Այն, ինչ կատարվում է քաղաքականության մեջ, ընկերաբանները բաժանում են երեք տեսակի.
1/ գործողություններ, որոնց իմաստը կա՛մ անմիջապես, կա՛մ էլ որոշ ժամանակ անց պարզ է դառնում,
2/ ազդակներ, ազդանշաններ, որոնք գործնական առումով ինչ-որ բան են նշանակում, բայց մեկնությունները կարող են տարբեր, անգամ տարաբեւեռ լինել,
3/ խորհրդանիշներ, ժեստեր, որոնք ոչ մեկի վրա ոչ մի պարտականություն չեն դնում, սակայն ցանկության դեպքում կարող են մեկնաբանվել որպես ազդանշաններ:
Խորհրդանշական «ժեստերը» ավելի շուտ բնութագրում են իրենց հեղինակներին, բայց հստակ ուղերձ չեն պարունակում: Օրինակ, երբ հայտնի քաղաքական գործչի մայրը երկու ձեռքերով միջնամատ է ցույց տալիս ընդդիմադիր ցուցարարներին, դա որեւէ ուղերձ չէր պարունակում, բայց բնութագրում էր այդ կնոջ աշխարհընկալումը:
Հասկանալ, թե որն է ազդակը, իսկ որը՝ խորհրդանիշը, թեեւ բարդ է, բայց հնարավոր է: Օրինակ, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քնքշորեն գրկում է Զելենսկուն կամ Փաշինյանին, դա ինքնին խորհրդանիշ է:
Սակայն դա կարող է ազդակ դառնալ, եթե Ֆրանսիան Հայաստանին կամ Ուկրաինային տրամադրի այնպիսի զենք, որը հնարավորություն կտա արդյունավետ ձեւով պատերազմել արտաքին ագրեսիայի դեմ: Իսկ ահա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ մեր երկիրը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, ա՛յ, դա արդեն ազդակ է, որը հեշտությամբ է մեկնաբանվում, «կարդացվում». «Մի՛ մեղադրեք, ՀՀ քաղաքացիներ, ձեր իշխանությանը՝ Արցախը հանձնելու մեջ: Արցախը վաղուց արդեն հանձնած-պրծած էր»: Դա միանգամայն համապատասխանում է Հայաստանի իշխանությունների հիմնական քարոզչական թեզերից մեկին: Ինչպե՞ս մեկնաբանել ազդանշանները: Ամեն ինչ, իհարկե, կախված է կողմնորոշումից:
Հիշեցնեմ, որ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ պնդում է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից ստանում է դրական ազդակներ: Որպես օրինակ վերցնենք Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի վերջին հայտարարություններից մեկը, ըստ որի՝ Հայաստանը, եթե իսկապես խաղաղության է ձգտում, պետք է Ադրբեջանին հանձնի «իր մոտ թաքնված ռազմական հանցագործներին»:
Դա, անշուշտ, ազդակ է: Բայց արդյոք այդ ազդակը դրակա՞ն է, թե՞ բացասական: Ինձ համար բացասական է, որովհետեւ Արցախի ազատագրումն ու այնտեղ պետականության ստեղծումն ինձ համար հանցագործություն չէր: Հակառակը, ես դա ընկալում եմ որպես մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը:
Բայց շատ հավանական է, որ դա Փաշինյանի համար դրական ազդակ է, եւ, ըստ նրա, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահին, Սամվել Բաբայանին եւ ուրիշներին թշնամուն հանձնելով, նա մի կրակոցով երկու նապաստակ կսպանի. նախ՝ կազատվի հնարավոր ազդեցիկ մրցակիցներից, երկրորդ՝ կհաճոյանա Ալիեւին:
Կողմնորոշումներն, ինչ խոսք, փոփոխական են: Մի տարի առաջ մեր հասարակության հիմնական մասի համար աշխարհի պատկերը բաժանված էր երկու մասի՝ «առաջադեմ» Արեւմուտքը՝ հանձին Եվրոպայի եւ ԱՄՆ-ի եւ, մյուս կողմից, դաժան բռնապետ Պուտինը:
Այժմ, որպես «պայծառ ժողովրդավարական ապագայի» խորհրդանիշ ու մարմնավորում, մնացել է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն միացել է «չարերի» ճամբարին: Հենց այդ կողմնորոշումից ելնելով է մեր քաղաքացիների մեծամասնությունը մեկնաբանում, կարդում ԱՄՆ-ից եկող ազդակները:
Դա ափսոսանքի է արժանի. այդ ազդակներին արժե ավելի ուշադիր լինել: Դրանցից կարելի է հասկանալ, թե որ ուղղությամբ է գնում աշխարհը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ
Բաց մի թողեք
Եկեք տեսնենք, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում
ՀՀ կառավարման համակարգը Հայաստանում միապետական է եղել առաջ եւ այդպիսին է հիմա
Պատերազմ բիզնեսի և քաղաքացու դեմ․ Էլինար Վարդանյան