Մտածումներս Ռուբեն Վարդանյանի մարտի 5-ի ուղերձի շուրջն են: Հարթ չէ այն ճանապարհը, որ խոշտանգումներով անցնում են մեր ռազմաքաղաքական գործիչները Բաքվի մեկուսարանում, բայց նաեւ որքա՜ն հպարտանալու առիթ է տալիս մեզ նրանց հաստատակամ կեցվածքը, ոմանց խոսքը կեղծ դատավարական նիստերում:
Մենք գիտենք՝ ով է Ռուբեն Վարդանյանը, բայց թշնամու որջում հացադուլ հայտարարած Մարդն իրեն համարում է «աշխարհի մարդ, երջանիկ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող եւ հավատով առ Աստված»:
Նա գիտի, որ իր հայրենակիցները մտքերով, աղոթքներով, նամակներով իրեն աջակցում են, գիտեն` ինչ է կատարվում գերիների նկատմամբ, գիտի, որ այստեղ անտարբեր չենք։ «Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս տեղն է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով պինդ՝ ինչպես երբեք»:
Վարդանյանը ներողություն է խնդրում սիրելի կնոջից, ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց ցավ ու հուզմունք է պատճառել իր ընդունած որոշմամբ` հիշեցնելով. «…դուք գիտեք, որ մեզանից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, եւ ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում»:
Ընտրած ճանապարհը, որ հացադուլի մեջ է գտել՝ «բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատավարությունը»:
Այսպես է նա իր ընտրած ճանապարհով գիտակցված պայքարի գնում։ «Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է… Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք արհեստավարժորեն, բաց ու հրապարակավ, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային ԶԼՄ-ների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրեք»:
Ամեն ինչ ասված է նրա ուղերձում, երբ ոտնահարված մարդկային իրավունքների մասին է բարձրաձայնում. «Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները… Եթե դատում եք՝ ճիշտ դատեք»: Նրա խոսքն ուղղված է իր բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց, ովքեր մտահոգված են գերիների ճակատագրով, բայց նաեւ խոսքն այլ ուղղվածություն ունի, թե ինչ նպատակ է հետապնդում թշնամին։
«Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ է ողբերգությունը, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:
Նա պատրաստ է ամենածանր պատժին, միայն թե մեկ մարդու զոհաբերությունն օգներ խաղաղության վերջնական հաստատմանը. «Ինձ մեղադրում են ամեն ինչում… խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու անդորրի հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու եւ դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջեւում են»:
Վարդանյանը գիտակցված եկավ Արցախ՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն. «Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի՝ ինչի եմ գնում»:
Ոչ մի գերի կամ պատանդ չի կարող հավանական համարել շղթաներից զերծ ազատությունը, երբ կարող է նաեւ հակառակը լինել. «Չգիտեմ՝ ես կունենա՞մ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե՝ ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբեւէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներո՛ղ եղեք… Նաեւ ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի…»։
Միայն ուժեղ կամքի տեր Մարդը կարող էր նման ուղերձներով ուղղորդել, ուսուցանել եւ իրեն երջանիկ համարել. «Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզանով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:
Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին՝ դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. «մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում եւ պարում մեր պարերը»:
Այո’, կորցնելուց հետո առավել շատ ենք զգում, որ մենք երջանիկ էինք Արցախում, անգամ շրջափակման օրերին, երբ գիտեինք, որ անվտանգ է կյանքը, մեր վաղվա օրը՝ անորոշ…
Նա այսօր էլ մեզ սովորեցնում է՝ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել: Պետք է լավատես լինել ու հավատալ, հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները՝ մեծ հույս ունենալով, որ ապրելու ենք մեր հայրենիքում, հարեւանների հետ խաղաղությամբ»:
Այս ուսուցողական դասն էլ՝ ստորագրությամբ «հարց լուծողներին». «Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված»։
Հավատանք ՄԵԾ ՀԱՅԻ խոսքին, որ «լոխ լյավա ինիլու», ուրեմն հուսանք՝ մեր բոլոր գերիները կվերադառնան մի օր, որպեսզի վերընձյուղվի տունդարձի հույսը դեպի հայրենիք:
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Ի՞նչ խաղ են ուզում խաղալ այս կամ այլ արտաքին ուժերը Հայաստանի գլխին
Գյումրիի և Փարաքարի ընտրությունը ստանում է որոշակի «հատկանշականություն»