Իսլամական համերաշխության կազմակերպության անդամ երկրները Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով են հրավիրել:
Օրակարգային է նաև Գազայի հարցը, որ շաբաթասկզբին քննարկվել է Արաբական լիգայի պետությունների գագաթաժողովում: Ընդունված հայտարարությունը մերժել է Գազայի բնակչության տեղահանման և պաղեստինյան անկլավի կառավարումը Միացյալ Նահանգներին վերապահելու ծրագիրը, որ փետրվարի 4-ին Սպիտակ տան «տեր» Դոնալդ Թրամփն է հրապարակայնացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպումից հետո:
Թրամփի այդ ծրագիրը «բացարձակապես անընդունելի» է գնահատել նաև Թուրքիան: «Էֆթար՝ դեսպանների համար» միջոցառման ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին պնդել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության մի հնարավորություն կա՝ կառուցել Պաղեստինի անկախ պետություն, որ աշխարհագրական ամբողջություն կունենա 1967 թվականի սահմաններում:
Իսլամական համերաշխության կազմակերպության Ջիդայի խորհրդաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանը Պաղեստինի անկախությունը ճանաչում է, նրա հետ ունի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:
Ավելի վաղ Բաքուն նույնպես մասնակցել է ԻՀԿ խորհրդաժողովների, բայց Ադրբեջանը, ինչպես իսրայելական «Հաարեցն» է արձանագրել՝ «աշխարհի միակ մուսուլմանական պետությունն է, որտեղ մարդիկ 2023թ. հոկտեմբերի 7-ին այցելել են Իսրայելի դեսպանատուն և հարգել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը»:
ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարները Ջիդայում խորհրդաժողովի են հավաքվել մի իրավիճակում, երբ Իսրայելի կառավարությունը զինված ուժերի համակարգում ստեղծել է Գազայի բնակչության «կամավոր հեռացումը կազմակերպող» հատուկ վարչություն:
Մանրամասնություններ հայտնի չեն: Իսրայելական մամուլը փոխանցումը, որ Եգիպտոսը մերժել է իր հետ սահմանի անցակետով պաղեստինցիների «կամավոր ելք» կազմակերպելու տարբերակը, և Նաթանյահուի կառավարությունը ներկայումս քննարկում է իր տարածքով «արտագաղթ իրականացնելու» տարբերակը:
Անկասկած է, որ ԻՀԿ պետությունների արտաքին գործերի նախարարները Գազայում ստեղծված իրավիճակը քննարկելու են: Որքան էլ մեծ լինի առանձին երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների գործադրած ճնշումը կամ ինչքան էլ գրավիչ առաջարկություններ արվեն, Ջիդայի խորհրդաժողովում իշխելու է պաղեստինցիների հետ համերաշխության մթնոլորտը: Ամենայն հավանականությամբ, այդ քննարկումներին ազդեցիկ տոն է հաղորդելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը:
Բանն այն է, որ վերջին մի քանի օրերին Թուրքիան եռանդուն քննարկումներ է ունեցել Եվրամիության հետ, իսկ եվրոպական երկրները հիմնականում դեմ են Գազան պաղեստինցի արաբներից դատարկելու իսրայելա-ամերիկյան ծրագրին: Անկարան այդ հանգամանքն օգտագործելու է, որպեսզի ընդգծի Եվրոպայում իսլամական աշխարհի շահերի «անկողմնակալ պաշտպանի» իր դերը:
Այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում է դրսևորելու Ադրբեջանը: Հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հանդես է եկել նաև որպես «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջամարտիկ» և ընդգծել իսլամական համերաշխության կարեւորությունը: Գազայի հարցում Բաքվի գործնական դիրքորոշումը «լակմուսի թուղթ» կլինի:
Եթե Ջիդայում որևէ փաստաթուղթ ընդունվի, իսկ այդ հավանականությունը բարձր է, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն, ինչ խոսք, չի առարկի կամ վերապահում չի անի: Բայց հռչակագրին ֆորմալ միանալը չի նշանակում, թե Բաքուն պատրաստ է հանուն Պաղեստինի նույնիսկ ամենաչնչին չափով բարդացնել Իսրայելի հետ հարաբերությունները: Այդ առումով, իհարկե, Ալիևն իսլամական աշխարհի միակ «օպորտունիստը» չէ:
Բայց նրա դիրքորոշումը կոնկրետ այս փուլում չի համապատասխանում Թուրքիայի տարածաշրջանային շահերին: Ջիդայի և Երուսաղեմի միջև Ալիևի ընտրությունը պարզ է. նա շարունակելու է Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունը:
Ի՞նչ ազդեցություն դա կունենա թուրք-ադրբեջանական և թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Ավելի պարզ ասած՝ իսրայելա-ադրբեջանական գործընկերությունը ծառայո՞ւմ է թուրք-իսրայելական համաձայնության հեռանկարին:
Բաց մի թողեք
Ինչ-որ մեկը հանդես է գալիս ժողովրդի անունից, հետին մտքեր ունի, վերցրեք փայտը, մի լավ ծեծեք
«Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմի՛ր․ ողջ ու առողջ է քեզանից դիմում ընդունած անձը». Փաստաթղթեր
Դատական գործընթացի դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի․ Հաջիև