերը փորձել են «քոքից» կտրել. Shamshyan