Համակարգային «կոռուպցիան արմատախիլ անելու» բարձրագոչ հայտարարություններով ժամանակին աղքատ հասարակության ականջներին թոզ փչող իշխանությունն աչք չի բացում կոռուպցիոն սկանդալներից։
Հրապարակ թերթը գրել է․ Մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում այս կամ այն պաշտոնյայի շքեղ գնումների, վերջին ամենաթարմ նորությունը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մոր անունով գնված առանձնատունն էր: Այդ շարքում են նաեւ առանց մրցույթի՝ մեկ անձից թանկարժեք ու, որպես կանոն, անարդյունավետ գնումները, պետական միջոցների վատնումները, իսկ ժամանակ առ ժամանակ իշխանական, հիմնականում ցածր ու միջին օղակներից, պաշտոնյաներ են ձերբակալվում։ Երեւանի քաղաքապետարանն այս առումով հավակնում է առաջին «պատվավոր» հորիզոնականը զբաղեցնել, եթե արդեն չի զբաղեցնում։
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Երեւանի քաղաքապետարանում հերթական ձերբակալությունների փաստը՝ կոռուպցիոն գործի շրջանակում։ Տիգրան Ավինյանի խոսնակը ֆեյսբուքյան ստատուսով շտապեց հայտնել. «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։
Ձերբակալվածներն են Երեւանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Ըստ տեղեկությունների, նույն գործի շրջանակում այլ գերատեսչություններից եւս ձերբակալվածներ կան։ Գործի մանրամասները հայտնի չեն, բայց, դատելով ձերբակալված անձանց զբաղեցրած պաշտոններից ու իրավասության ոլորտներից, կարելի է ենթադրել, թե ինչ բնույթի հանցագործությունների մեջ են նրանց մեղադրում։
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյան, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Դավիթ Բալասանյան, Գեղամ Կարապետյան, Կենտրոն վարչական շրջանի առեւտրի եւ սպասարկումների բաժին պետ Արսեն Աղաբեկյան, նրա տեղակալ․․․ Քրեական հետապնդման ենթարկվածների ոչ ամբողջական ցանկն է սա։ Երեւանի քաղաքապետարանի այս բոլոր պաշտոնյաներն անցնում են տարբեր քրեական գործերով` մեղադրվում են չարաշահումների, կաշառակերության ու կոռուպցիայի համար։
Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժող պայքար մղելու հայտարարություններով հանդես եկող իշխանության մի օղակում, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանում, կոռուպցիայի որջ է ձեւավորվել, որտեղ մանր ու միջին չինովնիկները «խոպան» են անում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, բայց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակ»-ին ասում է․ «Իմ համոզմունքը միշտ եղել է, որ ամեն ինչ գալիս է վերեւում նստածից, եթե վերեւում նստած մարդն ազնիվ է, մաքուր ձեռքերով է իր տեղակալների հետ, ներքեւում վախենում են որեւէ բան անել, իսկ եթե վերեւինին կասկածում են, որ նա էլ ունի այլ եկամուտներ, ներքեւները սկսում են իրենց ավելի ազատ զգալ»։
Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած ձերբակալություններից ավագանու անդամը մանրամասներ չգիտի, ասաց՝ իրենք էլ մամուլից են տեղեկանում ու սպասում են իրավապահների կողմից հավելյալ տեղեկությունների հրապարակմանը։ Միեւնույն ժամանակ Իզաբելլա Աբգարյանը շեշտում է՝ վերջին տարիներին ականատես ենք լինում տարբեր քրեական գործերի, ինչը փաստում է՝ Երեւանի քաղաքապետարանում ներքին վերահսկողություն գոյություն չունի։ «Ժամանակ առ ժամանակ քաղաքապետարանը հայտնվում է հակակոռուպցիոն կամ այլ քննչական մարմինների ուշադրության կենտրոնում, ինչը խոսում է այն մասին, որ իրականում գոյություն չունի ներքին վերահսկողություն։ Ներքին վերահսկողությունն իր աշխատանքը չի անում, մենք ամեն ինչ իմանում ենք միայն, երբ հարցը հասնում է իրավապահ համակարգին։ Եկեք նաեւ նշենք, որ այս ընթացքում ձերբակալված ու կալանքի տակ գտնվող պաշտոնյաներ ունենք, եւ այդ պաշտոնյաներին ՔՊ-ն է բերել, նա է իրավիճակը բարձիթողի արել, բացի այդ, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, այդ մարդիկ աշխատավարձ ու պարգեւավճար են ստացել, իսկ աշխատավարձ եւ պարգեւավճար ստանում է նաեւ վերահսկողական վարչությունը, որը, ինչպես տեսնում ենք, իր վերահսկողական գործառույթը լավ չի իրականացնում»,-ասում է ավագանու ընդդիմադիր անդամն ու շեշտում՝ այս պատկերը Երեւանի քաղաքապետարանի անարդյունավետության ու համակարգում լուրջ թերությունների մասին է խոսում։
Իզաբելլա Աբգարյանը չի բացառում, որ քաղաքապետարանում աղմկոտ ձերբակալություններով փորձ է արվում իշխանությունից դժգոհ ժողովրդին ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում։ «Քանի որ այս օրերին, հաշվի առնելով տրանսպորտի գնի բարձրացումը, ժողովրդից անընդհատ լսում են իրենց ծախսերի մասին քննադատություններ, ժողովուրդն իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ, իրենք փորձում են ցույց տալ թե՛ ժողովրդին, թե՛ իրենց վերահսկողներին, որ իբրեւ թե զբաղվում են կոռուպցիայով եւ այլ համակարգ են կառուցել: Իրականում, սակայն, պատկերը շատ տխուր է, եւ տարին մեկ մի այսպիսի շոու սարքելով՝ որեւէ բան չի փոխվի»,- համոզմունք է հայտնում մեր զրուցակիցը։
Աբգարյանի խոսքով, ոչ միայն ընդդիմությունը, այլեւ ավագանու անդամներն ընդհանրապես շատ քիչ վերահսկողական լծակներ ունեն եւ հատկապես շինարարության, առեւտրի եւ սպասարկման ոլորտներին առնչվող տեղեկություններ ստանալու հնարավորություն չեն ունենում, մինչդեռ նշված ոլորտները պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող են։
«Մեր խմբակցությունը, օրինակ, կանաչապատման ՀՈԱԿ-ի մասով վերցնում է տվյալները, հետեւում տենդերներին, նման գնումները կարողանում ենք վերահսկել եւ խնդիրները վեր հանել, բայց այն ոլորտներում, որտեղ դա տեղի չի ունենում, որ ոլորտներին վերաբերող հայտարարությունները պատշաճ կարգով չեն տեղադրվում, իհարկե, խմբակցությունները դժվարանում են վերահսկել»,- եզրափակում է Աբգարյանը։
Բաց մի թողեք
Էս նոր մոդա՞ է տեղական նախարարների հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնելը. Լուսանկար
Աշխատանքային այցերի ժամանակ կանայք չէին ուղեկցում ՀՀ նախագահներին
Վերջերս քարտային խարդախություններն էապես շատացել են․ ահա օրինակներից մեկը մեզանում