10/03/2025

Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել …

Այլևս անհերքելի փաստ է. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև համագործակցությունը, միասնականությունը  իշխանության դեմ պայքարում անհնարին է:

Երկրորդ և երրորդ նախագահների միջև այրվել են բոլոր հնարավոր ու անհնար կամուրջները: Վերջին շաբաթներին նախագահների թիմերի ներկայացուցիչները միմյանց հասցեին տարատեսակ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրին, իրար վրա բարդեցին «Նիկոլին իշխանության» բերելու հանգամանքը:

Մինչ աշխարհաքաղաքական բուռն զարգացումներին, տարածաշրջանում տիրող անորոշությանը, երկու նախագահները փոխարենն իշխանությունից ազատվելու ելքեր փնտրելուն, պայքարում են իրար դեմ….

Բայց ես այստեղ պետք է տարբերվեմ նրանց դասեր տվողներից, նրանցից միասնականություն ու համերաշխություն պահանջողներից, այն անձանցից, ովքեր մեծ ու կուռ ճանապարհ անցած, փորձառու նախագահներին փորձում են բացատրել, թե որքան վնասակար է հավաքական ընդդիմության պառակտումը, և որքան շատ է այդ ամենից շահում Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի հետ միասին:

Այսօր համացանցը ողողվեց ՔՈ անդամ Միքայել Նահապետյանի փառահեղ գրառմամբ, որտեղ երիտասարդ քաղաքական գործիչը հստակ որակումներ տվեց արցախցիների և հայ ռազմագերիների հասցեին վայրահաչողների մասին:

Նրա հոդվածը փայլուն ուղեցույց էր հայ քաղաքացու համար` ինչո՞ւ հույսեր չկապել նման փայլուն միտք ունեցող, ազնիվ երիտասարդների հետ:

Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և 70 տարին բոլորած Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել այն, ինչը իրենք առնվազն 2018-ից հետո պետք է հասկացած լինեին:

Առհասարակ ինչո՞ւ բաց չենք թողնում նրանց, ովքեր անկարող են հասկանալ այս պարզ իրողությունները: