«Ի՞նչ է՝ հավերժ թշնամի՞ լինենք, դուք չե՞ք ուզում, որ մենք բնականոն հարաբերություններ հաստատենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»: Մոտավորապես այսպիսի «փաստարկներով» է կռիվ տալիս նիկոլականների «կրթված» մասը:
Չեմ բացառում, որ Փաշինյանի ընդդիմախոսների մեջ կան նաեւ «հավերժ թշնամության» կողմնակիցներ: Բայց իմ կարծիքն այլ է: Ես կողմ եմ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն: Պարզապես վստահ եմ, որ Անկախության հռչակագիրը չեղարկելը, Արարատից հրաժարվելը, Ցեղասպանությունը ուրանալը ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ հարաբերությունների բարելավմանը:
Մենք, այո, կարող ենք լինել նորմալ հարեւաններ («բարի», «ջերմ» հարեւաններ, ենթադրում եմ, մոտակա տասնամյակներում չենք լինի): Դրա համար անհրաժեշտ է մի բան՝ որ այդ հարեւաններին քաղաքական եւ ռազմական առումով ձեռնտու չլինի մեզ վրա հարձակվել: Ով պետք է ապահովի այդ քաղաքական եւ ռազմական անվտանգությունը:
Բնականաբար, առաջին հերթին մեր բանակը եւ մեր դիվանագիտությունը: Եթե ավելի խորը գնանք, ապա հասարակությունը պետք է մոտիվացիա ունենա՝ պաշտպանելու իր պետությունը: Անհավատության, նիհիլիզմի, սեփական ինքնության եւ արժանապատվության մերժման մթնոլորտում նման մոտիվացիա չի առաջանում:
Բայց, բացի այդ ամենից, մեր նման պետությունը պետք է ունենա հզոր դաշնակիցներ, որպեսզի հիշյալ հարեւանները հնարավորություն չունենան հարձակվելու: Ռուսաստանից մենք հիասթափվել ենք, եւ դրա համար, ճիշտն ասած, բոլոր հիմքերն ունենք: ԱՄՆ-ին մենք ակնհայտորեն չենք հետաքրքրում: Բացառման սկզբունքով մնում է Եվրոպան:
Բայց եկեք տեսնենք, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում: Այդ երկրում հաստատված թրքամետ ռեժիմը (ըստ էության, Թուրքիան) ալեվիների, քրիստոնյաների եւ շիաների սպանդ է իրականացնում: Ինչպես է դրան արձագանքում Եվրամիությունը:
Ամեն ինչում մեղավոր են… «նախկինները», այսինքն՝ տվյալ դեպքում Ասադի ռեժիմը: Այդ ռեժիմը բռնապետական էր, իսկ հիմա, երբ Սիրիայում իշխանության են եկել սուպերդեմոկրատները, «նախկինները» խոչընդոտում են այդ երկրում ժողովրդավարական դրախտի կառուցմանը:
Իհարկե, չեմ պատրաստվում ԵՄ-ին ինչ-որ բանում մեղադրել՝ Բրյուսելն իր հաշվարկներն ունի. հիմա, Թրամփի հետ մի փոքր «թարսվելուց» հետո, ԵՄ-ն (եւ Բրիտանիան) իրենց հայացքներն ուղղում են դեպի Թուրքիան եւ արաբական նավթային միապետությունները:
Նորմալ է, միայն թե՝ ժողովրդավարության մասին խոսակցություններն են մի տեսակ ոչ պատեհ: Բայց մեզ համար առավել կարեւոր է այն, որ ԵՄ-ն շահագրգռված չէ հակազդելու Թուրքիայի փաստացի ագրեսիային Սիրիայի դեմ եւ այդ երկրի քաղաքացիների բնաջնջմանը կրոնական եւ էթնիկ հիմքով:
Դա պետք է, որ մեզ համար դաս լինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
«Պայծառ ժողովրդավարական ապագայի» խորհրդանիշ ու մարմնավորում, մնացել է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն միացել է «չարերի» ճամբարին
ՀՀ կառավարման համակարգը Հայաստանում միապետական է եղել առաջ եւ այդպիսին է հիմա
Պատերազմ բիզնեսի և քաղաքացու դեմ․ Էլինար Վարդանյան