Չնայած Իգդիր-Նախիջևան գազամուղի շահագործմանը, Ադրբեջանը չի դադարեցնի Իրանից սվոփ եղանակով «ինքնավար հանրապետության» գազամատակարարումը: Այդ մասին գրում է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին: Այդ դեպքում ի՞նչ նպատակի է ծառայելու Թուրքիայից Նախիջևան մատակարարվող գազը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Ադրբեջանի կառավարությունը մշակել է Նախիջևանում հանքարդյունաբերության և մետաղաձուլական արտադրություն ծավալելու ծրագիր, և ձեռնարկությունների գործունեությունը ծավալելու համար լրացուցիչ էներգակիրներ ներգրավելու անհրաժեշտություն կա: Այսինքն, Թուրքիայից ներկրվող բնական գազն օգտագործվելու է արտադրական նպատակներով:
Յուրաքանչյուր երկիր, ինչ խոսք, իր տարածքում տնտեսական խնդիրներ լուծելու իրավունք ունի: Այս դեպքում, սակայն, գործ ունենք ինտրիգի հետ. իշխանությանը շատ մոտ կանգնած լրատվամիջոցը գրում է, որ Նախիջևանի ինքնավարության «տարածքում կան հազվագյուտ մետաղներ, որ Մեղրի-Օրդուբադ հանքային շերտի մաս են կազմում»: Ընդսմին, խոսքն այնպիսի մետաղների մասին է, որ առկա են Ուկրաինայում և որոնց արդյունահանման շուրջ համաձայնության է ձգտում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես տեսնում ենք՝ Բաքվի լրատվամիջոցը Նախիջևանի տարածքի հազվագյուտ մետաղները համարում է «Մեղրի Օրդուբադ հանքային շերտում»: Մեղրին Հայաստանի սուվերեն տարածք է, նրա ընդերքը պատկանում է հայ ժողովրդին, ինչպես նաև՝ շահագործման իրավունքը:
Ակնարկելով, որ ԱՄՆ-ի նախագահը շահագրգռված է հազվագյուտ մետաղների պաշարների արդյունահանմամբ և դիտարկելով Նախիջևանում համապատասխան արդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծման հեռանկարը՝ Բաքվի լրատվամիջոցը չափազանց խորքային եզրակացության տեղ է թողնում:
Ի՞նչ իրավիճակ կարող ենք ունենալ, եթե Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիստական շրջանակներին հաջողվի Դոնալդ Թրամփին ներշնչել, որ «Մեղրի-Օրդուբադ հանքային շերտի շահագործումը որոշակի չափով կբավարարի հազվագյուտ մետաղների նկատմամբ ամերիկյան գործարար շրջանակների հետաքրքրությունը:
Պետք է նկատի ունենալ, որ Դոնակդ Թրամփը նախկինում բավական սերտ կապեր է ունեցել ԱՄՆ ադրբեջանական շրջանակների հետ և Բաքվում կառուցապատման մի քանի նախագիծ է իրականացրել: Ադրբեջանցի կամ ծագումով Ադրբեջանից մի քանի միլիարդատեր գործարարներ կապված են Ռուսաստանի իշխանությունների և հատուկ ծառայությունների հետ:
Ըստ երևույթին, Իլհամ Ալիևը փորձում է Դոնալդ Թրամփին «բիզնես-ծրագիր» առաջարկել. նա կարող է ֆինանսավորել Նախիջևանում հազվագյուտ մետաղների արդյունահանումը և վերամշակող արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը, եթե ԱՄՆ նախագահն այդ նախագիծը դիտարկի «Մեղրի-Օրդուբադ հանքային շերտի» կտրվածքով:
Եթե գաղափարը ձևակերպվի և քննարկման թեմա դառնա, ապա, բնականաբար, շոշափելու է նաև կոմունիկացիաների հարցը: ԱՄՆ հովանու ներքո, բայց ադրբեջանական ներդրումների հաշվին «Մեղրի-Օրդուբադ հանքային շերտի» շահագործումը ենթադրում է այնպիսի կարգավորումներ, որ պետք է ապահովեն համատեղ տնտեսական գործունեության և արտադրանքի իրացման պարզեցված և արտոնյալ պայմաններ:
Նման առաջարկություն Վաշինգտոնին արվե՞լ է, հարցը փորձագիտական քննություն անցե՞լ է, թե՞ պաշտոնական Բաքուն «ուղղորդող տեղեկատվական արտահոսք է թույլ տալիս»՝ բարդ է կռահել: Պարզ է, որ Իգդիր-Նախիջևան գազամուղը ոչ թե սոցիալական, այլ տնտեսա-քաղաքական խնդիր լուծելու համար է կառուցվել:
Ակնհայտ է նաև, որ Ալիևի հնարած «արևելյան» և «արևմտյան Զանգեզուր» հասկացությունները միայն «քնարական» կամ «ազգային-նոստալգիկ» չեն. Ադրբեջանը Հայաստանի ընդերքի հարստությունների վրա աչք ունի: «Մեղրի-Օրդուբադ հանքային շերտի» ընդգծումը հեռագնա նպատակի «մասնագիտական» բնորոշում է: Դոնալդ Թրամփը կգայթակղվի՞ Ալիևի «հազվագյուտ մետաղներով»:
Բաց մի թողեք
Ժողովուրդը տեսնում, իր մաշկի վրա զգում էր Քոչարյանի և Սարգսյանի օրոք երկրում առկա «գաղջ մթնոլորտը»
Ինչ-որ մեկը հանդես է գալիս ժողովրդի անունից, հետին մտքեր ունի, վերցրեք փայտը, մի լավ ծեծեք
«Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմի՛ր․ ողջ ու առողջ է քեզանից դիմում ընդունած անձը». Փաստաթղթեր