Սիրիական անվտանգության ուժերը կարող են սպանած լինել հարյուրավոր խաղաղ բնակիչների, որոնք պատկանում են սիրիական ափի ալավիական փոքրամասնությանը։
Այս մասին են փաստում միջազգային լրատվամիջոցների պնդումները և դիտորդների գնահատակնները:
Իրավիճակը Սիրիայում ծայրաստիճան լարված է, երկիրը կրկին «եռում» է արյունոտ իրադարձություններով ու հեղեղվում անորոշ գնահատակններով: Դիտորդները զոհերի ընդհանուր թիվը, ներառյալ զինված խմբավորումների անդամները, գնահատում են հազարից ավելի:
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ մոտ 745 խաղաղ բնակիչ է զոհվել միայն ուրբաթ և շաբաթ օրը՝ մարտի 7-ին և 8-ին ալավիների վրա իրականացված մոտ 30 հարձակման հետևանքով:
BBC-ն գրում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները:
Ինչ է կատարվում վերջին օրերին
Ալավիները՝ կրոնական խումբը, որը համարվում է շիա իսլամի ճյուղը, կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը: Սիրիայի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։
Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։
Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները սրման ֆոնին պարետային ժամ են սահմանել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։
Արևմտամետ Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR) պնդում է, որ վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է սպանվել ափամերձ Սիրիայում։
Սիրիական անվտանգության ուժերի առնվազն 13 ծառայող է սպանվել մարտի 6-ին Բաշար ալ-Ասադի տապալված վարչակարգի հետ կապված զինված անձանց հետ բախումների ժամանակ, հաղորդել է «Սիրիա» հեռուստաընկերությունը, որը կապված է սիրիական նոր կառավարության հետ։
Բախումները սկսվել են Լաթաքիայի մոտ գտնվող Ջաբլա շրջանում՝ ծովափնյա շրջան, որը համարվում է ալավիական համայնքի սիրտը, որին էլ հենց պատկանում է Ասադների ընտանիքը։
SOHR-ը նշում է, որ ավելի քան 1000 մարդ է սպանվել վերջին երկու օրվա ընթացքում, ինչը Սիրիայում ամենասարսափելի և զանգվածային բռնության դեպքն է այն բանից հետո, երբ ապստամբները տապալել են Ասադի ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերին: Այդ թիվը ներառում է տասնյակ նոր կառավարության մարտիկներ և Ասադին հավատարիմ զինված մարդիկ, ովքեր մարտի 6-ից կռվում են ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգներում:
Բռնության ալիքի հետևանքով զոհվել են իսլամիստների գլխավորած կառավարական անվտանգության ուժերի մոտ 125 անդամ և Ասադին աջակցող 148 գրոհային, ասվում է SOHR-ի զեկույցում:
Նախօրեին հաղորդվել էր, որ Սիրիայում անվտանգության ուժերի կողմից 340 խաղաղ բնակիչ է սպանվել։
Պաշտոնական Սիրիայի տարբերակը
Սիրիայի պաշտպանության նախարարությունը SANA գործակալությանը հայտնել է, որ կառավարությունը վերականգնել է վերահսկողությունը անվտանգության անձնակազմի վրա «նենգ հարձակումներից» հետո։
Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են բռնությունների հետևանքով տուժած տարածքները: Մարդկանց բազմությունը ապաստան է գտել Լաթաքիա նահանգի Խմեյնիմ ռուսական ռազմաբազայում, հայտնում է Reuters-ը։ Լուրը հաստատել են ռուսական լրատվամիջոցները։
Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ վանկարկում «Ժողովուրդը Ռուսաստանի պաշտպանություն է ուզում» բազայի պարագծից դուրս: Բացի այդ, տասնյակ ընտանիքներ փախել են հարևան Լիբանան, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Սիրիայի ափամերձ շրջաններում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին «չափազանց անհանգստացնող հաղորդագրություններով»: Նա կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են «ապակայունացնել» երկիրը և վտանգել «վստահելի և ներառական քաղաքական անցումը»:
Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ վերջին զարգացումները «ակնկալվող խնդիրների» շրջանակում են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։ Նա սիրիացիներին ազգային միասնության կոչ է արել տեսանյութում, որը, ի թիվս այլոց, ցուցադրվել է Al-Arabiya հեռուստաալիքով: Աշ-Շարաան խոսել է մզկիթում:
SOHR-ի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը հայտնել է, որ Ջաբլե, Բանիյաս և հարակից շրջաններում Սիրիայի՝ հիմնականում ալավիներով բնակեցված ափին տեղի ունեցած սպանությունները երկրում 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում բռնության վատթարագույն աճն են վերջին տարիների ընթացքում: Աբդուլռահմանը, ըստ Reuters-ի, պնդում է, որ զոհերի թվում կան ալավիական փոքրամասնության կանայք և երեխաներ։
Նոր իշխանությունները ընդունել են, որ ունեն խախտումներ «Ասադի աշխարհազորայինների մնացորդների» դեմ գործողության ընթացքում: Նրանք բռնության համար մեղադրել են քաղաքացիական անձանց և մարտիկների անկազմակերպ խմբերին, որոնք, իբր, փորձել են աջակցել պաշտոնական անվտանգության ուժերին մարտերի քաոսի մեջ:
Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը շաբաթ օրը պետական լրատվամիջոցներին ասել է, որ ափ տանող բոլոր ճանապարհները փակվել են բռնությունը դադարեցնելու և հանգստությունը վերականգնելու համար, իսկ անվտանգության ուժերը տեղակայվել են առափնյա քաղաքների փողոցներում:
Աղբյուրը նաև նշում է, որ խախտումները վերահսկելու համար ստեղծված արտակարգ հանձնաժողովը զինվորական դատարան կուղարկի բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվել զինվորական հրամաններին: Բազմաթիվ մարդկանց, որոնք դատարանով կսահմանվեն ապստամբներ, սպասվում է ընդհուպ մինչև մահապատիժ:
Սիրիայի նոր կառավարությունը խոստացել էր խաղաղ իշխանափոխություն, ներառական կառավարում
Բռնության ենթադրյալ մասշտաբը, ներառյալ մի գյուղում տասնյակ ալավի տղամարդկանց սպանության մասին հաղորդումները, կասկածի տակ են դնում Սիրիան ներառական կերպով կառավարելու իսլամիստական կառավարության կարողությունը, հայտնում է Reuters-ը: Տելեգրամի որոշ ալիքներում արված հրապարակումներից և ցուցադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ հարյուրավոր սպանվածների դիերը ուղղակիորեն «լցված են» ճանապարհների եկայնքով: Մարտերի ժամանակ սպանվել են և՛ «ապստամբներ», և՛ պարզապես անցորդներ, և՛ խաղաղ բնակիչներ:
Բազմաթիվ տներ թալանվել են, տեղի են ունեցել զանգվածային հրկիզումներ: Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։
Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիաերը թափված են փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, գրոհայինները չեն թողել, որ նրանց վերցնեն և հուղարկավորեն:
Սոցիալական ցանցերի սիրիական տիրույթը մարտի 8-ի ողջ օրը ողողված էր ափամերձ շրջանի մարդկանց լուսանկարներով և մահախոսականներով, որոնց ընտանիքներն ու ընկերները սգում էին՝ հայտնելով, որ հարազատներին ուղղակիորեն, առանց մեղավորության սպանել են:
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Զոհվածների մեծ մասը, ինչպես նշվում է, խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը, հիշեցնենք, տապալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում:
Բաց մի թողեք
Խայտառակ վիճակ Գառնու տաճարի պատմական բաղնիքում․ Լուսանկար
Փաշինյանն իր թիմով այսօր Գյումրիում էր, դրամահավաք են արել, ում «ֆուկ» կանեն․ Լուսանկար
Լաթաքիայում զոհված երկու հային ուղղակի սպանել են․ մանրամասներ. Լուսանկար