09/03/2025

Մեծամասնությունն անտարբեր է` «նիկոլական դրախտը» փառաբանելով

«Առաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կվերջանա: Այնուհետեւ՝ նրանք, ովքեր չէին հավատում, որ դա երբեւէ կվերջանա: Վերապրել են նրանք, ովքեր կենտրոնացել էին իրենց գործերի վրա՝ առանց սպասումների, թե էլ ինչ կարող է պատահել»:

Վիկտոր Ֆրանկլի այս՝ հաճախ մեջբերվող խոսքերը նկարագրում են նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորների ապրումները: Ինչի՞ շնորհիվ են մարդիկ կարողանում դիմադրել նման տեղերում: Կարծում եմ, հավատի, սիրո, հույսի միջոցով:

Առաջին աշխարհամարտում զոհված ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Պեգի՛ն գրում էր, որ հավատը բնական է, այն նման է բարի տատիկին, որն ամեն օր գալիս է եկեղեցի: Սերը նույնպես ինքնաբուխ է եւ հեշտ է տրվում: Ամենադժվարը հույս ունենալն է: «Հուսալու համար պետք է շատ երջանիկ լինես, – գրում էր Պեգին, – պետք է մեծ երանություն ստանաս եւ ընդունես»:

Ադրբեջանական համակենտրոնացման ճամբարում գտնվող Ռուբեն Վարդանյանը հույսը չի կորցնում՝ սա՛ է, իմ կարծիքով, նրա ուղերձի հիմնական իմաստը: Ավելին՝ նա մե՛զ է հույս տալիս: Մեզ՝ այն մարդկանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն առավոտ ծանր սրտով ենք արթնանում եւ, այո, երբեմն մտածում ենք, որ այս մղձավանջը երբեք չի ավարտվի: (Այն մասին, որ այս վիճակից մենք շուտով դուրս կգանք, հավանաբար, ոչ ոք չի էլ երազում):

Այդպես մտածող մարդիկ՝ մարդիկ, որոնք ամոթ եւ նվաստացում են զգում (նաեւ այն պատճառով, որ Փաշինյանի նման ղեկավար ունեն), վստահ եմ, Հայաստանում մեծամասնություն չեն կազմում:

Մեծամասնությունն անտարբեր է, եւ իրենց անտարբերությունը սքողում է մեզ՝ փոքրամասնությանը, ինչ-որ բանի մեջ մեղադրելով եւ «նիկոլական դրախտը» փառաբանելով:

Չեմ պատրաստվում նրանց տարհամոզել: Դա հնարավոր էլ չի՝ ո՞վ եւ ե՞րբ է ազդվել «անտարբեր մի՛ եղեք» կոչից: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք: «Ով որ լսելու է, թող լսի, ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացողների տունն են» (Եզեկիել, 3:27):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ