2001 թվականին, կապված «Կոլցո» ռազմագործողության 10-րդ տարելիցի հետ, ԼՂՀ Ազգային ժողովում կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, որոշվեց ստեղծել ԽՍՀՄ և Ադր. ԽՍՀ իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ գործած հանցագործություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա պետք է ընդունվեր իրավա-քաղաքական կարևոր նշանակության փաստաթուղթ և հասցեագրվեր Ռուսաստանի Դաշնության պետական դումային, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և Ֆրանսիայի Ազգային ժողովին:
Պատգամավորական հետաքննությունը պետք է իրականացներ ԼՂՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը, որ նախագահում էր փորձառու իրավաբան, իրադարձությունների ականատես Յուրի Հայրապետյանը:
Միջանկյալ ասեմ, որ նա հետագայում նշանակվեց ԼՂՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան և կարողացավ ոչ միայն զրոյից նոր հաստատություն ստեղծել, այլև արդյունավետ համագործակցություն ծավալել միջազգային գործընկերների հետ՝ արցախյան այդ ինստիտուտը հասցնելով ՄԻՊ եվրոպական ասոցացիայի դե-ֆակտո ճանաչված անդամի կարգավիճակի:
Հենց առաջին քայլերից «Կոլցո» ռազմագործողության ընթացքում խորհրդային և ադրբեջանական զինվորականների, ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործած հանցանքները փաստագրելու ուղղված՝ ԱԺ հանձնաժողովի փորձերը մատնվեցին անհաջողության:
Պատկան բոլոր մարմիններից ստացվեց նույնաբովանդակ պատասխան. «Արխիվներում ձեր պահանջին վերաբերող նյութեր չկան»:
Քանի որ լսումները նախաձեռնել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հարկադրված էի առանձնազրույցներ ունենալ ԼՂՀ գլխավոր դատախազի, ՆԳ նախարարի և ԱԱԾ տնօրենի հետ: Պատասխանը մեկն էր. «1991 թվականի տարեվերջին Ստեփանակերտից հեռացող ադրբեջանական Կազմկոմիտեն, արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը, ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ քննչական խումբը ոչնչացրել կամ իրենց հետ տարել են բոլոր արխիվային նյութերը»:
Ըստ էության, «Կոլցո» ռազմագործողության մասին ԼՂՀ իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն փաստական ոչ մի նյութ չեն պահպանել կամ, կարելի է ենթադրել, քաղաքական ղեկավարությունը չցանկացավ, որ Խորհրդային Միության զինվորականների, ՆԳՆ և ՊԱԿ համակարգի աշխատակիցների հանցավորությունն ապացուցող փաստերը խորհրդարանական հանձնաժողովին հասանելի լինեն, քանի որ Ազգային ժողովը դրանք կարող էր հրապարակել, հասցնել հանրությանը և միջազգային իրավապահ կազմակերպություններին:
Նախաձեռնությունը մարվեց, մեկ-երկու նիստից հետո հանձնաժողովն ստիպված էր դադարեցնել գործունեությունը: Այդ ընթացքում պատգամավորները հանդիպեցին «Կոլցո» ռազմագործողությունից տուժած տասնյակ անձանց և եկան եզրակացության, որ այդ մարդկանց օրենքով պետք է տրվի բռնադատվածի կարգավիճակ: Հարկ եղավ այս անգամ էլ հաղթահարել կառավարության չկամությունը:
Օրենքն ի վերջո ընդունվեց, սկսվեց մարդկանց տառապանքը. բռնադատվածի կարգավիճակ տրամադրելու համար պետք է ներկայացվեր ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում էլ պարզվեց, որ ԼՂ ՆԳ մարմինները նույնիսկ ադրբեջանցիների և խորհրդային զինվորների կողմից հայազգի անձանց առևանգումները չեն հաշվառել:
Ահա այսպիսի «անփութություն» և այդ մասին տասնամյակների լռություն է իշխել Ստեփանակերտում, որտեղ ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ քննչական խմբի անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի «Ապստամբ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը երբ կազմակերպվեց, միայն տողերիս հեղինակն ընդվզեց, որ դա նշանակում է արդարացնել դժնի գեներալ Սաֆոնովին, իսկ Գեղամ Բաղդասարյանը հեղինակի ազգանունը հրապարակային գրեց «Կրովոպուսկով»: Բայց նա իշխանությունների կողմից արժանացավ մեծ պատիվների:
Այդ լռության բումերանգն է, որ Բաքուն մեզ վերադարձնում է՝ օրակարգ բերելով Հայաստանում «թաքնվող ռազմական հանցագործներին հանձնելու» թեման:
Բաց մի թողեք
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին
Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության դեմ շինծու դատավարությունը
Խայտառակ վիճակ Գառնու տաճարի պատմական բաղնիքում․ Լուսանկար