Հայ-ամերիկյան հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեր պետության համար, եւ, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է ՀՀ-ում կամ ԱՄՆ-ում, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ հարաբերությունները լինեն բարեկամական, ցանկալի է՝ դաշնակցային:
Այստեղ չարախնդալը կամ չարախոսելն, ինձ թվում է, սխալ է: Առավել եւս՝ սխալ է այդ հարաբերությունները հակադրել հայ-ռուսական կամ հայ-իրանական հարաբերություններին: Բայց մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը. Փաշինյանը ԱՄՆ չի գնացել Թրամփի հրավերով կամ նրա հետ բանակցելու նպատակով:
Նա հրավիրվել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը մասնակցելու՝ ի թիվս այլ ՝ մոտ 300 մասնակիցների:
Բացառված չէ, սակայն, որ այդ միջոցառման կուլուարներում, միջանցքում նա կզրուցի կամ, համենայնդեպս, կլուսանկարվի Թրամփի կամ Ռուբիոյի հետ: Հիմա կանխատեսեմ, թե ինչպես են հաջորդ շաբաթների ընթացքում այդ հանդիպումները մեկնաբանելու իշխանության քարոզիչները:
Նրանք կասեն, որ իրենց հայտնի է ինչ-որ գաղտնի ինֆորմացիա (չէ՞ որ նրանք «արեւմտամետ» են եւ Պետդեպում ու Սպիտակ տանն իրենց «վստահելի աղբյուրներն» ունեն). ըստ այդմ, Թրամփը երկարատեւ եւ ջերմ զրույց է ունեցել Փաշինյանի հետ, հավաստիացրել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա, խոստացել է Հայաստան նորագույն զենք եւ զինվորական կոնտինգենտ ուղարկել, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ տարածաշրջան բերել մի քանի ավիակիր՝ մեզ պաշտպանելու համար:
Քանի որ Հայաստանում պաշտոնական քաղաքականությունը հիմնված է PR-ի եւ շուլեռության վրա, քարոզիչներից նման մեկնաբանություն միանգամայն սպասելի է: Արդյոք դա նպաստո՞ւմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Ոչ՝ մանավանդ Թրամփի վարչակազմի օրոք, որի գործողությունները շատ կտրուկ են ու բացահայտ: Այնպես որ նման «փչոցները» կարող են կոշտ արձագանքի արժանանալ:
Հայաստանի իշխանությունն, անշուշտ, խնդիր ունի «սինխրոնանալու» Թրամփի վարչակազմի հետ, եւ այստեղ որոշակի դժվարություններ կան, որովհետեւ նախորդ քաղաքականությունը չափից դուրս «սինխրոնացած էր» դեմոկրատների հետ:
Այդ աշխատանքը պահանջում է երկարատեւ ջանքեր, նախապատրաստական քայլեր: Մեկ այցելությամբ եւ կուլուարային խոսակցությամբ հարց չի լուծվի: Այնպես չէ, որ Բայդենի ուշքը գնում էր Հայաստան պետությունը փրկելու համար:
Իսկ Թրամփը կարող է մեր խնդիրներն ընդհանրապես չնկատել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ
Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը