13/03/2025

… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»

Մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրիի ավագանու ընտրությունները: ՔՊ-ն եւ դրա ղեկավարը միացրել են իրենց մշտական փչացած ձայնապնակը՝ «նախկին թալանչիների» թեմայով: Սակայն «քյաբաբ առ քյաբաբի», «յաշիկ առ յաշիկի» երկացանկը կարող է այս անգամ չաշխատել: Պատճառները երկուսն են:

Նախ՝ դասական հետխորհրդային բյուրոկրատ Սարիկ Մինասյանը զուրկ է որեւէ խարիզմայից: Երկրորդ՝ 7 տարի նույն ուղերձը հռետորական նույն հնարքներով կրկնելը չի կարող մարդկանց չհոգնեցնել: ՔՊ-ն քարոզչության հույսին չի մնացել: Դրա զինանոցում կան հին, փորձված, «ավանդական» մեթոդները:

Ի՞նչ է նշանակում՝ մարզպետը դառնում է իշխանության թեկնածուի շտաբի պետ: Շատ պարզ բան: Որ Գյումրիի բոլոր պետական կառույցներին, որոնք կախված են մարզպետից՝ մասնավորապես, դպրոցները, մանկապարտեզները, պոլիկլինիկաները, հիվանդանոցները աշխատելու են իշխանության թեկնածուի համար: Որովհետեւ մարզպետը նրանց «վզին» դնելու է ձայներ բերելու պլան. եթե չկատարեն՝ կտուժվեն: Որովհետեւ վարչապետն իր հերթին մարզպետի վրա է հրամայական պարտականություն դնելու, եւ եթե Սարիկը քաղաքապետ չդարձավ, մարզպետը, մարզպետարանի աշխատակիցները եւ բոլորը, ում ուղղված է ՔՊ հաղթանակի հրահանգը, խիստ պատիժ են կրելու, ընդհուպ մինչեւ SMS ստանալը:

«Հանուն նախկինների չվերադառնալու վերջին կռվին» մասնակցելու են, բնականաբար, հարկայինը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, հարազատ սոցապը եւ այլն: Ես եւ մյուս լրագրողները տասնամյակներ շարունակ գրում էինք այդ «ընտրական մեխանիզմների» մասին: «Ավանդական» պատասխանը հետեւյալն է. ապացույցներ բերեք: Ապացույցներ բերվում են: Բայց դրանք տարբեր տեսակի, ավելի ճիշտ՝ տարբեր քաշի են լինում:

Երբ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը բերեց այդ ապացույցները, դա շատ բարձր «հնչեց»: Բայց երբ Երեւանի ավագանու վերջին ընտրությունների հետ կապված նույն կազմակերպության կողմից նման բացահայտում եղավ, դրա վրա ոչ ոք առանձնապես ուշադրություն չդարձրեց: Ամեն ինչ, հավանաբար, կախված է միջազգային համապատասխան կազմակերպությունների եւ դեսպանատների աջակցությունից:

Մյուս «ավանդական» արդարացումն ավելի զավեշտալի է. «Ես արձակուրդի մեջ եմ եւ իրավունք ունեմ զբաղվել քարոզչությամբ»: Ո՞ւմ են դրանով խաբում: Եթե մարզպետը, նախարարը կամ վարչապետն արձակուրդի մեջ են, նրանց իշխանական լծակները նույնպե՞ս արձակուրդ են գնում:

…Ի՞նչ տարբերություն՝ «նախկինները» վերադառնալու են, թե չէ, եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am