Հրապարակի հարցազրույցը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ։
– Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ անելու համար սփյուռքի մի շարք դաշնակցականների մուտքն արգելվեց Հայաստան։ Ոմանց նկատմամբ դեռեւս այդ արգելքը կա, ովքե՞ր են, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկվում այդ արգելքը հանելու համար։
– Երեք հոգի` Լոնդոնից, մեկ հոգի` Ֆրանսիայից, մեկ հոգի` ԱՄՆ-ից դեռեւս արգելքի տակ են։ Ինչպես գիտեք, դատական նիստեր են ընթանում, որով ժամանակ ենք շահում։ Մենք պայքարում ենք, աշխատում ենք, որպեսզի արդար լուծում լինի։ Նրանք պետք է կարողանան ազատ մտնել Հայաստան, որովհետեւ այս երկիրը Նիկոլ Փաշինյանի սեփական տունը չէ, այն բոլոր հայորդիների հայրենիքն է։
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՅԴ ժողովից, Դուք այժմ Բյուրոյի անդամ եք, ցանկություն ունե՞ք վերընտրվելու։
– Այս ժողովը պետք է քննի առաջիկա 4 տարիների ռազմավարությունը մեկ նպատակով՝ ուժեղացնել հայկական կողմը, Հայաստանը, արցախահայությանը, վերադարձի գաղափարը եւ սփյուռքը, որպեսզի ամբողջություն կազմեն՝ դեպի ուժեղ հայրենիք։ Ժողովում պետք է ծնվի փայլուն թիմ, որպեսզի կարողանանք օգտակար լինել ազգին։
– ՀՅԴ Հայ դատի գրասենյակը տասնամյակներ շարունակ մեծ աշխատանք է տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայերի, ապա ամերիկահայերի հետ հանդիպումների ժամանակ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ վիճելի հայտարարություններ արեց, ինչը մեծ ցասում առաջացրեց: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ դաշնակցականներ եւ կարծես թե չեն պատասխանել Փաշինյանին։ Ինչո՞ւ համարժեք չարձագանքեցին, թե՞ պատասխանել են` կադրերից դուրս են մնացել։
– Հստակ է, որ Փաշինյանի քաղաքականությունը թուլացնում է հայկական կողմը։ Մենք մոռանանք մեր արժեքները, մոռանանք մեր արմատները, մեր պայքարները, Արցախը, ցեղասպանության միջազգային ճանաչումը, դիմադրության գաղափարը։ Երբ նա խոսում է «իրական Հայաստանի» գաղափարի մասին, ծնկի է բերում Հայաստանի ժողովրդին, մենք խոսում ենք ապագա Հայաստանի, վաղվա Հայաստանի մասին, որպեսզի Հայաստանն իսկապես ուժեղանա։
– Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ո՞ր ճանապարհն է արդյունավետ։
– Ընտրություններով։ Առաջիկա ընտրություններին պիտի ժողովրդին բացատրենք, որ Փաշինյանը թուլացնում է Հայաստանը, ազգը, հայկական կողմը եւ վտանգավոր տեղ է տանում հայ ժողովրդին։ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ այլընտրանքը պետք է մենք մարմնավորենք, որպեսզի այն հաղթի առաջիկա ընտրություններում։
– ՔՊ-ական իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին է խոսում, հատուկ բանագնացներ կարգվեցին, սակայն տեղաշարժ չկա, Մարգարայի սահմանը բացված չէ։ Իրատեսական համարո՞ւմ եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:
– Մենք կարծում ենք, որ Թուրքիայի հետ պետք է երկխոսություն տեղի ունենա, Հայաստանը պետք է պաշտպանի իր դիրքերն ու իրավունքները, որպեսզի Թուրքիան հարգի Հայաստանի շահերը։ Սա միայն երկխոսությամբ կարող է տեղի ունենալ, մենք դրան դեմ չենք, բայց ասում ենք, որ պետք է պաշտպանել ՀՀ-ի շահերը։ Այսօրվա իշխանությունները չեն անում դա, գնում են երկխոսության` պատանիի պես բոբիկ։
Բաց մի թողեք
Եթե սխալ եմ արել, որ ես չգիտեմ, ուրեմն՝ կնստեմ․ Չեմբերջյան
Միակ սահմանադրական ռեֆորմը, որը կարող է արդարացված լինել՝ կիսանախագահական համակարգին վերադառնալն է․ Զուրաբյան
Գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ․ Դատավորը՝ հեռանալու մասին․ Լուսանկար