15/03/2025

Ալիևը միջնորդ է դարձել ԱՄՆ – ՌԴ բանագնացների համար

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի մասնավոր ինքնաթիռի Բաքվի «Հեյդար Ալիև» օդանավակայանում վայրէջքի մասին տեղեկավտությունից ավելի քան տասը ժամ անց Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցը կարծիք է հայտնել, որ պատճառ կարող էր հանդիսանալ պատժամիջոցը, որ Ռուսաստանի քաղավիացիայի մարմիններին արգելում է երկրի ցանկացած օդանավակայանում տեխզննել և վերալիցքավորել ամերիկյան օդանավերը:

Նույն սահմանափակումը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ԱՄՆ-ում կիրառվում է ռուսական ինքնաթիռների նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Վիտկոֆի ինքնաթիռը Բաքվից թռել է Թուրքիա և ժամը 1-ին արդեն գտնվել է Տրապիզոնի օդային տարածքում: Ադրբեջանական լրատվամիջոցի այս վարկածը կարող էր վստահություն ներշնչել, եթե չլիներ երկու հանգամանք: ՌԻԱ-Նովոստին բացահայտել է, որ Վիտկոֆը Մոսկվա է թռել Կատարից, բայց Թուրքիայի օդային տարածքից անցել է Բուլղարիա, հասել Մերձբալթիկա և նոր միայն վայրէջք կատարել «Վնուկովոյում»:

Բաքուն ներկայացնում է այնպես, որ այդ կարգի օդանավերի սպասարկման ամենահարմար վայրը «Հեյդար Ալիև» օդանավակայանն է, որտեղ Վիտկոֆի ինքնաթիռը վերալիցքավորվել է, որպեսզի վերադառնա ԱՄՆ: Իսկ մի՞թե եվրոպական որևէ երկրում նման հնարավորություն չկար կամ նրանք «հրաժարվել են» սպասարկել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի ինքնաթիռը:

Կամ ի՞նչ պատժամիջոցի մասին կարող է խոսք լինել, եթե Վիտկոֆը Կրեմլում ամենաբարձր մակարդակի ընդունելության է արժանացել, իսկ նրա ինքնաթիռը «Վնուկովոյում» կանգնել է ուղիղ տասներեք ժամ:

Ներկայացնելով Վիտկոֆի օդանավի՝ Բաքվում վայրէջք կատարելու պատճառի վարկածը՝ լրատվամիջոցը, այնուամենայնիվ, նկատել է տալիս, թե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների միջև որևէ շփման մասին առայժմ տեղեկություն չկա:

Ըստ էության՝ դա Վիտկով-Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ հանդիպման անուղղակի հաստատում է: Դիտարժան է, որ հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնության առթիվ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի արձագանքը հաջորդել է Մոսկվայում Պուտին-Վիտկոֆ հանդիպմանը, իսկ Հայաստանի վարչապետը նույն հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ:

Բաքուն, ըստ երևույթին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ շփումը չի հրապարակայնացնում՝ զգուշանալով, որ նախնական, այսպես ասած, «ճանաչողական քննարկումները» կարող են հետագա զարգացում չունենալ կամ Վաշինգտոնը ներկայացրել է «բարդ խնդիր», որի պատասխանը պահանջում է «տնային աշխատանքի» որոշակի ժամանակ:

Ամեն դեպքում, կարծես, Վիտկոֆի օդանավը Բաքվում վերալիցքավորելու վարկածը չաշխատող է, որովհետև եթե համեմատում ենք վայրէջքի և թռիչքի ժամանակները, ապա ստացվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն «օդանավակայանի սպասասրահում» առնվազն չորս ժամ է անցկացրել: Իսկ դա ոչ միայն անհավանական, այլև լիովին բացառված է:

Մնում է հասկանալ՝ Ալիևի ներկայացուցիչները Վիտկոֆին «Հեյդար Ալիև» օդանավակայանո՞ւմ են հանդիպել, թե՞ նա, այնուամենայնիվ, այդ ընթացքում մեկնել է Բաքու: